Չնայած ադրբեջանական կողմի ճնշումներին` Ֆրանսիայում կան քաղաքապետեր, ովքեր Արցախի կողքին են. ֆրանսիացի պատգամավոր

Հայտնել էինք, որ սեպտեմբերի 25-ին Արցախի Բերձոր և Ֆրանսիայի Արֆորվիլ քաղաքների միջև վերաստորագրվել է բարեկամության հռչակագիր: Այսօր Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Լյուկ Կարվունասի և Արֆորվիլի քաղաքապետ Միշել Ժերշինովիչի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Միշել Ժերշինովիչը լրագրողների հետ զրույցում պատմեց, թե ինչպես տեղի ունեցավ Բերձորի հետ բարեկամության պայմանագրի ստորագրման գործընթացը : «Իմ նախորդը, ով Արֆորվիլի քաղաքապետն էր, իսկ հիմա պատգամավոր է, կարողացել էր կապեր հաստատել և ստեղծել այս բարեկամության համաձայնագիրը Բերձորի հետ, որի համար մենք շատ գոհ ու երջանիկ ենք»,- ասաց նա:

Yerkir.am-ի հարցին` ադրբեջանական կողմը նորմալ չի վերաբերվել այս բարեկամական գործընթացին, փորձել է ճնշումներ գործադրել, նաև Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունը, կարծես, դատական գործընթաց է սկսել, սրան ինչպե՞ս է արձագանքել ֆրանսիական կողմը, Ժերշինովիչը պատասխանեց. «Այո, մենք ճնշումների ենք ենթարկվել ադրբեջանական կողմից, Ադրբեջանն իրավաբանական գրասենյակի միջոցով ցանկանում էր ճնշումներ գործադրել Արֆորվիլի վրա, բայց մենք չենք զիջել և դիմակայել ենք ու հիմա արդեն ստորագրել ենք այդ բարեկամության համաձայնագիրը»:

Նա նաև ասաց, որ դա իր առաջին այցը չէր Արցախ: «Տպավորությունս այն էր, որ հանդիպեցի ժողովրդի, որը քաջ է և ցանկանում է պայքարել իր ապագայի համար: Մենք մտադիր ենք կոտրել Արցախի ժողովրդի մեկուսացումը»,- ասաց Արֆորվիլի քաղաքապետը:

Նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Լյուկ Կարվունասն էլ լրագրողներին ասաց, որ խոր բարեկամական կապեր կան Հայաստանի և Ֆրանսիայի միջև: «Մենք` ֆրանսիացիներս, հայերի, Հայաստանի, հիմա նաև Արցախի և Բերձորի հետ ունենք առաքելություն` ստեղծել երկխոսություն և միասին ծրագրեր իրականացնել»,- ասաց նա:

Ֆրանսիացի պատգամավորի խոսքով` այն, որ Արֆորվիլի նման քաղաքը ստորագրել է բարեկամության հուշագիր Բերձորի հետ, դա քաղաքական գործընթաց է, և երբ ադրբեջանական կառավարությունն իր իրավաբանների միջոցով ճնշում է գործադրում Արֆորվիլի վրա, դա նույնպես քաղաքական գործընթաց է: «Չնայած այս ճնշումներին` Ֆրանսիայում կան քաղաքպետեր, ինչպիսին է Արֆորվիլի քաղաքապետը, ովքեր Հայաստանի և Արցախի կողքին են»,- ասաց նա:

Իսկ թե ի՞նչ ծրագրեր պետք է իրականացվեն Բերձորում, պատգամավորն ասաց, որ ցանկանում են սկսել մշակութային ծրագրերից:

Նա նաև նշեց, որ Հայաստանում իրողություններ են փոխվել: «Ֆրանսիան Մինսկի խմբի անդամ է, և Հայաստանում այս նոր իրողության հետ կապված հույս ունենք, որ կարող ենք մի փուլ առաջ անցնել Արցախի ճանաչման հարցում»,- ասաց նա:

Նշենք, որ պատվիրակության կազմում են Ալֆորվիլի քաղաքապետարանի աշխատակիցներ և ՀՅԴ Ֆրանսիայի ներկայացուցիչներ:

Բերձորի հռչակագիրը նախաստորագրվել էր 2017 թ. նոյեմբերի 20-ին, այդ կապակցությամբ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանությունը մեծ աղմուկ էր բարձրացրել և դատական գործ հարուցել։ Ալֆորվիլի այն ժամանակվա քաղաքապետ Լյուկ Կարվունասը սեփական նախաձեռնությամբ սկսեց Բերձորի հետ բարեկամության պայմանագիր ստորագրելու գործընթացը: Նա Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահն է և Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ։

Ալֆորվիլը «քույր քաղաքը» պայմանագիր ունի նաև Արագածոտնի մարզի Օշական համայնքի հետ: Պատվիրակությունը Ծիծեռնակաբերդ այցից հետո մեկնեց Օշական:

Yerkir.am

Արցախի Բերձոր և Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքների միջև մշակութային և այլ ծրագրեր կիրականացվեն

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Լյուկ Կարվունասի և Ալֆորվիլի քաղաքապետ Միշել Ժերշինովիչի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 27-ին այցելեց Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Պատվիրակության կազմում էին նաև Ալֆորվիլի քաղաքապետարանի աշխատակիցներ և ՀՅԴ Ֆրանսիայի կառույցի ներկայացուցիչներ:

«Այստեղ Հայաստանի ողջ պատմությունն է: Հիշում եմ`երեք տարի առաջ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ այցելեցինք Ծիծեռնակաբերդ: Մենք`ֆրանսիացիներս, մեր առաքելությունն ենք համարում երկխոսություն հաստատել, համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանի, հիմա նաև Արցախի հետ», – ասաց Լյուկ Կարվունասը:

Նա շեշտեց, որ երկու օր առաջ եղել է Արցախում և տեսել, որ Արցախի նախագահը, [արտգործնախարարը], ԱԺ նախագահը և Բերձորի քաղաքապետը համագործակցության հետ կապված մեծ սպասելիքներ ունեն:

Կարվունասի խոսքով` Ալֆորվիլի և Բերձորի միջև բարեկամության հռչակագրի ստորագրումը քաղաքական գործընթաց է: «Երբ Ադրբեջանը իրավապահների միջոցով ճնշում է գործադրում Ալֆորվիլի վրա, դա նույնպես քաղաքական գործընթաց է: Չնայած այդ ճնշումներին` Ֆրանսիայում կան քաղաքապետներ, որոնք Հայաստանի և Արցախի կողքին են, և մենք հույս ունենք Բերձորի հետ մշակութային համագործակցություն իրականացնել, համայնքային կառավարման տեսանկյունից մեր փորձը փոխանցել նրանց և երկարատև նախագծեր կյանքի կոչել», – ընդգծեց պատգամավորը:

Լյուկ Կարվունասը շեշտեց, որ երեկ հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ: «Խոսել ենք Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության, Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասին: Հայաստանում իրողությունները փոխվում են, և ես հույս ունեմ, որ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի անդամ, կարող է հաջողության հասնել Արցախի ճանաչման հարցում», – եզրափակեց պատգամավորը:

Ալֆորվիլի քաղաքապետ Միշել Ժերշինովիչն ասաց, որ գոհ ու երջանիկ է Բերձորի հետ բարեկամության հռչակագրի ստորագրության կապակցությամբ: «Մենք ճնշումների ենք ենթարկվել Ադրբեջանի կողմից, բայց չենք զիջել, դիմակայել ենք և ստորագրել այս համաձայնագիրը», – փաստեց քաղաքապետը:

Անդրադառնալով Արցախ կատարած այցին` նա նշեց, որ հանդիպել է ժողովրդի, որը քաջ է ու ցանկանում է պայքարել իր հույսի, ապագայի համար:

Հայաստան ժամանած հյուրերը սեպտեմբերի 25-ին Բերձորում մասնակցել են Բերձորի և Ալֆորվիլի բարեկամության հռչակագրի ստորագրության արարողությանը։ Հռչակագիրը նախաստորագրվել էր 2017 թ. նոյեմբերի 20-ին՝ տեսակապի միջոցով։ Այս կապակցությամբ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանությունը մեծ աղմուկ էր բարձրացրել և դատական գործ հարուցել։ Ալֆորվիլի նախկին քաղաքապետ Լյուկ Կարվունասը սեփական նախաձեռնությամբ սկսեց Բերձորի հետ բարեկամության պայմանագիր ստորագրելու գործընթացը: Նա Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահն է և Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ։ Ալֆորվիլը «քույր քաղաքի» պայմանագիր ունի նաև Արագածոտնի մարզի Օշական համայնքի հետ, որտեղ պատվիրակությունն այցելելու է Ծիծեռնակաբերդ այցից հետո:

1in.am