Հայոց Ցեղասպանության 103-երորդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ Սանկտ-Պետերբուրգում

Հայոց Ցեղասպանության 103-երորդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Սանկտ-Պետերբուրգում ս.թ. ապրիլի 24-ի կեսօրին Սանկտ-Պետերբուրգի Վասիլեոստրովսկի շրջանի «Կամսկի» այգում գտնվող Կոմիտաս Վարդապետի հուշարձանին ծաղկեպսակներ և ծաղիկներ դրվեցին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության, Սանկտ-Պետերբուրգի կառավարության, Սանկտ-Պետերբուրգում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչության, Սանկտ-Պետերբուրգում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, Սանկտ-Պետերբուրգի զինվորական ակադեմիաներում ուսանող հայ սպաների և զինվորների և հայ համայնքի կողմից:
]

Այնուհետև Սբ. Կատարինե Հայ Առաքելական եկեղեցում մատուցվեց պատարագ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակներին, որից հետո եկեղեցու բակում համայնքի երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները մոմերով խաչ պատրաստեցին, որը կոչված էր հավերժացնելու ցեղասպանության զոհերի հիշատակը:

Մոմավառությունից հետո Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցու բակում տեղի ունեցավ հանրահավաք:

Հանրահավաքին ելույթներով հանդես եկան Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, Սանկտ-Պետերբուրգում հույների, հրեաների, եզդիների, ասորիների և այլ համայնքների ներկայացուցիչներ, հասարակական և մշակույթի գործիչներ:

Իր ելույթում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը անդրադառնալով 1915 թվականի Ցեղասպանությանը դատապարտեց Թուրքիայի իշխանությունների ժխտողականության քաղաքականությունը և շեշտեց, որ նմանօրինակ հանցագործությունները ժողովրդի, ազգի, մարդկության դեմ պետք է ժամանակին իրենց արժանի գնահատականը ստանան համայն մարդկության կողմից: Գլխավոր հյուպատոսը դատապարտեց նաև Ադրբեջանի ներկա իշխանությունների անհեթեթ հայտարարությունները Երևանի վերաբերյալ: Գլխավոր հյուպատոսը նշեց նաև, որ Թուրքիան շարունակելով իր ժխտողական քաղաքականությունը ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, այսօր էլ բացահայտորեն հովանավորում և խրախուսում է Ադրբեջանի կողմից բռնի ուժով արցախյան խնդիրը լուծելու տարբերակը: