Փետրվարի 28-ին Բուլղարիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Սոֆիայի հայկական գերեզմանատան՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ տեղի ունեցավ Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված ծաղկեպսակների զետեղման արարողություն:
Բուլղարիայի Հայ Առաքելական եկեղեցու տեղապահ Տեր Աբգար վարդապետ Հովակիմյանի կողմից մատուցվեց հոգեհանգստյան պաշտոն:
Ելույթի խոսքով հանդես եկավ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, ով, մասնավորապես, նշեց, որ հայ ազգաբնակչության նկատմամբ դաժանորեն իրականացվեց էթնիկ զտումների, տեղահանման քաղաքականություն և պետականորեն կազմակերպված հանցագործություն: «Միջազգային հանրությունը քաղաքական և իրավական լիարժեք գնահատական դեռևս չի տվել կատարվածին, մինչդեռ ամեն հնարավորն արվեց և արվում է հանցագործությունների հանգամանքները թաքցնելու և իրողությունը խեղաթյուրելու ուղղությամբ», – ընդգծեց դեսպան Սհոյանը:
Ելույթներ ունեցան նաև Հայ դատի հանձնախմբի համանախագահ Վարդանուշ Թոփակբաշյանը և Հայկական բարեգործական ընդհանուր միության Սոֆիայի մասնաճյուղի ատենապետ Սոնյա Ավագյանը:
Նկար՝ Հայ դատի հանձնախմբի համանախագահ Վարդանուշ Թոփակբաշյան