ՀՅԴ Միջմարմնական խորհրդաժողովի մասնակիցները հանդիպեցին երիտասարդներին

Արցախում կայացած ՀՅԴ միջմարմնական խորհրդաժողովի մասնակից անդամներից Վարանդ Փափազյանը (ԱՄՆ), Բենյամին Պչաքճյանը (Լիբանան), Եղիասբեթ Չուլջյանը (ԱՄՆ), Կարո Մատենլյանը (ԱՄՆ) երեկ հանդիպեցին ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներին:

Ընկերները ներկայացրին արտերկրում Հայ Դատի գործունեությունը, Արցախի հիմնախնդրի հետ կապված իրենց աշխատանքների մանրամասնություններ:

Եղիսաբեթ Չուլջյանը, ով երկար տարիներ աշխատում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակում, երիտասարդներին ներկայացրեց ադրբեջանական եւ թուրքական՝ օրըստօրե ակտիվացող լոբբինգի դեմ Հայ Դատի գրասենյակի կողմից իրականացվող հակաքայլերի մասին: Ի հակառակ նրան, որ Ադրբեջանն ու Թուրքիան վիթխարի ֆինանսական միջոցներ են ներդնում հակահայկական քարոզչություն իրականացնելու, պատմությունը խեղաթյուրելու համար, առ այսօր Հայ Դատի գրասենյակներին հաջողվել է իր գրագետ ու համակարգված գործունեության շնորհիվ հակազդել ադրբեջանաթուրքական լոբբինգին:

“Մեզ ուժ ու եռանդ է տալիս այն հանգամանքը, որ հազարավոր հայ մարդիկ մեր կողքին են և կիսում են մեր գաղափարներն ու մտահոգությունները: Դրա համար՝ նույնիսկ ամենադժվարին պահին, որ նույնիսկ թվում է ելք չկա այլեւս, հետ քայլի իրավունք չենք վերապահում մեզ եւ պայքարում ենք մինչեւ վերջ”,- ասաց Եղիսաբեթ Չուլջյանը:

Ելույթներից հետո ծավալվեց երկխոսություն: Երիտասարդներն իրենց մտահոգող հարցերն ուղղեցին ընկերներին, մասնավորապես՝ հայրենադարձության, Հայ Դատի աշխատանքներին արցախցի երիտասարդ մասնագետների ներգրավվածության, երկու հայկական հանրապետություների ներքին խնդիրների մասին:

Մուրադ Թոփալյանը, ով երկար տարիներ ակտիվորեն ներգրավված էր Հայ Դատի տարբեր աշխատանքներում, վստահություն հայտնեց, որ Հայ Դատի վերջնական լուծումը, Արցախյան հարցի կարգավորումը երիտասարդ սերնդի ձեռքերում է:

“ Մեր երազը՝ Ազատ, Անկախ, Միացյալ Հայաստանը, բարձր տեղ է, սակայն անհասանելի չէ: Դուք եք մեր նորագույն պատմության կերտողը, մեր հեղափոխությունը, քանզի միայն զենքով չէ հեղափոխությունը, այլեւ այն ապրելու ձեւ է”,- դիմեց նա երիտասարդներին:

ԱՊԱՌԱԺ

Եղիասբեթ Չուլջյան, Կարո Մատենլյան, Բենյամին Պչաքճյան, Մուրադ Թոփալյան
Մուրադ Թոփալյան իր խոսքն է ուղղում երիտասարդներին