(ԱԼԻՔ ՕՐԱԹԵՐԹ, ապրիլի 27) – Շրջանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ, չորեքշաբթի` ապրիլի 26-ի երեկոյեան ժամը 7:00-ին, Ս. Ամենափրկիչ վանքում, պարսիկ հայրենակիցների ներկայութեամբ, մշակութային միջոցառում իրականացւեց՝ նւիրւած Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցին: Ծրագրին հրաւիրւել եւ ներկայ էին՝ Սպահան քաղաքի 5-րդ շրջանի քաղաքապետ ճրտ. Ֆարհանգը, պետական բարձրաստիճան պաշտօնատարներ, համալսարանների դասախօսներ, ուսանողներ, արւեստագէտ անհատներ եւ այլ հիւրեր: Այս մասին տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:
Սկզբում ներկաները Բիւրաւոր սուրբ Նահատակների յիշատակին՝ ծաղիկներ մատուցեցին յուշարձանին, ապա երեկոյի հաղորդավար Ռուբէն Խաչիկ-Գրիգորեանն անդրադարձ կատարելով Հայոց Ցեղասպանութեան իրողութեանն ու տարածաշրջանի ապակայունացման ուղղութեամբ Թուրքիայի վերջին տարիների գործողութիւններին՝ խաղաղութիւն հաստատւելու համար կոչ արեց համայն աշխարհին ճանաչել ու դատապարտել Հայոց Ցեղասպանութիւնը եւ ցեղասպանից հատուցում պահանջել:
Այնուհետեւ առիթին նւիրւած հայերէն, պարսկերէն եւ անգլերէն լեզուներով երգերի կենդանի կատարմամբ ելոյթ ունեցաւ «Արփա» նւագախումբը՝ դոկտ. Արբի Բաբումեանի ղեկավարութեամբ:
Ծրագրի երկրորդ բաժնում Պոլսի հայերէն «Ակօս» թերթի հետ աշխատակցող, լուսանկարիչ Էռհան Առիքի «Արմատների ցաւը, արմատների կանչը» խորագրով լուսանկարների ցուցահանդէսի մտայղացման եւ բովանդակութեան մասին բացատրութիւններով հանդէս եկան իրանահայ դասախօս-լրագրող Գրիգոր Ղազարեանը եւ նոյն ինքը հեղինակը, ապա ցուցահանդէսի պաշտօնական բացումը կատարւեց թեմիս կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. Վրդ. Քէչէճեանի եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Վահէ Թորոսեանի միջոցով՝ ներկաներին առիթ ընձեռելով դիտելու խորիմաստ հաւաքածոն:
Մանրամասնութիւնները՝ հետագայում:
Լուսանկարիչ՝ «Ֆոտօ Հայկ»