ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻՆ ՀԱՄՈԶԵԼԸ ԵՂԱՎ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՃԻԳԻ ԱՐԴՅՈՒՆՔ

Օրերս Շվեյցարիայի կառավարությունը որոշում կայացրեց բողոքարկել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խնդրահարույց վճիռը, որով արդարացվել էր Շվեյցարիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար դատապարտված թուրք գործիչ Դողու Փերինչեքը:
Թեմայի շուրջ զրուցեցինք ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԻ հետ։

-Արդարացնելով Փերինչեքին՝ ՄԻԵԴ-ը ապացուցեց, որ ընտրողաբար է վերաբերվում մարդու արտահայտվելու իրավունքին, այսինքն` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեական հանցագործություն չի համարում, այն դեպքում, երբ Հոլոքոստի ժխտումը քրեորեն պատժելի արարք է: Ձեր գնահատականը:
-Այո, ՄԻԵԴ-ը նման որոշմամբ տարբերակում դրեց Հայոց ցեղասպանության ու Հոլոքոստի միջեւ: Դատավարության մյուս ամենամեծ թերությունը նաեւ այն էր, որ Փերինչեքը կարծես գտնվում էր ոչ թե դատարանում, այլ գիտաժողովում։ Նրա հայտարարությունը, թե հայերի ցեղասպանությունը համաշխարհային սուտ է, ՄԻԵԴ-ը այսպես մեկնաբանեց` թուրք գործիչը չի ասել, որ տեղահանություն, ջարդեր չեն եղել, այլ ասել է` «այդ դեպքերը» 1948-ի Կոնվենցիայի համաձայն ցեղասպանություն պետք չէ բնութագրել:

-Ասել էիք, թե Շվեյցարիային համոզելը` բողոքարկել ՄԻԵԴ-ի որոշումը, եղել է համազգային ճիգի արդյունք: Կարո՞ղ եք փոքր-ինչ բացել փակագծերը, թե ի՞նչ փաստարկներով հաջողվեց Շվեյցարիային համոզել:
-Որոշ քայլերի մասին հրապարակավ ասվել է, խոսքս վերաբերում է մեր կաթողիկոսների դիմումին, ակտիվ աշխատել են նաեւ մեր համայնքները, Հայ Դատի հանձնախմբերը 13 երկրներում հանդիպումներ են ունեցել Շվեյցարիայի դեսպանատների հետ:
Հայկական կողմի հիմնական փաստարկը եղել է հետեւյալը. անկախ նրանից՝ սա խոսքի ազատության հարց է թե ոչ, ՄԻԵԴ-ի որոշման մեջ կան ցեղասպանության փաստը խնդրո առարկա դարձնող հաստատումներ: Հետեւաբար Շվեյցարիայի բարի ցանկությունները վատ արդյունք կտան, եթե վճիռը չբողոքարկվի: Շվեյցարիայի իշխանություններին է փոխանցվել նաեւ միջազգային իրավագետների տեսակետը` ՄԻԵԴ-ի կայացրած վճռի թերի կողմերի ու բողոքարկման հիմքերի մասին:
Եղել են այլ աշխատանքներ եւս, այդ թվում՝ նաեւ լուրջ դերակատարում է ունեցել մեր պետությունը:

-Եթե հայկական կողմն այս անգամ հնարավորություն ունենա մասնակցելու դատական գործընթացին, ըստ ձեզ, ո՞ր փաստերի վրա պետք է սեւեռի դատարանի ուշադրությունը: Օրինակ, Արա Պապյանը երկու առաջարկ է անում. ա) վիճարկել օրենքի խտրականության հարցը, բ) իբրեւ կարեւոր նախադեպեր վեր հանել այն փաստը, որ բազմաթիվ մարդիկ են դատապարտվել Հոլոքոստը ժխտելու համար:
-Եթե դատարանը որոշի լսել շահագրգիռ կողմերին (բացառված չէ, որ բավարարվի իր ձեռքի տակ եղած փաստերով ու դռնփակ քննարկում անցկացնի, այդ դեպքում հայկական կողմը հնարավորություն չի ունենա մասնակցելու), ապա ձեր նշածների հետ միաժամանակ պետք է շեշտենք երկու կարեւոր հանգամանք:
Նախ՝ Փերենչեքի ու նրա նմանների քայլերը միտված են հայության հանդեպ ատելության սերմանմանը: Երկրորդ՝ պետք է հիշեցնենք 1919-20թթ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դատավարության մասին, որը հաստատեց այն փաստը, որ Թուրքիայի կառավարությունը իրականացրել է հայ ժողովրդի ծրագրված ոչնչացում:

-Կա՞ իրավաբանների խումբ, որն աշխատում է խնդրի շուրջ: Եվ առհասարակ, տարիներ շարունակ խոսվում է իրավական փաթեթի ստեղծման անհրաժեշտության մասին, բայց 2015-ի նախաշեմին այն դեռ պատրաստ չէ:
-Մշտապես ՀՅԴ-ի նպատակն է եղել համահայկական համախոհություն ձեւավորել իրավական փաթեթի ստեղծման շուրջ: Ի բարեբախտություն մեզ, 2011-ին ստեղծված պետական հանձնաժողովի անդամները լիովին համակարծիք եղան այս մտքին: Դռնփակ նիստերում լուրջ քննարկում ծավալվեց։ Հանձնաժողովը տվեց իր համաձայնությունը իրավական փաթեթի մի մասի իրականացմանը, որ վերաբերում է Արեւմտյան Հայաստանի եկեղեցապատկան կալվածքների վերադարձին:
Իր հերթին Հայ փաստաբանների համաշխարհային միությունը որոշում կայացրեց ոչ միայն եկեղեցապատկան կալվածքների, այլեւ հատուցման ու իրավունքների հարցում եւս աջակցել որոշ նախագծերի լրամշակմանը: Այսօր Հայաստանում, կարելի է ասել, հավաքված է իրավական մտքի ընտրանին: Դեռ 2008-ին ՀՅԴ-ն եւս ձեւավորել է մասնագետների մի խումբ, որոնք արդեն իսկ մեկ թղթածրար պատրաստել են: Կան այս ուղղությամբ աշխատող անհատներ եւս, եւ մենք ակնկալում ենք, որ 2015-ին ընդառաջ կունենանք այդ իրավական թղթածրարը:

-Հրեաները մի սկզբունք ունեն. պահել Հոլոքոստի բացառիկությունը, եւ քիչ չի խոսվում այն մասին, որ ամերիկյան իրավաբանների, ցեղասպանագետների զգալի մասը, լինելով ազգությամբ հրեա, իրենց լուման ունեն Հայոց ցեղասպանության մասին բանաձեւերի մերժման հարցում: Հրեական լոբբին իրո՞ք այդչափ ազդեցություն ունի:
-Չեմ բացառում, իհարկե, հրեական լոբբիի դերը։ ԱՄՆ-ում կան հրեական կազմակերպություններ, որոնք Կոնգրեսում աշխատում են Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւերի դեմ: Բայց չեմ էլ գերագնահատում նրանց դերը:
Ավելին` սխալ կլինի այս գնահատականը տարածել բոլոր հրեաների վրա, որովհետեւ Հայոց ցեղասպանության վկաների մի կարեւոր մասը` Մորգենթաուից մինչեւ «ցեղասպանություն» բառը ստեղծող Ռաֆայել Լեմկինը, ինչպեսեւ միջազգային իրավունքի շատ ցեղասպանագետներ, լինելով հրեաներ, բարձրացրել ու բարձրացնում են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:
Այսօր Իսրայելում կան հրեաներ, նույնիսկ սիոնիստներ, որոնք համարում են, որ Իսրայել երկիրն ու սիոնիզմը որպես ուղղություն սխալ կեցվածք են ընդունել Հայոց ցեղասպանության հարցում: Ի դեպ, շեշտվում է, որ պետք է ընդունել Հայոց ցեղասպանությունը, որը չպետք է պայմանավորել Իսրայել-Թուրքիա ներկայիս քաղաքական վատ հարաբերություններով, այլ համարել որպես սկզբունքային մոտեցում:

Նախագահ Ս.Սարգսյանը Շվեյցարիայի կառավարության ընդունած որոշումը մի մեծ գործընթացի սկիզբ համարեց, այսինքն՝ առջեւում դեռ շատ անելիք կա: Ի՞նչ հույսեր ունեք, այս անգամ կարո՞ղ ենք Եվրոպական դատարանից արդար վճիռ ակնկալել:
-Ես լավատես եմ, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ ՄԻԵԴ-ի որոշումը միաձայն չի ընդունվել, 7 դատավորներից 2-ը դեմ էին արտահայտվել: Իսկ վճռի փոփոխմանը հասնելու համար պետք է համադրենք մեր համազգային ջանքերը, իրավական ճշգրիտ մարտավարություն որդեգրենք:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ