Ֆրանսահայ համայնքի ընթրիքին մասնակցելու են Ֆրանսուա Օլանդն ու Շառլ Ազնավուրը. քննարկվելու է նաև ԼՂ հիմնախնդիրը

(tert.am) Արդեն չորրորդ տարին Փարիզում ավանդական դարձած «Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) ընթրիքն այս տարի լինելու է փետրվարի 8-ին․ տեղեկատվությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը:

«Այս տարի ընթրիքին, ինչպես նախորդ տարի էր, մասնակցելու է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ներքին գործերի նախարարը, Եվրոպական հարցերով արտաքին գործերի նախարարը, մասնակցելու են սենատորներ, պատգամավորներ, հայտնի անձեր, մասնավորապես Շառլ Ազնավուրը, հայտնի լրագրողներ, տարբեր իրավաբաններ, ուսուցիչներ, հայ համայնքից ներկայացուցիչներ և Փարիզի քաղաքապետը»,- նշեց Մուրադ Փափազյանը:

Նրա խոսքով՝ ընթրիքը լավագույն առիթն է համայնքի պատգամները փոխանցելու համար: «Այս տարի հատուկ ձևով շեշտը դնելու ենք Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վրա, որը սահմանադրական դատարանը բեկանեց: Նաև շեշտելու ենք Լեռնային Ղարաբաղի խնդիրը՝ Ղարաբաղի անվտանգության և ինքնորոշման հարցը: Խոսելու ենք Ադրբեջանի և Ալիևի ռեժիմի բնույթի մասին»,- ասաց նա:

Մուրադ Փափազյանը նշեց, որ նախատեսվածը հայկական լոբբինգի ընթրիք է, որը համայնքի կազմակերպած միջոցառումների մասն է։ «Մի քանի հարյուր ազդեցիկ մարդ է գալիս է մեր ընթրիքին մասնակցելու և մեզ լսելու: Չեմ կարող ասել, որ անմիջական արդյունք լինում է ընթրիքից, բայց այն մեր աշխատանքի մասն է կազմում»:

Ֆրանսիայի նախագահի մասնակցությունը հայ համայնքի կազմակերպած միջոցառմանը հատկանշական է: Ըստ Մուրադ Փափազյանի՝ ներկաները կարող են անձամբ նախագահին հանդիպել:

CCAF-ի ընթրիքը առանձնանում է իր եզակիությամբ: Նման մասշտաբի միջոցառում, ըստ Մուրադ Փափազյանի, Ֆրանսիայում անում են մեկ էլ հրեաները: «Դա մեր տարիների աշխատանքի արդյունքն է: Այս ընթացքում կարողացել ենք կապեր ստեղծել, հարաբերություններ ընդլայնել, կապ ենք հաստատել բոլոր միջավայրերի հետ: Հայությունը Ֆրանսիայում հասել է բավական բարձր մակարդակի»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք ընթրիքին քննարկվելո՞ւ են Ֆրանսիայի նախագահական ընտրությունները, հայ համայնքը դրա վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելո՞ւ է, Մուրադ Փափազյանը պատասխանեց․ «Դրա մասին դեռ չենք խոսելու, որովհետև դեռ վաղ է: Կիրակի դեռ նոր ձախերի թեկնածուն ընտրվեց: Բայց մեր աշխատանքի մասն է կազմում բոլոր թեկնածուներին մեր դիրքորոշումը ներկայացնելը Հայ դատի, Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի վերաբերյալ»:

Ֆրանսայի Հայ Դատի Յանձնախումբը ՖՀԿՀԽի անդամ է: