Նիդերլանդներում Հայոց ցեղասպանությանն առնչվող երկու նախագծերը կքննարկվեն մինչև խորհրդարանի գարնանային արձակուրդը

Նիդերլանդներում շրջանառության մեջ դրված Հայոց ցեղասպանության առնչությամբ օրենքների նախագծերը կքննարկվեն մինչև խորհրդարանի գարնանային արձակուրդը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը, նախագծերը խորհրդարանը դեռ չի ընդունել: Փետրվարի 15-ին նախատեսվում էր խորհրդարանում պատգամավորական հարց ու պատասխանի ժամ, որտեղ նորից քննության առարկա պետք է լինեին Հայոց Ցեղասպանությանն առնչվող նախագծերը։

«Քննարկումը նախատեսված էր, սակայն այն հետաձգվել է: Կարծում ենք, որ մինչ խորհրդարանի գարնանային արձակուրդը՝ մոտ երկու շաբաթից, այդ նախագծերը կքննարկվեն: Ինչ վերաբերում է շրջանառվող տեղեկություններին, թե Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է, ապա կարծում եմ, որ որոշ լրատվամիջոցներ շտապողականություն են ցուցաբերել: Նման որոշում առայժմ թղթի վրա առկա չէ»,-ասաց Մասիս Աբրահամյանը` ավելացնելով, որ խորհրդարանի պատգամավորների շրջանում ներկայացված նախագծերի հետ կապված ընդհանուր առմամբ կա դրական տրամադրվածություն, փորձագետներն ու օրենսդիրները կասկած չունեն, որ նախագծերն ընդունվելու են:

«ԱՐՄԵՆՊՐԵՍ»