Հոլանդիայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը, համագործակցությամբ Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիայի հետ, փետրվարի 27-ին Հաագայում կազմակերպեցին բողոքի ցույց՝ Ադրբեջանի դեսպանության առջև։ Ցույցը, որն արդեն ավանդական է դարձել, ամեն տարի այս օրը տեղի է ունենում 1988 թվականի Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը հարգելու, ինչպես նաև, որպես բողոքի արտահայտություն Ադրբեջանի ագրեսիայի դեմ։
Հոլանդիայի տարբեր վայրերից ժամանած հայորդիներ նախ քայլարշավով անցան Հաագայի փողոցներով, ապա հասնելով Ադրբեջանի դեսպանատուն, հանրահավաք գումարեցին։ Հանրահավաքի ժամանակ հնչեցին Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը քննադատող ելույթներ և հստակ ազդակ հաղորդվեց Ալիևի իշխանությանը, որ Արցախի հայ ազգաբնակչությունն իր ազատամարտում միայնակ չէ և հարկ եղած դեպքում կստանա հոլանդահայության անվերապահ աջակցությունը։
Նույն օրը տեղի ունեցավ հանդիպում Հոլանդիայի արտգործնախարարության Հարավային Կովկասի պատասխանատու՝ տիկին Սխոլթենի հետ։ Բովանդակալից զրույցի ընթացքում արտահայտվեցին բազմաթիվ մտքեր և մտահոգություններ Արցախի հակամարտության վերաբերյալ։ Հոլանդահայության պատվիրակությունը հատկապես կարևորեց հոլանդացիների աշխույժ մասնակցությունը Եվրամիության կազմում, երբ հնարավորություն կա դերակատար լինել Մինսկի խմբի գործնեության մեջ։ Դրանից բացի, երկկողմ հարաբերությունների ժամանակ Ադրբեջանի հետ, անհրաժեշտ է անպայմանորեն հիշեցնել այդ երկրի իշխանությանը՝ նրա վարած հայատյացության քաղաքականության և ոչ կառուցողական դիրքորոշումների մասին՝ Արցախի հակամարտության խաղաղ կարգավորումը խափանելու ուղղությամբ։ Տիկին Սխոլթենը ուշադրությամբ լսեց և շնորհակալություն հայտնեց դիրքորոշման պարզաբանման համար։ Հոլանդացիները, ըստ նրա, շատ սահմանափակ դեր ունեն հակամարտության կարգավորման մեջ, սակայն բոլոր առիթները կօգտագործվեն հակամարտող կողմերին բանակցությունների սեղանի մոտ բերելու և ռազմական գործողությունները բացառելու համար։ Նա նաև կարևորեց հոլանդահայության աշխուժությունը և դեպքերին աչալուրջ հետևելու պատրաստակամությունը։
Հոլանդիայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի նախագահ՝
Մասիս Աբրահամյան