(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Սփյուռքահայերը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` սփյուռքահայությանն ուղղված կոչը ողջունելի և գնահատելի են համարում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը նշեց, որ այդ կոչը կարելի է ընկալել որպես բնական շարունակություն ՀՀ Նախագահի` Սփյուռքի մասով հնչած հայտարարությանը, որը հնչեց ՀՀԿ-ի վերջին համագումարին: Այդ ժամանակ Սփյուռքի դերակատարության մասով տրվեցին նոր սահմանումներ:
«Կարծում եմ` արդեն այդ ուղղությամբ ճանապարհ ունենք անցած, տարբեր ոլորտներում սփյուռքահայերի ներգրավման ուղղությամբ համագործակցության տարբեր ձևաչափեր արդեն գործում են: Այս փուլում ես կարևոր եմ համարում սփյուռքահայ կադրերի ներգրավումը հենց տարբեր գերատեսչություների աշխատանքներում, որպեսզի ազդեցություն ունենան որոշումների կայացման գործում»,-ասաց Շահան Գանտահարյանը:
Նրա խոսքով, պատրաստակամությունը կա, մասնագիտական ներուժը՝ նույնպես, պարզապես այդ գործընթացը համակարգել է պետք, անհրաժեշտ է ստեղծել առիթներ սփյուռքահայ կադրերի ուղղակի մասնակցությունն ապահովելու համար: Շահան Գանտահարյանը նշեց, որ վարչապետի հայտարարությունը դրական է, սպասում են կոչի առարկայանցման համար գործնական քայլերի:
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Սփյուռքը տարիներ շարունակ «դեպի Հայրենիք» կարգախոսով է առաջնորդվում: Հայաստանին, Արցախին ուղղված զգալի աշխատանքներ են կատարվել:
«Հայաստանի բիզնեսի ոլորտում սփյուռքահայերը ներգրավված են, պետական մարմիններում նույնպես: Այսինքն` Հայաստանում Սփյուռքը ներկայացված է, ով ինչ չափով կարողանում է, օգնում է, թե առևտրային, թե տնտեսական, թե կրթության ոլորտներում: Իհարկե, վարչապետի հայտարարությունը գնահատելի է, բայց կարծում եմ, որ այստեղ խոսքը մասսաների ներգրավվածության մասին է, որովհետև ինչպես տեսնում ենք, Հայաստանում առանձին անհատների ներկայությունը կա»,-ասաց Պետո Դեմիրճյանը: Նրա խոսքով, դրա համար Հայաստանը պետք է հույս ներշնչող լինի: Այսինքն` սոցիալական, տնտեսական արդար համակարգ ունենալով, իրականացվող բարեփոխումներով Հայաստանը պետք է շատերի համար ներշնչման աղբյուր լինի:
«Նման հայտարարություններ նախկինում նույնպես եղել են: Տարիներ առաջ, երբ հրավիրվել էր Հայաստան-Սփյուռք համաժողովը, հայտարարվեց համախմբել հայ քաղաքագետներին և ընտրված պատգամավորներին, սակայն դեռ ոչինչ չի արվել: Գաղափարներ կան, պարզապես գործընթացի համակարգում է անհրաժեշտ: Ի դեպ, չպետք է մոռանալ, որ Սփյուռքը մեկ մարմին չէ»,-հավելեց նա:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 27-ին կոչով դիմել է սփյուռքահայությանը: Նա կոչ է արել սփյուռքահայերին մասնակից լինել հայրենիքի ապագայի կառուցմանը, միավորել ուժերը, բազմապատկել հնարավորություններն ու շտկել մեր կեցվածքը աշխարհի նիստուկացի մեջ: