Սույն թվականի նոյեմբերի 29-դեկտեմբերի 3-ը Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում գումարվեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը։ Խորհրդաժողովին մասնակցել են Հայ դատի ավելի քան 20 հանձնախմբերի շուրջ 50 ներկայացուցիչներ։
Խորհրդաժողովի մասնակիցները լսեցին զեկուցումներ՝
ա) ՀՅԴ Բյուրոյի և Հայաստանի գերագույն մարմնի կողմից՝ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների արտաքին քաղաքականութեան մարտահրավերների, ՀՀ ներքաղաքական իրավիճակի և 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում ու այնուհետեւ ՀՅԴ Հայ դատի համակարգի աշխատանքների մասին,
բ) ոլորտային փորձագետների կողմից ներկայացված՝ Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին ու ներքին ճակատներում քայլերի ու զարգացումների վերաբերյալ, ինչպես նաեւ՝
գ) Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից (Արտաքին գործերի նախարար, Մարդու իրավունքների պաշտպան, Անվտանգության խորհուրդի քարտուղար)՝ համապատասխան ոլորտների վերաբերյալ։
Խորհրդաժողովի մասնակիցները Երեւանում այցելեցին Եռաբլուր, իսկ Ստեփանակերտում՝ Եղբայրական գերեզմանատուն-հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք մատուցեցին արցախյան բոլոր մարտերում և ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զոհվածների հիշատակին։ Նրանք ծաղկամատույցով հարգեցին նաեւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի հիշատակը։
Խորհրդաժողովը քննության է առել Հայ դատի համաշխարհային ցանցի գործունեությունը բոլոր ուղղություններով՝ սկսած 2020թ․ փետրվարին կայացած նախորդ խորհրդաժողովից։ Հայ ժողովրդի նկատմամբ նախորդ տարի սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիային և դրա հետևանքով ստեղծված նոր իրավիճակին համապատասխան՝ խորհրդաժողովը կատարեց անհրաժեշտ աշխատակարգային և մարտավարական ճշգրտումներ, հստակեցրեց գործողությունների ծրագիրը՝ միտված ավելի ընդարձակելու Հայ դատի գործունեության շրջանակը և ճշգրտելու թիրախները։ Հատուկ ուշադրություն է դարձվել Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների կարողականությունների զարգացմանը՝ ցանցային գործունեության արդյունավետության բարձրացման համատեքստում։
Քննարկումների արդյունքում խորհրդաժողովն արձանագրեց
- Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները քայլ անգամ չեն նահանջելու հայության շահերի պաշտպանության դիրքերից և հավելյալ թափով լծվելու են նոր նախաձեռնությունների կենսագործմանը, որոնք նպատակ են ունենալու նպաստել Հայաստանի անվտանգության, ժողովրդագրության բարելավմանը, տնտեսական զարգացման և ժողովրդավարական խնդիրների լուծմանը:
- Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգի ուժեղացումը պայմանավորված է արտաքին քաղաքականության հավասարակշռմամբ և բովանդակային հագեցվածությամբ։ Հայաստանը պետք է վստահելի գործընկեր հանդիսանա և քաղաքական որոշակի օրակարգ ունենա ինչպես ռազմավարական դաշնակցի, այնպես էլ ռազմավարական գործընկերների և առհասարակ բարեկամ պետությունների հետ:
- Արցախյան հիմնախնդրի վերջնական ու համապարփակ լուծումը հնարավոր է միջազգային իրավունքով սահմանված կարգով՝ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի լիակատար իրացման հնարավորության վերականգնման և ճանաչման, ինչպես նաև Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների դեօկուպացիայի պարագայում։ Արցախի Հանրապետությունը մինչեւ իր անկախության լիարժեք ճանաչումը պետք է ունենա միջազգայնորեն երաշխավորված անվտանգություն և Հայաստանի Հանրապետության հետ անխափան ցամաքային կապ։ Արցախի կարգավիճակի ճշտման համար պետք է վերաշխուժանան ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության միջնորդությամբ բանակցությունները:
- Հայ դատի հանձնախմբերը, Վաշինգտոնում գրանցված «Հայկական իրավական կենտրոնի» հետ, շարունակելու են միջազգային դատական գործընթացներում հետապնդել հայ ռազմագերիների խնդիրը՝ Ադրբեջանի դեմ ներկայացնելով բազմաբնույթ դատական գործեր, որոնք վերաբերում են նաև մարդկության դեմ ուղղված պատերազմական հանցագործություններին:
- Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները հետևողական աշխատանք են տանելու Արցախի, ներառյալ ներկայում ադրբեջանական բռնագրավման տակ գտնվող նրա հատվածներում, հայկական մշակութային ժառանգության և դրա հայկական պատկանելության պահպանման ուղղությամբ՝ աշխատելով խնդրով մտահոգ պետությունների, միջազգային մշակութային և կրոնական կազմակերպությունների հետ:
- Շարունակվելու է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման հետապնդման գործընթացը։ Հայոց ցեղասպանության դատապարտումն ու հետևանքների հնարավորինս հաղթահարումը պետք է ամրապնդվի որպես միջազգային խնդիր՝ մարդկության նկատմամբ հետագա ցեղասպան գործողությունների կանխման համատեքստում:
- Թուրքիայի ներկա պահվածքը և ագրեսիվ քաղաքական վարքը պետք է ուշադրության արժանանա ՄԱԿ-ի անվտանգության խորհդրի կողմից՝ իբրև գլոբալ սպառնալիք։ Թուրքիան, իր պանթուրքական անթաքույց նկրտումներով, վեր է ածվել միջազգային հարաբերությունները կազմաքանդող և իրեն հարակից գրեթե բոլոր տարածաշրջաններն ապակայունացնող գործոնի։ Արցախյան 44-օրյա պատերազմի հրահրմամբ, ապա դրանում ուղղակի ներգրավմամբ՝ Թուրքիան, ըստ էության, իրեն դուրս է դրել միջազգային հարաբերությունների իրավակարգավորման տիրույթից:
- Թուրքիայի ներկա սանձարձակ պահվածքը խթանող գործոններից մեկն էլ այդ պետության նախկին ու ներկա բռնությունների և ոճրագործությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության համար միջազգային պատասխանատվության չենթարկվելու հետևանք է:
- Հայաստանի իշխանություններին շարունակելու ենք խստորեն հորդորել և զգուշացնել՝ Հայաստան-Թուրքիա քաղաքական երկխոսության պարագայում կասկածի չեն կարող ենթարկվել մեր հայրենիքի գերիշխանությունը, հայ ժողովրդի անժամանցելի իրավունքներն ու արժանապատվությունը.
- Հայաստանի ներկա իշխանությունների քաղաքական վարքը, այդ թվում Թուրքիային և Հայաստան-Ադրբեջան սահմանին առնչվող տարերային հայտարարությունները, ինչպես նաև Արցախյան հիմնախնդրում անհստակությունը ոչ միայն հարվածում են հայոց պետականության անվտանգությանն ու ազգային-պետական շահերին, այլեւ խոչընդոտում են Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների գործունեությանը վերոհիշյալ ուղղություններով:
- Քննարկելով Մերձավոր Արևելքի երկրներում ստեղծված տագնապալի կացությունը՝ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակելու են հատուկ ուշադրության տակ պահել Մերձավոր Արևելքի, հատկապես Սիրիայի և Լիբանանի հայահոծ համայնքների խնդիրներն ու ապահովել համապատասխան օժանդակություն միջազգային աղբյուրներից:
- Անկախ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից՝ Հայ դատի հանձնախմբերն աշխատանքները վերաշխուժացնելու են նաև Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստելու ուղղությամբ:
- Շարունակելու ենք մղել հայ երիտասարդությանը որպեսզի հայրենիքի, թե սփյուռքի պարագայում մասնակցեն իրենց ապրած երկրների քաղաքական կյանքին:
- Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակաբար արդիականացնելու են իրենց գործելաոճը և ընդարձակելու են սոցիալական ցանցերում իրենց գործուն ներկայությունը՝ որդեգրելով ժամանակակից արդիական միջոցներ:
- ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը շարունակելու է հանրությանը իրազեկել ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների գործունեության հիմնական ուղղությունների և հընթացս զարգացումների վերաբերյալ։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
06.12․2021թ․