(yerkir.am) Հայկական կողմի տրամադրած տեղեկատվությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահի հայտարարությունները գնում են զինադադարի ռեժիմն ամրապնդելու ուղղությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Ղարաբաղյան գործընթացում ստեղծված իրավիճակին և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից Բաքու և Երևան կատարած այցերի հնարավոր հետևանքներին:
Մանոյանի խոսքով, սակայն, հարցի կարգավորման ուղղությամբ ըստ էության քննարկումներ տեղի չեն ունենում: Մանոյանը նշեց, որ ամերիկացի համանախագահողը հայտարարել էր, որ դրական է գնահատում Ալիևի այն հայտարարությունը, որը կարգավիճակին էր վերաբերում:
«Ամերիակացի համանախագահողը փաստ է գնահատում, որ այդ հարցը քննարկվում է: Ղարաբաղում շատ է քննարկվել կարգավիճակի հարցը, բայց Ադրբեջանը մշտապես ընդդիմացել է կարգավիճակի մասին խոսելուն: Չնայած սրան՝ հարցի ըստ էության կարգավորման ուղղությամբ նորություններ չկան»,- ասաց Մանոյանը՝ ապա հավելեց, որ մինչև տարեվերջ եթե անգամ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեն, այնքան էլ հավանական չէ, որ կհանդիպեն նաև նախագահները:
«Մենք պետք է հաշվի առնենք, որ համանախագահողների քայլերը նպատակ ունեն հարցը կարգավորել, սակայն, չեմ կարծում, որ մենք համանախագահներից կլսենք՝ սա մեղավոր է, նա մեղավոր է: Իրենք վիաճակը համեմատում են ապրիլի հետ և ոչ թե խոսում են հարցի կարգավորման մասին: Ադրբեջանի կողմից ամեն օր կա զինադադարի խախտում, այնպես չէ, որ ամեն ինչ հարթ է, բայց իրավիճակը համամատում են ապրիլի հետ: Չափանիշն ապրիլը չէ, զինադադարի պայմանագիրն է և զինադադարի վերահսկելու նոր մեխանիզմների մշակումն է»,- ընդգծեց Մանոյանը:
Նա նաև նշեց, որ ադրբեջանական կողմը եթե շարունակի սրել իրավիճակը սահմանին, հայկական կողմն անպայման կտա համարժեք պատասխան: «Հնարավոր է, որ իրավիճակը սրվի, այնպես չէ, որ պատերազմը վերաջացել է, կարող է մի օր էլ պատահարի, որ ադրբեջանի խախտումների պատճառով բռնկումներ լինեն»,- ասաց Մանոյանը՝ օրինակ բերելով, եթե ասենք ադրբեջանական կողմը պարբերաբար կիրառի հրթիռներ, հայկական կողմն ինքստինքյան պետք է պատասխանի, նրանք էլ միգուցե հայկական կողմին պատասխանեն նորից, ինչն էլ կարող է ակամայից սրել իրավիճակը:
Խոսելով լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսկման մասին՝ Մանոյանն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից ապրիլյան փորձի նման փորձ չի բացառվում, սակայն, պետք է հիշել, որ նրանք ստացել են պատասխան և հենց իրենք են վազել Մոսկվա՝ ռազմական գործողությունները դադարեցնելու խնդրանաքով: Մանոյանը, սակայն, շեշտեց, որ հայկական կողմն ամեն պարագայում պետք է զգոնությունը պահպանի: Իսկ զինամթերքի ցուցադրությանն էլ անդրադառնալով՝ Մանոյանը կարծիք հայտնեց, որ այդ գործողությունն ավելի շատ կանխարգելիչ բնույթ ունի:
Կիրո Մանոյան. Այսօրվա մեր հնարավորություններով լավ պաշտպանված ենք
(panorama.am) «Հայկական կողմից հնչող հայտարարությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը խոսում են այն մասին, որ քննարկումները գնում են զինադադարի ռեժիմն ամրապնդելու, վերահսկողությունը հզորացնելու ուղղությամբ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով՝ հարցի ըստ էության քննարկումներ տեղի չեն ունենում, որովհետև, ինչպես հայկական կողմն ասել էր Վիեննայի հանդիպմանը, անհրաժեշտ է ստեղծել մթնոլորտ, որտեղ կարելի է խոսել հարցի կարգավորման մասին:
«Հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ նորություններ չկան: Համանախագահները լավատես են, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները դեկտեմբերի սկզբին կհանդիպեն: Չեմ կարծում, որ դրան անմիջապես հաջորդի նախագահների հանդիպում: Կարծում եմ՝ մինչև տարեվերջ նախագահների հանդիպում չի լինի»,- ասաց Կ. Մանոյանը:
Նա նշեց, որ համանախագահներն ապրիլյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակը՝ համեմատաբար հանդարտություն, ներկայացնում են որպես փոքրիկ առաջընթաց, դրական քայլ, բայց չափանիշն ապրիլը չէ, այլ զինադադարի պայմանագիրը, զինադադարը վերահսկելու նոր առաջարկվող մեխանիզմները:
Կ. Մանոյանը հակառակորդի կողմից ապրիլյան փորձի նման փորձերը չի բացառում, սակայն քիչ հավանական է համարում՝ «քանի որ ապրիլին պատասխան ստացավ ու գնաց Մոսկվա՝ խնդրելու վերականգնել զինադադարը»:
«Ադրբեջանը տեսավ, թե ինչ կլինի մեր հակազդեցությունը: Սակայն նաև տեսանք կրկին նույն մանկական պահվածքը, երբ համանախագահները պետք է գային տարածաշրջան, կրկին դիվերսիոն փորձեր էին նախաձեռնել: Եթե Ադրբեջանը մտածում է, ապրիլյան ծավալների փորձ չի անի, իսկ եթե չի մտածում, ամեն ինչ էլ կարող է անել: Դրա դեմն առնելու լավագույն միջոցն այն է, որ մենք միշտ պատրաստ լինենք: Այսօրվա մեր հնարավորություններով լավ պաշտպանված ենք: Իհարկե, անելիքներ ունենք, նոր բաներ պետք է ձեռք բերել: Հույսը պետք է դնել մեր վրա»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը:
«Հալեպում իրավիճակը նույնն է, հայ համայնքի կյանքը շարունակվում է»,- ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, անդրադառնալով Հալեպի հայ համայնքի խնդիրներին:
Նրա խոսքով՝ թեև մերթընդմերթ ուժգնացող ռմբակոծություններին, որոնք Հալեպի արևելյան կողմից հասնում են նաև հայաբնական թաղամասերին, համայնքը փորձում են իր կյանքը հնարավորինս առաջ տանել, կազմակերպում են միջոցառումներ, Հայաստանի կողմից ուղարկված օժանդակությունը հասել և բաժանվել է Հալեպում, Դամասկոսում:
Պատասխանելով հարցին, թե քննադատություններ են հնչում ուղղված համայնքի ղեկավարներին, որ ուզում են ամեն գնով պահել համայնքը, ինչո՞ւ եք ուզում պահել համայնքը, Կիրո Մանյանն ասաց, որ այն մարդիկ, ովքեր ուզում են դուրս գալ, ազատ են, դուրս են գալիս, իսկ ովքեր ուզում են մնալ՝ իրենք աջակցելու են, որ մնան:
«Ինչ էլ անենք, համայնքը մնալու է, իսկ եթե մնալու է, պետք է պահենք: Մերձավոր Արևելքում հայության մնալը կարևոր է, որովհետև Հայաստանին մոտ է»,- ասաց Կիրո Մանոյանը: