Ձեռքբերումներ

Սփյուռքի քաղաքականացում

Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների գործունեության արդյունքում հայկական սփյուռքը ստացավ ուրույն  քաղաքական դիմագիծ և վերածվեց միջազգային հարաբերություններում քաղաքական գործոնի։

Միջազգային հարաբերությունների և սփյուռքերի աշխարհահռչակ բազմաթիվ հետազոտողներ (Յոսի Շեյն, Ռոբերտ Կոհեն, Գ․ Շեֆեր և ուրշներ) հայկական սփյուռքը դասում են ամենաազդեցիկ լոբբիստական կառույցներ ունեցող սփյուռքերի շարքին, որոնց քանակն աշխարհում այնքան էլ մեծ չէ։ Ընդունված է կարծել, որ, օրինակ Ամերիկայի Միացյալ նահանգներում, հայկական լոբբին իր ազդեցությամբ զիջում է միայն հրեական լոբբիին։

1944 թվականի վերջից սկսված Հայ դատի հանձնախմբերի գործունեությունը սեփական պետություն չունեցող, բայց պետականության վերականգնման երազը պահող, ազգային երազանքներ ու նպատակներ ունեցող տարագիր ժողովրդի քաղաքական արդար հավակնությունների ճիչն էր։ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը հասկանալի պատճառներով կաշկանդված էր մեր ժողովրդի ազգային շահերի ու նպատակների բարձրաձայնման, դրանց հասնելու կոնկրետ քայլերի իրականացման գործում։ Այդ պայմաններում մեր ժողովրդի նվիրական նպատակներն ու երազները վառ պահող, մատաղ սերնդի դաստիարակմամբ, երիտասարդության քաղաքականացմամբ զբաղվող հիմնական կազմակերպված ուժը հայկական սփյուռքն էր՝ ի դեմս իր գործունեության քաղաքական բաղադրիչի՝ էթնիկ լոբբինգի կամ հայկական շահերի պաշտպանության կազմակերպությունների։

Հայ դատի ձեռքբերումները քաղաքական հարթության վրա հատկանշվեցին Հայոց ցեղասպանության խնդրի միջազգայնացումով, այնուհետև միջազգային ճանաչումով, իսկ 1988թից զուգահեռաբար ձեռքբերումներ գրանցվեցին նաև ղարաբաղյան շարժման արդյունքում Արցախի պետությանն ու ժողովրդին օժանդակության աշխատանքներում։ Ղարաբաղյան հիմնախնդրի՝ հանրային դիվանագիտության մակարդակում սպասարկումը դարձավ Հայ դատի գործունեության անկյունաքարային առաջադրանքներից մեկը։

Ըստ այդմ առաջարկում ենք, ստորև հակիրճ ծանոթանալ Հայ դատի գործունեության առանցքային երկու խնդիրների՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Արցախի շահերի պաշտպանության գործում հիմնական ձեռքբերումներին։

Միջանկյալ նշենք, որ այս ոլորտներում ձեռք բերված արդյունքերը նաև երախտիքն են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների, ԱԳՆ կենտրոնական ապարատի և հայկական սփյուռքի բազմաթիվ այլ կազմակերպությունների, միությունների և անհատների։

Ղարաբաղյան հիմնախնդիր

  1. Արցախի բարեկամների “Pro Artsakh” միջազգային ցանցի ստեղծում:

2019թ․ հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում կայացավ «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողով, որի նպատակն էր ընդլայնել և ամրապնդել Արցախի Հանրապետության ապակենտրոն համագործակցությունն օտարերկրյա պետությունների տարբեր շրջանների և քաղաքների հետ, նոր ազդակ և գործնական բնույթ հաղորդել Արցախի արդեն առկա միջազգային կապերին, ինչպես նաև ստեղծել Արցախին աջակցող սուբյեկտներին, քաղաքական և հասարակական գործիչներին միավորող միջազգային ցանց։

Համաժողովին մասնակցեցին տարբեր երկրներում գործող Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբերի և շրջանակների, ինչպես նաև քաղաքական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ, պատվիրակություններ Արցախի անկախությունը ճանաչած կամ Արցախի հետ համագործակցող օտար պետությունների վարչատարածքային միավորներից․ ընդհանուր՝ շուրջ 30 երկրներից ավելի քան 150 քաղաքական-հասարակական գործիչներ և մտավորականներ։

Համաժողովի քննարկումներն անցկացվեցին երկու թեմաների շուրջ.

ա) «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և խաղաղ կարգավորման գործընթացը».
բ) «Արցախի Հանրապետության միջազգային կապերի ընդլայնման հնարավորությունները տնտեսական, մշակութային և գիտակրթական ոլորտներում՝ Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությանը դիմագրավելու նպատակով»։

Համաժողովն ընդունեց հռչակագիր, որով հայտարարվել է «Պրո Արցախ» միջազգային ցանց ստեղծելու մասին՝ միջազգային հարթակներում Արցախի մասին տեղեկացվածությունը բարձրացնելու, նրա ժողովրդի օրինական շահերը պաշտպանելու, միջազգային գործընթացներում Արցախի ներգրավմանն աջակցելու նպատակով։
Ներկայումս “Pro Artsakh” ցանցի աշխատանքները համակարգվում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի կողմից։

  1. Արցախի Հանրապետության միջազգային հարաբերությունների զարգացում

Արցախի Հանրապետության անկախության ճանաչման համար Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների կողմից կատարվում են հսկայածավալ աշխատանքներ, որոնք թեև վերջնարդյունքում չեն հանգեցրել ԱՀ` որպես միջազգային իրավունքի սուվերեն սուբյեկտի ճանաչմանը, այնուամենայնիվ, շոշափում են միջազգային ճանաչման այլ մակարդակներ, ինչպիսիք են ապակենտրոն ճանաչումը, տեղական ինքնակառավարման մարմինների շրջանակներում ապակենտրոն համագործակցությունը և միջխորհրդարանական հարաբերությունները: Կատարված ու հընթացս իրականացվող աշխատանքներն էականորեն բարձրացնում են Արցախի Հանրապետության միջազգային վարկն ու հեղինակությունը, արտաքին միջավայրում ձևավորում են հակամարտության օբյեկտիվ ընկալում և հող են նախապատրաստում ԱՀ վերջնական ճանաչման մեկնարկի համար:

Ընդհանրապես կարելի է առանձնացնել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված արտաքին քաղաքականության` որպես անկախ գործընթացի անշրջելիության և դրան այլընտրանքի բացակայության ցուցիչի երեք ուղղություն`

1. ապակենտրոն համագործակցություն,

2. միջխորհրդարանական դիվանագիտություն,

3. ապակենտրոն ճանաչում:

Արցախի հարցով հայկական լոբբիի աշխատանքային հիմնական ուղղություններից մեկը Արցախի և աշխարհի տարբեր երկրների բազում համայնքների միջև ապակենտրոն համագործակցության հաստատմանը նպաստելն ու այդ համագործակցությունը զարգացնելն է: Նման հարաբերությունները էականորեն նպաստում են ուղիղ շփումներով պայմանավորված բարեկամական կապերի ամրապնդմանը տարբեր ժողովուրդների հետ: Նման գործընթացները նպաստում են նաև Արցախի տեղական ինքնակառավարման համակարգի կայացմանը, ինչպես նաև մշակութային, կրթական, սպորտային և առևտրային տարաբնույթ ծրագրերի իրականացմանը:

Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների աշխատանքների շնորհիվ, ինչպես նաև պետականաշինության գործընթացում ձեռք բերված հաջողություններով պայմանավորված՝ որոշակի հաջողություններ է գրանցել նաև ԱՀ միջազգային ճանաչման գործընթացը:

Էական հաջողություններ են գրանցվել նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ընդլայնման տեսանկյունից։ Մասնավորապես, ներկայումս Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ի դեմս համատեղ բարեկամության խմբերի և շրջանակների, միջխորհրդարանական գործակցություն ունի Եվրոպական Խորհրդարանի, Ֆրանսիայի Սենատի, Լիտվայի Սեյմասի, Բելգիայի ֆլամանդախոս և ֆրանսիախոս խորհրդարանների, Կանադայի Համայնքների պալատի և Ավստրալիայի Խորհրդարանի միջև։

Ինչ վերաբերում է Արցախի և աշխարհի տարբեր քաղաքների միջև ապակենտրոն համագործակցության հաստատմանը, ապա ներկա դրությամբ Արցախի տարբեր համայնքների հետ միջհամայնքային ապակենտրոն համագործակցության հուշագրեր ստորագրած ֆրանսիական, ամերիկյան, լիբանանյան, իսպանական, բրազիլական քաղաքների թիվը հասնում է շուրջ 25-ի։

Ինչ վերաբերում է ապակենտրոն ճանաչմանը, ապա մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսված ադրբեջանաթուրքական ագրեսիան, Արցախի Հանրապետության անկախությունը/ինքնորոշման իրավունքի իրացումը ճանաչել էին Բասկերի երկրի խորհրդարանը, ամերիկյան 8 նահանգ, 4 քաղաք, ավստրալիական մեկ նահանգ։ Սեպտեմբերի 27-ից հետո Արցախի Հանրապետության անկախության ապակենտրոն ճանաչման մակարֆակը շեշտակի ավելացավ՝ ընդգրկելով ամերիկյան ու ավստրալիական նահանգների, եվրոպական շուրջ 30 քաղաքների։ Ներկայումս Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչած ամերիկյան նահանգների թիվը 10 է։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում

1925-2923թթ․ Օսմանյան Կայսրության կողմից հետևողականորեն ծրագրավորված և առանձահատուկ վայրագությամբ իրականացված Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է տասնյակ պետությունների և և բազմաթիվ միջազգային կազմակերպությունների կողմից։ Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների աշխարհագրությունն ու միջազգային կշիռը բավարար է պնդելու համար, որ միջազգային հանրության կողմից թրքական եղեռնագործությունը ճանաչվում է որպես ցեղասպանություն՝ բավարարելով այդ ոճրագործության սահման համար անհրաժեշտ իրավաքաղաքական նախապայմանները, որոնք սահմանված են Ռաֆայել Լեմկինի կողմից։

Ներկայումս, Հայոց ցեղասպանությունը ներպետական իրավական աստիճանակարգման տարբեր մակարդակներում՝ գլխավորապես խորհրդարանական բանաձևերով, երբեմն գործադիր իշխանության որոշումներով կամ օրենքով ճանաչել են առավել քան 30 պետություններ։

Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երեքի՝ Ամերիկայի Միացյալ նահանգների, Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության կողմից։

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Եվրոպական Խորհրդարանը, Սիրիան, Պորտուգալիան, Իտալիան, Չեխիան, Գերմանիան, Բելգիան, Բրազիլիան, Բուլղարիան, Լյուքսենբուրգը, Ավստրիան, Դանիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Շվեդիան, Արգենտինան, Լիտվան,  Լատվիան, Վենեսուելան, Լեհաստանը, Նիդերլանդները, Սլովակիան, Սլովենիան, Կանադան, Ուրուգվայը, Շվեյցարիան, Լիբանանը, Հունաստանը, Կիպրոսը,  Պարագվայը, Ուրուգվայը։

Հայոց ցեղասպանությունը որպես այդպիսին ճանաչել են շուրջ երկու տասնյկաի հասնող միջազգային կազմակերպություններ, այդ թվում Ֆրանկաֆոնիայի Միջազգային կազմակերպությունը, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և այլն։

ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Կանադայի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Բելգիայի, Ավստրիայի, Ուկրաինայի, Մեքսիկայի ընդհանուր առմամբ շուրջ 130 վարչատարածքային միավորներ նույնպես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։