Հայաշխարհի մամուլի ներկայացուցիչների մասնակցութեամբ քննարկւեց Հայ Դատին առնչւող բազմապիսի հարցեր

«ԱԼԻՔ», Կ. Դ. – «Ալիք» օրաթերթի 85-ամեակի առիթով Իրան հրաւիրւած հայաշխարհի մամլոյ խմբագիրների եւ ներկայացուցիչների ներկայութիւնը Թեհրանում, այն բացառիկ առիթներից է, որը կը փափագի իւրաքանչիւր համայնք: Այդ առիթը լաւագոյնս օգտագործեց Թեհրանի Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ»-ը, որի նախաձեռնութեամբ, ուրբաթ՝ սեպտեմբերի 16-ին, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում կազմակերպւել էր հանդիպում-զրոյց՝ համայնքի եւ մամլոյ ներկայացուցիչների հետ:

Նախ, ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Արամ Շահնազարեանը, որի կողմից խմբագիրներին ուղղւած հարցերի եւ նրանց կողմից տրւած լուսաբանումների ընդմիջից վեր հանւեցին մի շարք հարցեր, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով առնչւում են Հայ Դատին, եւ միաժամանակ այսօր յուզում են ողջ հայութեանը, լինի դա Հայաստանում, Արցախում թէ Սփիւռքում:

Ապա զրոյցի համար հրաւիրւեցին՝ «Կալիֆորնիա Կուրիէր»-ի գլխաւոր խմբագիր՝ Յարութ Սասունեանը, «Ասպարէզ» օրաթերթի գլխաւոր խմբագիր՝ Աբօ Պօղիկեանը, «Հայրենիք» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր՝ Զաւէն Թորիկեանը, «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր՝ Շահան Գանդահարեանը, «Գանձասար» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր՝ Զարմիկ Պօղիկեանը, «Օրեր» ամսագրի գլխաւոր խմբագիր՝ Յակոբ Ասատրեանը, «Նոր Յառաջ» երկօրեայ թերթի գլխաւոր խմբագիր՝ Ժիրայր Չոլաքեանը, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի Մամլոյ դիւանի պատասխանատու Արտաշէս Շահբազեանը:

Իւրաքանչիւր խմբագրի առաջադրւում էր մէկական իւրօրինակ հարցում:

Խմբագիրներ Յարութ Սասունեանը եւ Աբօ Պօղիկեանը տեղեկացրին, որ այս տարի Հայ Դատի յանձնախումբը որոշել է, որ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման պահանջով չդիմի թեկնածուներից որեւէ մէկին:

«Նոր Յառաջ»-ի գլխաւոր խմբագիր Ժիրայր Չոլաքեանը անդրադարձաւ Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանութեան պաշտօնական ճանաչումից յետոյ դրա ժխտումը օրէնքով քրէականացնելու խնդրին եւ ֆրանսիայի դերակատարութեանը, որպէս ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ կապւած Արցախի հիմնախնդրին, եւ կարեւորութեամբ անդրադարձաւ արաբական աշխարհի եւ Ադրբեջանի հետ Ֆրանսիայի տնտեսական շահերին:

Յակոբ Ասատրեանը նախ ներկայացրեց «Օրեր» ամսագիրը, ապա անդրադարձաւ Հայոց Ցեղասպանութեան պաշտօնական ճանաչման հարցով Չեխիայի նախագահի Հայաստանում կատարած յայտարարութեանը, նաեւ խօսեց Սլովակիայի հայկական համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորեանի տեսակէտների մասին, կապւած Իրան-Հայաստան յարաբերութիւնների առաւել զարգացմանը եւ անդրադարձաւ Չեխիայի հայ համայնքին:

«Ազդակ»-ի գլխաւոր խմբագիր Շահան Գանդահարեանը ներկայացրեց Լիբանանի ներքաղաքական ներկայ վիճակը, ուր նախագահը եւ խորհրդարանը ներկայ դրութեամբ պասիւ են, որը կարող է ներքաղաքական դաշտում պայթիւնավտանգ լինել եւ խօսեց այս ուղղութեամբ հայութեան եւ ՀՅԴ-ի դիրքորոշման մասին: Նա սեղմ տողերով անդրադարձաւ արաբական աշխարհում, որպէս միակ երկիր Հայոց Ցեղասպանութեան պաշտօնապէս ընդունման գծով Լիբանանի դիրքորոշման մասին եւ աւելացրեց, որ Լիբանանը դարձեալ միակն է, որ միջազգային բեմերում երբեք կողմ չի քւէարկել Ադրբեջանի հակահայկական բանաձեւերին:

Հալէպում լոյս տեսնող «Գանձասար»-ի գլխաւոր խմբագիր Զարմիկ Պօղիկեանը մանրամասն անդրադարձաւ սիրիահայութեան ներկայ իրավիճակին, չբացառելով Դեր Զորում իրականացրած վայրագութիւնները եւ դրանում Թուրքիայի դերակատարութիւնը: Նա անդրադարձաւ սիրիահայ համայնքին յատկացւող օժանդակութիւններին եւ նշեց, որ հակառակ պատերազմին, Քեսաբում ու Հալէպում հայ համայնքը շարունակում է իր կեանքը, թէեւ բաւականին սիրիահայեր տեղափոխւել են Հայաստան: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ սիրիահայ երիտասարդների հերոսական աշխատանքներին, ի պաշտպանութիւն հայկական կառոյցների:

Վերջում ՀՅԴ Բիւրոյի մամլոյ դիւանի պատասխանատու Արտաշէս Շահբազեանը, անդրադարձաւ Հայաստանի Սահմանադրական բարեփոխումներին, ապրիլեան քառօրեայ պատերազմին, Երեւանի Էրեբունիի ՊՊԾ տարածքում տեղի ունեցած դէպքերին եւ ՀՀ կառավարութիւնում տեղի ունեցող փոփոխութիւններին ու այս բոլորում ՀՅԴ դիրքորոշմանը:
Իսկ վերջում Թեհրան ժամանած մամուլի միւս ներկայացուցիչները՝ «Արցախպրես» գործակալութեան գլխաւոր խմբագիր՝ Վահրամ Պօղոսեանը եւ Հայաստանի հեռուստակայանների ներկայացուցիչներ՝ Աբրահամ Գասպարեանը, Նայիրի Հոխիկեանը եւ Լուսինէ Ղարիբեանը եւս իրենց տպաւորութիւնները փոխանցեցին Իրան կատարած այցից եւ իրանահայ համայնքից:

Միջոցառմանը աւելի ուշ, միացան Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարարութեան աշխատակազմի, տեղեկատւութեան եւ հեռահաղորդակցութեան վարչութեան պետ Վաղինակ Վարդանեանը եւ ՀՀ Սփիւռքի նախարարութեան աշխատակազմի մամուլի եւ հասարակայնութեան հետ կապի վարչութեան պետ Էւելինա Բաղդասարեանը: