«alikonline.ir» – Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ, Կովկասի հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի, Իրան-Հայաստան բարեկամութեան միութեան եւ Իրան-Հայաստան առեւտրի պալատի համագործակցութեամբ, երէկ՝ դեկտեմբերի 17-ին կազմակերպւել էր քննարկում՝ «Իրան-Հայաստանի յարաբերութիւններ. Առիթներ եւ խոչընդոտներ» թեմայով:
Նախաձեռնութիւնը կոչւած էր վեր հանելու Իրան-Հայաստանի յարաբերութիւնների կարեւորութիւնը, դրանց հեռանկարները, զարգացման միտումներն ու առկայ խոչընդոտները: Երկխօսութեանը մասնակցում էին Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Կարէն Խանլարեանը, Իրանի ԱԳ նախարարութեան Կովկասի վարչութեան պետ Մոհսէն Ֆաղանին, Իրան-Հայաստան բարեկամութեան միութեան նախագահ Մոհամմադ Ռեզա Դամաւանդին, Կովկասի եւ կենտրոնական Ասիայի հարցերով աւագ փորձագէտ Վալի Քուզեգար Քալեջին, Կովկասի հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի տնօրէն Մեհդի Հոսէյնի Թաղիաբադը, «alikonline»-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարեանը եւ համալսարանի դասախօս, զբօսաշրջութեան ոլորտի մասնագէտ Գրիգոր Ղազարեանը:
Ներկաների թւում էին նաեւ ԱԳ նախարարութեան Ռուսանտանի վարչութեան պետ Դեմիրչին ու Թուրքիայում եւ Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Բիգդելին:
Աւելի քան երեք ժամ տեւած խիստ հետաքրքիր եւ օգտաշատ քննարկումն ընթացաւ երկու բաժնով: Առաջին բաժնում մասնակիցները հիմնականում անդրադարձան Իրան-Հայաստան քաղաքական եւ տնտեսական յարբերութիւններին, դրանց նաշանակութեանը երկու երկրների արտաքին քաղաքականութեան համատեքստում: Անդրադարձ եղաւ տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային ուժերի ազդեցութեանը դրանց վրայ: Վերհանւեցին երկու երկրների յարաբերութիւններում առկայ բացթողումներն ու այն խոչընդոտները, որոնք խանգարում են երկկողմ յարաբերութիւնների ընդլայնմանը: Մասնակիցները հայ-իրանական յարաբերութիւնները քննարկեցին նաեւ Հայաստանի 2018 թւականի իրադարձութիւններ եւ իշխանափոխութեան համատեքստում, փորձելով ուրւագծել դրանց հնարաւոր զարգացումներն այդ ֆոնին:
Յատուկ անդրադարձ եղաւ ԼՂ հակամարտութեանը, դրա ազդեցութեանը երկու երկրների յարաբերութիւնների վրայ եւ Իրանի դիրքորոշմանն ու դերակատարութեանը հիմնահարցի խաղաղ կարգաւորման գործում:
Չշրջանցւեցին նաեւ մեդիա ոլորտի հիմնահարցերը: Մասնակիցները յատուկ կարեւորեցին երկու երկների ԶԼՄ-ների միջեւ ուղղակի կապի ձեւաւորման եւ համագործակցութեան անհրաժեշտութիւնը, նշելով, որ դա մեծապէս կարող է նպաստել երկկողմ յարաբերութիւնների ամրապնդմանը:
Քննարկման երկրորդ բաժինը հիմնականում վերաբերում էր երկու երկրների միջեւ զբօսաշրջային յարաբերութիւններին, առկայ վիճակին, հնարաւորութիւններին ու հեռանկարներին եւ խանգարող հանգամանքներին: Նախ զեկոյցով հանդէս եկաւ ոլորտի մասնագէտ, համալսարանի դասախօս Գրիգոր Ղազարեանը, որից յետոյ ծաւալւեց թեմային վերաբերող քննարկում՝ եզրակացնելով, որ ոլորտն ունի զարգացման մեծ հեռանկարներ եւ ներուժ եւ մեծապէս կարող է նպաստել երկրու երկների առեւտրա-տնտեսական յարաբերութիւնների ծաւալների կտրուկ աճին:
Նշենք, որ քննարկումը վարում էր Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսակ Իւնանէսեանը: