(yerkir.am) ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՄԱԿ-ի ամբիոնից հնչած` ՀՀ նախագահի և Ադրբեջանի նախագահի ելույթներին:
Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից երկու հիմնական հարցերի մասին խոսեց` Արցախի և Թուրքիայի հետ 2009 թվականին ստորագրված արձանագրությունների: Մանոյանը կարևորեց նախագահի այն շեշտադրությունը, որ Արցախի հարցի կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի ինքնորոշման ճանաչման և անվտանգության երաշխիքների վրա:
Ինչ վերաբերում է նախագահի այն հայտարարությանը` մինչև գարուն Հայաստանն առոչինչ կհայտարարի այդ արձանագրությունները, քանի որ դրանք սին են, նա դա նույնպես կարևորեց, բայց միևնույն ժամանակ նշեց. «Մենք ասել ենք, կրկնում ենք, որ սա նույնիսկ ուշացած քայլ է, որովհետև Թուրքիան այս ամբողջ ընթացքում ցույց տվեց, որ ինքն անկեղծ չէր այդ բանակցությունների հարցում և հիմնական նախապայման էր դնում Արցախի հարցը: Դրա համար էլ արձանագրությունը առոչինչ հայտարարելու համար կարիք չկա նույնիսկ մինչև գարուն սպասել»:
Ալիևի ռազմատենչ ելույթի վերաբերյալ Մանոյանն ասաց, որ համաձայն չէ, թե դա արվել է ներքին լսարանի համար, ապա ընդգծեց, որ այդ ելույթը պետք է օգտագործել և ստորագրել ՀՀ և ԱՀ ռազմաքաղաքական պայմանագիրը:
«Այդ հայտարարությունն առիթ էր: Տակավին ուշ չէ, և այդ առիթը կարելի է օգտագործել ու ՀՀ-ԱՀ ռազմաքաղաքական պայմանագիրը ստորագրել, որն անցած տարվա ապրիլից հանձնարարվել է նախագահի կողմից, և որը պատրաստվել է: Անհրաժեշտ է դա ստորագրել` ցույց տալու համար` չի կարելի այսպիսի բաներ անել»,- ասաց բանախոսը:
Մանոյանի կարծիքով` դա նշանակում է, որ Ալիևը կարող է լուրջ գործողությունների դիմել, և դա միայն այդ հայտարարության կոնտեքստով չպետք է նայել: «Այն ամբողջ պատրաստվածությունը, որ իրենք տանում են Նախիջևանում, Հայաստանի հետ սահմանային շրջաններում, Արցախի հետ շփման գծն, այդ բոլորը վկայում են այն մասին, որ իրենք պատրաստվում են ինչ-որ մեծ ռազմական գործողության»,- ասաց նա, ապա հավելեց, որ դա չի նշանակում, որ անպայման կսկսվեն ռազմական գործողություններ:
Ինչ վերաբերում է Ալիևների ընտանիքի պահվածքին ՄԱԿ-ում, ապա, Մանոյանի կարծիքով, նրանք իրենց խայտառակեցին: «Դա իրենց պրոբլեմն է, բայց այն, որ ամեն ինչ Ադրբեջանում պտտվում է Ալիևի ընտանիքի շուրջ, մեկ անգամ ևս հաստատվեց»,- շեշտեց նա:
Միջնորդները նախագահների ևս մեկ հանդիպում կազմակերպելու ճիգ են գործադրում. Կիրո Մանոյան
Այսօր ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը լրագրողներին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Արցախի հարցի կարգավորման էությանը չի անդրադարձել: «Անկախ նրանից` ադրբեջանական կողմն ինչ է հայտարարում, այդ հանդիպման ժամանակ Արցախի հարցի կարգավորման էությանը չեն անդրադարձել»,- ասաց նա:
Նախագահների հանդիպումը, Մանոյանի կարծիքով, ևս հարցի էությանը չի անդրադառնա: «Դա, կարծում եմ, վերջին ճիգն է միջնորդ պետությունների կողմից, որպեսզի մինչև նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտն այդ մեկ հանդիպումը ևս լինի, նրանց նպատակն այդ հնարավորությունն օգտագործելն է»,- ասաց նա, ապա հավելեց, որ ապրիլից հետո, անկախ նրանից` ով կլինի Հայաստանի վարչապետը, կարող է իրավիճակ փոխվել, այն իմաստով, որ խորհրդարանը ևս իր ասելիքը կունենա կառավարության որդեգրվելիք կեցվածքի հարցում: