Գրասենյակներ
Միջազգային քաղաքական կյանքի կարևոր մայրաքաղաքներում` Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում և Բեյրությում վերջին տասնամյակներում գործում են ՀՅԴ Հայ դատի գրասենյակներ: Դրանք, պայմանավորված գործունեության տիրույթի լայն ընդգրկմամբ, Հայ դատի համակարգում կոչվում են տարածաշրջանին գրասենյակներ։
ՀՅԴ Բյուրոյի որոշմամբ՝ 2021թ․ սեպտեմբերի 2-ից իր գործունեությունը սկսեց Հայ դատի Արցախի գրասենյակը։
Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակ
www.anca.org
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կենտրոնական գրասենյակը տեղակայված է Վաշինգտոնում և գործում է Armenian National Committee of America անունով։ Այն ներկայումս գործող Հայ դատի գրասենյակներից առաջինն է հաստատվել՝ 1984թ․։
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հայկական ամենախոշոր և ամենաազդեցիկ համայնքային կազմակերպությունն է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Համագործակցելով ինչպես համայնքային, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ակտիվորեն առաջ է մղում Ամերիկայի հայկական համայնքի մտահոգություններն ու քաղաքական պահանջները՝ կապված են Հայաստանի ու հայության մարտահրավերների հետ։
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հիմնական նպատակներն են․
Ի նպաստ ազատ, անկախ և միացյալ Հայաստանի՝ խթանել հասարակական իրազեկվածությունը,
Ամերիկահայ համայնքի հետաքրքրությունների շրջանակում ազդել և ուղղորդել ամերիկյան քաղաքականությունը,
Հանրային քաղաքականության վերաբերյալ ներկայացնել Ամերիկայի հայ համայնքի հավաքական տեսակետը, միաժամանակ կապ հանդիսանալ համայնքի և վերջինիս կողմից ընտրված պաշտոնյաների միջև։
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ակտիվություն է դրսևորում նաև մի շարք այլ բնագավառներում՝ ներգրավված լինելով քաղաքական և կրթական գործունեության բազմաթիվ ոլորտներում, ներառյալ.
Ամերիկահայ համայնքին հուզող հարցերի վերաբերյալ օրենսդրական գործընթացների նախաձեռնում, որոնք նպաստում են Հայաստանի, որպես անվտանգ, բարեկեցիկ և ժողովրդավարական պետության ամրապնդմանը,
Օժանդակություն Լեռնային Ղարաբաղի ազատ ինքնորոշմանն ու ապավով սահմաններով անկախությանը,
Հայաստանում ամերիկյան օժանդակության մակարդակի բարձրացում՝ խթանելու համար Հայաստանի տնտեսական և ժողովրդավարական զարգացումը,
Լեռնային Ղարաբաղին ամերիկյան ուղղակի աջակցության ապահովում,
Հայոց ցեղասպանության պատշաճ ոգեկոչում և ցեղասպանության հետևանքների վերացմանը նպաստում,
Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման վերացման շուրջ աշխատանքներ։
Հանձնախումբը մասնակցում է համապետական, նահանգային և տարածքային մակարդակներում ամերիկյան ընտրություններին՝ հայ-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ լավատեղյակ պաշտոնյաների միջոցով հայությանը ներկայացնելով թեկնածուների դիրքորոշումները հայկական խնդիրների վերաբերյալ։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ընտրական գործիքների կիրառմամբ նաև հանրային օժանդակություն է տրամադրում ընտրապայքարի ելած թեկնածուներին։
Ներկայումս Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ատենապետը Րաֆֆի Համբարյանն է, իսկ գրասենյակի գործադիր տնօրենը՝ Արամ Համբարյանը։
Հայ դատի Եվրոպայի Գրասենյակ
www.eafjd.eu
Հայ դատի Բրյուսելի գրասենյակը հաստատվեց 2002թ: 2001թ․, ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնությամբ, Ժնևում տեղի ունեցավ ճաշկերույթ-հանգանակություն` Եվրոպայում Դաշնակցության քաղաքական աշխատանքներին նպաստելու համար: Նկատի ունենալով ընդհանրապես աշխարհում ընթացող քաղաքական գործընթացները, հատկապես` մեր տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող քաղաքական հոլովույթներն ու դրանցում Եվրոպայի դերակատարությունը, անհրաժեշտ էր զարկ տալ Եվրոպայում քաղաքական աշխատանքներին: 1990-ականների կեսերին, գլխավորաբար ՄԱԿ-ի և միջազգային այլ կազմակերպություններում Արցախի հարցի պաշտպանության նպատակով, Ժնևում հաստատուվեց Հայ Դատի գրասենյակ, իսկ 2001թ․ Եվրոպայի գրասենյակը ժամանակավորապէս հաստատվեց Փարիզում, ապա Բրյուսելում՝ նկատի ունենալով որ այդ քաղաքում են հաստատված եվրոպական գլխավոր կառույցները:
Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աշխատանքները գլխավորապես կենտրոնանում են եվրոպական կառոյցների և Եվրոպայում գտնովող միջազգային կազմակերպութիւնների հետ աշխատանքների վրա: Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը և Բրյուսելի գրասենյակը եվրոպական շրջանակներում հանդես են գալիս European-Armenian Federation for Justice and Democracy անունով:
Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը համայնքային կազմակերպություն է, որը ներկայացնում է Եվրոպական Միության հայկական ծագմամբ քաղաքացիներին։ Այն Եվրոպական Միությունում, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպություններում, օրինակ Եվրոպայի Խորհրդում և ԵԱՀԿ-ում հայկական շահերը պաշտպանող հիմնական համայնքային կազմակերպությունն է։
Հայ դատի Եվրոպայի գրասենյակն աշխատում է Արցախի ժողովրդի անվտանգության և հիմնական իրավունքների պաշտպանության, իր ներկան ու ապագան որոշելու իրավունքի իրացման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։
Գրասենյակի ուշադրության կոնտրոնում են նաև Հարավային Կովկասում և Թուրքիայում ԵՄ արտաքին քաղաքականությունը, ԵՄ հարևանության քաղաքականությունը, Արևելյան գործընկերությունը, ԵՄ ընդլայնումը, ԵՄ անվտանգային և պաշտպանական քաղաքականությունը և այլն։
Հայ դատի Միջին Արևելքի գրասենյակ
www.ancme.net
2005թ. օգոստոսի 1-ին, Բեյրութում հիմնադրվեց Հայ դատի Միջին Արևելքի գրասենյակը։ Այն ունի տարածաշրջանային առաքելություն, հատկապես՝ արաբական և իսլամական երկրների քաղաքական ու հասարակական շրջանակներում Հայաստանի, հայության և հայկական հարցերի նկատմամբ դրական կեցվածք ձևավորելու նպատակ։
Հայ դատի Մոսկվայի գրասենյակ
www.pro-armenia.ru
Հայ դատի Մոսկվայի գրասենյակը (Русско-армянское содружество) հաստատվեց 1993թ․: Այս գրասենյակի աշխատանքների ոլորտն էլ չի սահմանափակվում Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդրով, մանավանդ, որ նաև գրասենյակի աշխատանքների շնորհիվ 1995թ․ Ռուսաստանի Պետական Դուման ընդունել է բանաձև՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը:
Հայ դատի Մոսկվայի գրասենյակի միջոցով նաև որոշակի քաղաքական աշխատանքներ են տարվում ԱՊՀ անդամ երկրներում:
Տարածաշրջանային գրասենյակներից զատ, Հայ դատի գրասենյակներ են գործում նաև այլ երկրներում և տարածքներում, օրինակ Սիդնեյում, ԱՄՆ Արևմտյան և Արևելյան ափերում` համապատասխանաբար Գլենդելում և Վոթրթաունում, Օտտավայում, Տորոնտոյում, Բուենոս Այրեսում, Փարիզում, Աթենքում և այլուր։