(tert.am) Հայ-թուրքական արձանագրություններն առոչինչ կհայտարարվեն, եթե նախագահ Սերժ Սարգսյանն իր հայտարարությունը կյանքի կոչի: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ խոսելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարության մասին, որ Հայաստանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը ոչ մի նշանակություն չի ունենա իրենց համար:
Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան ի սկզբանե Հայաստանի հետ հարաբերություններ կառուցելու հարցում ունեցել է իր նախապայմանը, որը կապված է Արցախյան հիմնախնդրի հետ և որ «առանց Հայաստանի կողմից այդ նախապայմանների կատարման՝ երկու երկրների միջև երկխոսությունն անհնարին է»:
Հարցին՝ արդյոք այսպիսով Անկարան պատասխանե՞ց նախագահ Սերժ Սարգսյանի վերջնաժամկետին, թե՞ «մենք 2018 թ. գարուն ենք մտնելու առանց այդ սին արձանագրությունների», Կիրո Մանոյանը պատասխանեց, որ սեպտեմբերին, երբ Հայաստանի նախագահը հնչեցրեց այդ միտքը, Թուրքիան անտեսեց այն և պատասխանեց միայն վերջերս:
«Թուրքիան ասում է, որ Հայաստանի հետ հարաբերություններ ուզում է, բայց միաժամանակ ուզում է, որ Ղարաբաղի հարցը լուծվի այնպես, ինչպես Ադրբեջանն է ցանկանում: Հետաքրքիր է, որ սեպտեմբերին, երբ մեր նախագահն այդ հայտարարությունը հնչեցրեց, Թուրքիայից դրան չարձագանքեցին, իսկ հիմա արձագանքում են, և դա նշանակում է, որ նախագահի հայտարարությունն իրենց համար ճնշում է եղել»,- ասաց նա:
Կիրո Մանոյանը նշեց, որ Թուրքիայի քաղաքականությունը հետևյալն է՝ կա՛մ անտեսել Հայաստանից հնչող հայտարարությունները, կա՛մ խեղաթյուրել դրանք: «Երբ առաջարկվեց պատմաբանների հանձնաժողով կազմել, նրանք պատասխանեցին միայն մի քանի օր հետո»,- հիշեցրեց նա:
Հարցին՝ ո՞րն է լինելու այս արձանագրությունների ճակատագիրը, Մանոյանը պատասխանեց. «Եթե Հայաստանի նախագահի ասածը պետք է լինի, ուրեմն առոչինչ կհայտարարվեն: Ի՞նչ է փոխվել, որ Թուրքիան իր կեցվածքը փոխի»: