Գրքի շնորհանդես Մոսկվայում

Մարտի 4-ին Ռուսաստանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Ռուբեն Գալիչյանի “Азербайджанские историко-географические фальсификации” ռուսալեզու գրքի շնորհանդեսը:

Միջոցառմանը ելույթով հանդես եկան ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, «Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յուրի Նավոյանը, ռուսաստանյան Սևծովյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վ. Զախարովը, «Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի» նախագահ Գ. Տրապեզնիկովը, “Армянский принц Манук бей”, “Веапар: Воспоминания о Вазгене Первом”, “Спасенный Римом. Кардинал Григор Аганджанян” ռուսալեզու գրքերի հեղինակ Գոհար Ռշտունին, «Արարատ» մշակութային միության նախագահ Է.Դոլբակյանը, “Հայասա” տեղեկատվական պորտալի գլխավոր խմբագիր Տ. Մանասյանը:

Նաև ելույթով հանդես եկավ գրքի հեղինակը՝ խոսելով Ադրբեջանի կողմից վարվող պատմության խեղաթյուրմանն ուղղված քաղաքականության, դրա ակունքների և նպատակների մասին: Նա նշեց, որ այս գիրքը երկարատև, մանրակրկիտ աշխատանքի արդյունք է և իրենից ներկայացնում է իրական պատմության օբյեկտիվ ներկայացման փորձ:

Միջոցառման մասնակիցների թվում էին նաև անվանի քաղաքագետներ, պատմաբաններ, համայնքային և ռուսաստանյան հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, երիտասարդական կազմակերպությունների, ՌԴ Գրողների միության, մոսկովյան ԲՈՒՀ-րի հայ և այլազգի դասախոսական անձնակազմի, ինչպես նաև հայկական և ռուսաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Տեղեկանք: Ռուբեն Գալիչյանի “Азербайджанские историко-географические фальсификации” ռուսալեզու գրքում մանրամասն ներկայացված են Հարավային Կովկասի պետությունների ձևավորման հիմնական փուլերը՝ տարբեր դարաշրջանների քարտեզների պատկերմամբ և պատմական սկզբնաղբյուրների հղումներով: Աշխատությունը հագեցած է պատմաբանական և էթնոգրաֆիկ նյութերով, ներկայացված է մոտ 45 պատմաբանական մեծ նշանակություն ունեցող քրիստոնյա, իսլամական և հունա-հռոմեական քարտեզների վերլուծություն: