(norjugha.ir, յուլիսի 6) 16 տարիներ է, ինչ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութիւնը, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան հետ համագործակցաբար, կազմակերպում է Ջաւախքին նւիրւած իր բարեգործական դաշտահանդէսը: Ամենամեայ այս միջոցառման հասոյթը յատկացւում է շրջանի Հայ Դատի յանձնախմբի կողմից ստեղծւած Ջաւախքի հիմնադրամին, որի գումարներից մինչեւ այսօր մի շարք շինարարական եւ վերանորոգման աշխատանքներ են իրականացւել Ջաւախքի տարբեր շրջաններում:
Սոյն բարեգործական դաշտահանդէսն այս տարի իրականացւեց ուրբաթ՝ յունիսի 30-ի երեկոյեան, «Արարատ» միութեան շրջափակում, ուր ժողովուրդն առիթ ունեցաւ վայելելու անակնկալներով լի խանդավառ մթնոլորտը՝ իր բազմատեսակ եւ զւարճալի խաղերով, մրցոյթներով, անուշաբոյր ուտեստներով, ինչու չէ նաեւ հնչող գեղեցիկ երաժշտութեամբ:
Հարկ է նշել, որ կազմակերպիչների գեղեցիկ մտայղացմամբ, այս տարի պատանիների համար տեղի ունեցաւ նաեւ գիտելիքների մրցոյթ, որի արդիւնքում լաւագոյնը ճանաչւեց ու գնահատւեց Արթուր Քամարզարեանը:
Թղթակից (Նոր Ջուղա)