Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանը, հայ համայնքը համախմբելու առաքելութեան շրջանակներում, հանդէս եկաւ նոր նախաձեռութեամբ՝ կազմակերպելով առողջապահական ոլորտի ներկայացուցիչների հաւաքոյթ: Փետրուարի 23ին, աւելի քան 150 բժիշկներ, բուժանձակազմի տարբեր անդամներ, ոլորտի մասնագէտներ, Գլենդելի «Կարուսել» ճաշասրահում առիթ ունեցան ծանօթանալու միմեանց եւ Հայ Դատի աշխատանքներին: «Մեր յանձնախումբը փորձում է հայ համայնքի տարբեր խմբերի հետ առաւել սերտօրէն առնչուել, որպէսզի իրենք տեղեկանան մեր նպատակների ու աշխատանքի մասին, եւ մենք էլ՝ նրանց մօտեցնենք Հայ Դատին ու համայնքին», տեղեկացրեց Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանի ատենապետ Նորա Յովսէփեանը:
Ձեռնարկին ներկայ էին Միացեալ Նահանգների առողջապահական ոլորտի ճանաչուած ներկայացուցիչներ՝ հեղինակաւոր բժիշկներ, հիւանդանոցների ու բժշկական կենտրոնների ղեկավարներ, ովքեր նաեւ աջակցել էին միջոցառման կազմակերպմանը: Երկրի խոշորագոյն եւ մեծ ճանաչում ունեցող «Փրայմ Հելթքեր Մենեջմեն» առողջապահական ընկերութեան նախագահ, բարերար, ազգային գործիչ Մայք Սարեանն իր խօսքում նշեց, որ առողջապահական ոլորտում գործող հայ անհատները պէտք է նեցուկ կանգնեն Հայ Դատին, որովհետեւ այն բոլոր հայերի դատն է: «Հայ բժիշկները, ոլորտում գործող մասնագէտները, եւ ընդհանրապէս՝ մտաւորականները, արուեստագէտները, փաստաբանները, բոլորը ովքեր յաջողութիւնների են հասել իրենց աշխատանքում, կարող են օգտակար լինել Հայ Դատի աշխատանքներին, որ կարեւոր դեր ունի մեր ազգային հարցերն արծարծելու եւ առաջ տանելու հարցում: Ես ինքս միշտ նեցուկ եմ կանգնել ու շարունակելում եմ աջակցել քաղաքական հարցերում մեծ փորձառութիւն ունեցող եւ մեր ազգի շահերի ներկայացման գործում նշանակալի արդիւնքներ ցուցաբերած այս կազմակերպութեանը: Մենք պէտք է յարաբերութիւններ հաստատենք ու աշխատենք կառավարութեան, նոր վարչակազմի հետ, պէտք է նրանց ցոյց տանք մեր ներուժը, ներգրաւուածութիւնը երկրում տեղի ունեցող գործընթացներին: Այդպիսով, ԱՄՆ նոր կառավարութիւնը կը լսի մեր ձայնն ու հաշուի կ՛առնի մեր պահանջները, մենք էլ՝ հնարաւորութիւն կ՛ունենանք նեցուկ կանգնել Հայաստանին, Արցախին, ու հայ համայնքին: Եւ այս աշխատանքը լաւագոյնս համակարգում է հէնց Հայ Դատը», նշեց Սարեանը:
«Գլենդել Ադվենթիստ» բժշկական կենտրոնի փոխնախագահ Ռամելա Մարգարեանն էլ իր խօսքում նկատեց, որ Հայ Դատի յանձնախումբը ներկայացնում է հայ համայնքին առչնուող հարցերի լայն շրջանակ, որին պէտք է տեղեակ լինի ազգայինով ապրող իւրաքանչիւր ամերիկահայ. «Այս հաւաքը լաւագոյն առիթ է առողջապահութեան համակարգում գործող տարբեր մասնագէտների համար ծանօթանալու, եւ քննարկելու համագործակցութեան հնարաւոր ձեւեր, որոնք բարեփոխումներ կ՛առաջացնեն հայ համայնքի կեանքում, ինչպէս նաեւ՝ օգտակար կը լինեն Հայ Դատի աշխատանքներին»:
Ընտանեկան բժշկուհի, «Հելթի Ուէյ» բժշկական կենտրոնի հիմնադիր եւ «Ատվենթիստ» բժշկական կենտրոնի աշխատակցուհի Վիոլետա Մայիլեանն առաջին անգամ էր ներկայ լինում Հայ Դատի ձեռնարկի. «Շատ հետաքրքիր էր ծանօթանալ մեր համակարգում գործող հայերի հետ, տեսնել հին ծանօթների, ու միաժամանակ՝ տեղեկանալ Հայ Դատի գործունէութեանը: Եթէ ազգայինի զգացում ունես, պէտք է որեւէ ձեւով մասնակից լինես հայկական հարցերում, եւ այսօր, Հայ Դատի այս ձեռնարկին ներկայ լինելն էլ ներգրաւման ձեւ է», նշեցին Վիոլետա Մայիլեանն ու ամուսինը՝ «Հելֆի Ուէյ»ի տնօրէն Վահան Յովհաննիսեանը:
«Թոփ Չոյս» տնային առողջապահական կենտրոնի նախագահ Սոնա Ունդժեանն էլ կիսուեց ձեռնարկի շուրջ տպաւորութիւններով. «Շատ ուրախ եմ այսքան հայեր տեսնելու մի վայրում: Մենք կարող ենք օգնել միմեանց, համագործակցել եւ օգտակար լինել նաեւ մեր համայնքին՝ համատեղ նախագծերով: Հաճելի առիթ էր նաեւ տեղեկանալու Հայ Դատի աշխատանքների մասին»: Հոլիվուդում գործող Հարաւային Կալիֆորնիայի հիւանդանոցի տնօրէններից Մերլին Ներսոյեանն էլ ոգեւորութիւնը կիսեց ձեռնարկից, նշելով, որ աջակցել է եւ շարունակելու է նեցուկ լինել Հայ Դատին:
Առողջապահական ոլորտի ներկայացուցիչների հանդիպումը նաեւ լաւագոյն առիթ էր համակարգ նոր մուտք գործող անձանց համար. «Ինձ համար իսկապէս շատ արդիւնաւէտ էր այս օրը. տեղեկացայ, թէ հայազգի որքան ճանաչուած մասնագէտներ ունենք այս ոլորտում, եւ ծանօթացայ բազմաթիւ արհեստավարժների հետ, ովքեր ինձ կ՛օգնեն նաեւ ուղղորդուել աշխատանք գտնելու հարցում: Ես ու ամուսինս նաեւ լսեցինք Հայ Դատի գործունէութեան ու նպատակների մասին, եւ մեր հնարաւորութիւնների սահմաններում պատրաստ ենք այուհետ օգտակար լինել Հայ Դատին», նշեց Մարիամ Դաբաղեանը:
Ձեռնարկը, Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանի՝ տարբեր ոլորտների ներկայացուցիչներին համախմբելու առաջին փորձն էր, որն, ինչպէս տեղեկացրեց Հայ Դատի յանձնախմբի խորհրդի անդամ Սթիւ Արթինեանը, շարունակական կը լինի: «Մենք սկսել ենք ցանցային նախագիծ, որի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ տարբեր մասնագիտութիւնների արհեստավարժներ կը հանդիպեն: Յաջորդ մեր հանդիպումները կը լինեն փաստաբանների, անշարժ գոյքի գործակալների եւ այլ ոլորտների ներկայացուցիչների հետ: Մենք առաջարկում ենք նաեւ փոխշահաւէտ համագործակցութիւն՝ մեր հարթակի միջոցով ներկայացնել տուեալ խմբերին կամ անհատներին հայ համայնքին (կայքերում, սոցիալական դաշտերում տեղադրելով նրանց մասին տեղեկութիւններ), իրենք էլ այսպիսով հանգանակութիւն կ՛անեն մեր կազմակերպութեանը», նշեց Արթինեանը:
Փետրուարի 24ի ձեռնարկին աջակցել էին նաեւ «Դիգնիթի Հելթ Գլենդել Մեմորիալ» հիւանդանոցը, Հայ-ամերիկեան բժշկական միութիւնը, «Փրայմ Հելթքեր» ծառայութիւնը: