(1in.am) «Թրամփի կեցվածքի մեջ կա հակասականություն, ինչը՝ զարմանալի չէ։ Հակասականությունն այն է, որ այս ձևով են փորձում նպաստել խաղաղության հաստատմանը։ Երկու-երեք կետ կա, որ պետք է ոչ ուղղակիորեն վերցնենք իր ասածից, այլ ընդհանուր մոտեցումը նկատի ունենանք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։
Ըստ մեր զրուցակցի՝ ուշագրավ է այն հանգամանքը, որ Թրամփը նշում է, որ 20 տարուց ավելի նույն բանաձևով հնարավոր չէ տեղ հասնել։ «Ուրեմն իրավիճակի մեջ փոփոխություն մտցնելու համար այս քայլին է գնում։ Երկրորդ, ասում է՝ ամերիկյան արտաքին քաղաքականությունը հիմնված էսկզբունքային իրատեսության վրա։ Այսինքն՝ ինչ-որ սկզբունքներ կան, բայց կա նաև իրատեսության հարց։ Խոսքն այս դեպքում Երուսաղեմին չի վերաբերում, բայց Արցախի հարցով մենք պետք է բարձրաձայնենք՝ չի կարելի, որայսքան տարի Արցախի հարցում բանակցություններ լինեն, Ադրբեջանը համառի, պատանդ պահի բանակցությունները, իսկ միջազգային համայնքն այդ ուղղությամբ քայլեր չձեռնարկի՝ այնպես, ինչպես Կոսովոյի հարցում»,-ասաց Մանոյանը։
Մեր այն դիտարկմանը, որ վերջին շրջանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ փորձեր է անում ներգրավվել նաև Թուրքիան, Կիրո Մանոյանն արձագանքեց. «Թուրքիան միշտ փորձել է ներգրավվել, բայց եթե փոփոխություն կա ինչ-որ մեկի կեցվածքի մեջ՝ ես կասեի Ռուսաստանի, որ, այսպես ասած, «տոն չի տվել» Թուրքիայի ասածներին։ Եթե սրանից առաջ եղել է, որ Ռուսաստանն ասել է, որ կարելի է նաև ձեր հետ քննարկել, հիմա այդպես չի ասում։ Բայց Թուրքիա-Ռուսաստան մերձեցումը մեզ համար պետք է զգոնության ազդանշան լինի, այժմ խիստ մտահոգվելու պատճառ չունենք, բայց եթե հարաբերություններն այսպես զարգանան ու, ի վերջո, դառնան ռազմաքաղաքական դաշնակցային՝ դա կդառնա նաև մտահոգիչ մեզ համար»։
Արդյոք այդ դեպքում պետք է վերանայենք նաև հայ-ռուսական հարաբերությունները, հարցին ի պատասխան, Մանոյանն ասաց. «Նայած թե Ռուսաստանը ինչ կեցվածք կունենա։ Մենք պետք է զգոն լինենք, հաճախ ասում են՝ պատմությունը կրկնվում է։ Ես շատ հակված չեմ մտածել, որ նույնությամբ ամեն ինչ կրկնվում է, բայց գոնե պատմական փորձը ցույց է տալիս, որ երբ Ռուաստանն ու Թուրքիան սերտ հարաբերություններ են ունենում՝ վճարողը մենք ենք եղել, դրա համար անհրաժեշտ է, որ զգոն լինենք։ Զգոն լինել՝ չի նշանակում Ռուսաստանի փեշերից քաշել, այլ մենք պետք է հնարավորինս կարողանանք մեր սեփական ոտքերի վրա կանգնելով մեր հարցերը լուծել»,- ընդգծեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: