Այսօր, ի տարբերություն նախորդ երկու հետաձգումների, երբ կոնկրետ ժամկետ էր նշվում, հարցի քննարկումը հետաձգվեց անժամկետ:
Երեկ երեկոյան բանակցություններ էին տեղի ունեցել «Մերեց» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Տամար Զանդբերգի և կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների պատգամավորների, Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնի միջև:
]
Իսրայելի արտգործնախարարությունն ու կոալիցիոն կուսակցությունների պատգամավորներն առաջարկել էին փոփոխություն մտցնել «Մերեց»-ի ներկայացրած օրինագծի մեջ՝ «Հայոց ցեղասպանություն» ձևակերպումը փոխարինել «Հայկական ողբերգություն» ձևակերպմամբ:
Տիկին Զանդբերգը կապ էր հաստատել Հայ Դատի Երուսաղեմի գրասենյակի պատասխանատուներից մեկի՝ պատմական գիտությունների դոկտոր Ժորժետ Ավագյանի հետ:
Տիկին Ժորժետը «Ազատությանը» պատմեց, որ Զանդբերգն իրեն փոխանցել է Էդելշտեյնի և արտգործնախարարության ներկայացուցիչների առաջարկը և նրանց պնդումը, որ ձևակերպման փոփոխությունը չկատարելու դեպքում բանաձևը չի ընդունվի:
Ժորժետ Ավագյանը գիշերը զրուցել է նաև Հայ Դատի գրասենյակի ատենապետ Հակոբ Սևանի հետ, այլ մարդկանց հետ, և որոշել են չընդունել առաջարկը:
Տիկին Ավագյանին զանգահարել է Իսրայելի արտգործնախարարության մի աշխատակից՝ փորձելով ապացուցել, թե «նախապես դրական կլինի «ողբերգության» ճանաչումը»:
«Ասացի՝ մենք խաղալիք չենք, չենք ուզում», – պատմեց տիկին Ժորժետը՝ հավելելով, թե Տամար Զանբերգի հետ որոշել են երկու շաբաթ հետո հանդիպել ու քննարկել հետագա անելիքը:
Իսրայելական լրատվամիջոցներն առանձնապես չեն արձագանքել կատարվածին: Ինտերնետային կայքերից մեկը մեծ հոդված է հրապարակել՝ «Փորքիկ քաղաքականություն» խորագրով: Հոդվածը փոխանցում է հայկական համայնքի և հրեա պատգամավորների հայտարարությունները: Խիստ քննադատությամբ են հանդես եկել Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միությունը և «Նոյյան տապան» հայկական կրթական-մշակութային կենտրոնը՝ նշելով, թե իրենք ճիշտ էին ներկայացրել իրավիճակը․ – «Վկայակոչելով Թուրքիայի նախագահական ընտրությունները, հրեական իշխանությունները խնդրել էին հետաձգել մեր բանաձևի քննարկումը, բայց ո՛չ դրանից առաջ, ո՛չ էլ հետո կառավարությունը չունեցավ խիզախություն քննարկել մեր բանաձևը»: Միությունները կրկին պահանջում են հանգիստ թողնել սրբադասված հայ նահատակների շիրիմները և չօգտագործել բանաձև «կեղտոտ քաղաքական խաղերում»:
Հոդվածագիրը նաև նշում է, որ Տամար Զանդբերգը հրաժարվել է փոփոխություն կատարել բանաձևում, և գրում, թե անգամ «ողբերգություն» կամ «հայ ժողովրդի դեմ կատարված վայրագություններ ձևակերպումներով բանաձևի ճանաչումը կարելի էր համարել «կոնկրետ դրական քայլ» Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհին:
Տիկին Զանդբերգը իր ֆեյսբուքյան էջում երեկ հետևյալ գրառումն է արել․ – «Ծանր սրտով ես ստիպված եմ հետ կանչել Հայոց ցեղասպանության ճանաչման առաջարկս: Ցավոք, չնայած թուրքական ընտրություններին վերաբերող խոստումներին ու արդարացումներին, կոալիցիան հրաժարվում է աջակցել ճանաչման առաջարկին: Հետևաբար ես այլընտրանք չունեմ․ պետք է այն հետաձգեմ և քննարկումը տեղափոխեմ մեկ այլ օր: Այս կառավարությունը ուժեղ է խոսքերով, բայց կրկին պարզվում է, որ դա միայն փոքր քաղաքականություն է: Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջարկը պատմական արդարություն է, որը կտրված է բոլոր քաղաքականություններից, և ես ցավում եմ, որ կոալիցիան չգիտեր, թե ինչպես պետք է վեր բարձրանար այդ քաղաքականությունից»: