(norjugha.ir) Նախաձեռնութեամբ Հայ Դատի «Արձագանգ» քարոզչական յանձնախմբի ու համագործակցութեամբ Նոր Ջուղայի «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի տնօրինութեան եւ ուսուցչական կազմի, չորեքշաբթի՝ դեկտեմբերի 13-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում կայացաւ Ջաւախքին նւիրւած գիտելիքների մրցոյթ՝ «Արմէն» կրթահամալիրի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ դասարանների աշակերտութեան մասնակցութեամբ: Որպէս հանդիսատես աշակերտներին խրախուսեցին շրջանի Հայ Դատի յանձնախմբի անդամները եւ մասնակից դպրոցի տնօրինութիւնը, ուսուցչական կազմն ու ծնողները:
Իրաւարար կազմի պատասխանատու աշխատանքն ստանձնել էին՝ Նոր Ջուղայի մանկապարտէզ-նախակրթարանի տնօրէն Քառոլին Դիլանչեանն ու «Արմէն» կրթահամալիրի հայերէն առարկաներ դասաւանդող ուսուցչուհի Սքարլետ Հայրապետեանը: Մրցոյթը վարեց Վանա Շիրւանեանը:
Ծրագրին մասնակցող 74 աշակերտները բաժանւել էին 12 խմբերի միջեւ: Սկզբում խմբերի ներկայացուցիչների ներկայութեամբ տեղի ունեցաւ վիճակահանութիւն, ուր ճշտւեց մրցոյթում խմբերի մասնակցութեան հերթականութիւնը: Առաջին նախնական փուլում միմեանց հետ մրցակցեցին «Աստղիկ», «Արծիւ», «Արարատ», «Մասիս», «Արագած» եւ «Ասպետ», իսկ երկրորդի ընթացքում՝ «Երեւան», «Սասուն», «Նեմրութ», «Անի», «Ջաւախք» եւ «Արցախ» խմբերը: Նախնական փուլերի աւարտին քանի որ «Ասպետ», «Նեմրութ» եւ «Ջաւախք» խմբերը համահաւասար նիշեր հաւաքելով միասնաբար հանդիսացել էին որպէս լաւագոյններ, իրաւարար կազմը յիշեալների համար հնչեցրեց լրացուցիչ հարցեր՝ ճանաչելու եզրափակչի երկու մասնակիցներին: Արդիւնքում «Նեմրութ» եւ «Ասպետ» խմբերը յաջողեցին թեւակոխել եզրափակիչ փուլ, ուր առաւելագոյն նիշերը հաւաքեց «Նեմրութ»-ը եւ հանդիսացաւ մրցոյթի յաղթողը: «Նեմրութ»-ին անդամակցում էին՝ Լուսին Տէր-Մկրտչեանը, Անայի Խաչեանը, Լեմուէլ Թահմազեանը, Սերինէ Յակոբեանը, Ադելինա Յարութիւնեանը եւ Դաւիթ Արքա Պօղոսեանը:
Հարցերի շարանում ընդգրկւած էին Ջաւախքի աշխարահագրականից եւ պատմականից, անւանի ջաւախքցիների կենսագրականից, ընդհանուր գիտելիքներից ու տարրական բաժնի մայրենի գրքերից հարցեր. նախատեսւել էին նաեւ սուդուքու խաղի, փազելի եւ հայրենասիրական երգի կատարման բաժինները: Ջաւախքին առնչւող հարցերը կազմւել էին Կազմակերպիչ յանձնախմբի կողմից աշակերտներին տրամադրւած՝ սոյն շրջանը ծանօթացնող գրքոյկից: Անցկացւած բոլոր փուլերի ընթացքում ակնյայտ էին մասնակիցների միջեւ տիրող ընկերական, առողջ մրցակցութեան եւ խանդավառ մթնոլորտն ու նրանց պատրաստւածութիւնը:
Վերջում Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Վահէ Թորոսեանի, «Արմէն» կրթահամալիրի տնօրէններ՝ Վրէժ Շիրւանեանի ու Արսինէ Դաւթեանի եւ «Արձագանք» քարոզչական յանձնախմբի պատասխանատուներ՝ Միգանուշ Տէր-Մարտիրոսեանի ու Անդրուհի Ջաւահիրեանի միջոցով գնահատագրեր շնորհւեցին բոլոր մասնակիցներին, իսկ պարգեւատրւեց յաղթող խումբը:
Յատկանշական է, որ հարցաշարի կազմելու գործում իրավարար կազմի հետ համագործակցել էր «Արմէն» կրթահամալիրի հայերէնի ուսուցչուհի Անահիտ Օհանեանը, իսկ մրցոյթի համակարգչային ձեւաւորումներն իրականացրել էր Վերգինէ Միրզախանեանը:
Թղթակից (Նոր Ջուղա)