Շվեյցարիան իր օրենսդրությունը պաշտպանելու ճիգ է անում. Կիրո Մանոյան

Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում ողջունում է Շվեյցարիայի կառավարության որոշումը՝ Փերինչեքի գործն ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Գերագույն պալատի վերանայմանը:

«Այս քայլով Շվեյցարիան փաստորեն իր օրենսդրությունը պաշտպանելու ճիգ է անում՝ միաժամանակ ընդառաջելով համայն հայության ակնկալիքներին: Դեկտեմբերի 17-ի ՄԻԵԴ-ի որոշումը բողոքարկելով՝ Շվեյցարիան Հայոց ցեղասպանությանը վերաբերող խնդրահարույց պնդումները սրբագրելու հնարավորություն է ստեղծում: ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ամենուրեք՝ հայության տարբեր հատվածները ներկայացնող այլ կառույցների հետ, դիմել են Շվեյցարիայի իշխանություններին՝ նման որոշում կայացնելու համար»,- ասված է ՀՅԴ հայտարարության մեջ: Միաժամանակ` նշվում է, որ սա այն խնդիրն է, որը «պահանջում է համազգային համախոհություն և հնարավորությունների լարում՝ ցանկալի արդյունքին հասնելու համար»։

Հայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում մեկնաբանեց մարտի 10-ին Ստամբուլի 21-րդ Բարձր քրեական դատարանի կողմից կայացրած վճռի համաձայն՝ «Էրգենեքոնի» գործով կասկածյալ հանդիսացող թուրք ազգայնականներ Դողու Փերինչեքի և Քեմալ Քերինցսիզի ազատ արձակումը:

«Այդ երևույթները մտահոգիչ են, որովհետև Թուրքիայում ամեն ինչ կապում են քաղաքականության հետ, և արդարադատությունը լրիվ, փաստորեն, կախված է քաղաքականությունից: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ այդ ազատ արձակումները զուտ քաղաքական նպատակներ են հետապնդում: Օրենքը նույնիսկ փոխեցին, որպեսզի կարողանան այդ անձանց ազատ արձակել»,- ասաց Մանոյանը:

Հարցին, թե այս զարգացումներին ինչ արձագանքներ կան Սփյուռքից, Մանոյանը պատասխանեց, որ այսօր բավական դժգոհություն կա. մտահոգիչ է փաստը, որ այս ամենով նոր մթնոլորտ է ստեղծվում հենց Թուրքիայում ապրող հայերի համար:

ՍԻՎԻԼՆԵԹ

Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)` «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը բողոքարկելու` Շվեյցարիայի որոշումը հնարավորություն կտա, որպեսզի դատարանի որոշման մեջ Ցեղասպանության մասին վիճահարույց հաստատումները սրբագրելու փորձ արվի. Yerkir.am-ին այսօր ասաց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` դեկտեմբերի 17-ի որոշման մեջ, որով ՄԻԵԴ-ն արդարացրել էր Շվեյցարիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար դատապարտված թուրք քաղաքական գործիչ, Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքին, խնդրահարույց կետեր կային Ցեղասպանության մասին, որոնք, կարելի է ասել, հարցականի տակ էին դնում` 1948 թվականի կոնվենցիայով սահմանված «ցեղասպանություն» տերմինը Հայոց ցեղասպանության վրա տարածվո՞ւմ է, թե՞ ոչ:
Ըստ Մանոյանի` Շվեյցարիային համոզելը, որ անպայման բողոքարկի ՄԻԵԴ-ի որոշումը, համազգային ճիգի արդյունք է` բաներ կան, որ արվել են, բայց որոնց մասին չի խոսվել, սակայն մնացած հանգրվաններն էլ համազգային ճիգ են պահանջում, միասնական աշխատանք:
Թե ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն հայաստանյան ու սփյուռքյան կառույցների կողմից` հաջակցություն Շվեյցարիայի, Կիրո Մանոյանը նշեց, որ դեռ վաղ է դրա մասին խոսել, քանի որ նախ` ՄԻԵԴ-ը պետք է Շվեյցարիայի բողոքն ընդունելու որոշում կայացնի, հետո` որոշի, թե ինչ ձեւաչափով է ընթանալու բողոքի քննարկումը: Դրանից կախված կլինի’ հայկական կողմը` Հայաստանը կամ սփյուռքյան կառույցերը, հնարավորություն կունենա՞ն դատարանում որպես շահագրգիռ կողմ հանդես գալու, թե՞ ոչ:
ՄԻԵԴ-ի կողմից բողոքարկման դիմումն ընդունելու շանսերի կապակցությամբ Մանոյանը նշեց, որ տեսականորեն դա հնարավոր է, որովհետեւ բավական լուրջ խնդիր է, նաեւ հույս հայտնեց, որ բողոքը կընդունվի, քանի որ հենց նույն հիմնավորումներով է հաջողվել Շվեյցարիային համոզել, որ բողոքարկման դիմում ներկայացնի:
Հիշեցնենք, որ թուրք քաղաքական գործիչ, Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը, որին Շվեյցարիայում դատապարտել էին Հայոց ցեղասպանության ժխտման համար, դիմել էր Եվրադատարան: Շվեյցարիայի վերաքննիչ դատարանի կողմից նույնպես մեղավոր ճանաչված Փերինչեքը ՄԻԵԴ-ին ուղղված նամակում փորձել էր պաշտպանվել’ պնդելով, որ խախտվում է խոսքի իրավունքի 10-րդ և «Առանց օրենք չի կարող մեղադրանք լինել» օրենքի 7-րդ հոդվածները: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի’ դեկտեմբերի 17-ի վճիռով Փերինչեքն արդարացվել էր:
Հայաստանի եւ Սփյուռքի բազմաթիվ կառույցներ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը բողոքարկելու հորդորով դիմել էին Շվեյցարիայի կառավարությանը, քանի որ ենթադրվում է, որ այս գործով Եվրադատարանի որոշումը նախադեպ կհանդիսանա մյուս երկրների համար, որոնք ցանկանում են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունել իրենց երկրում:

YERKIR.AM