Ինչպես ենք աշխատում
Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները ազգային և մշակութային համախմբման միջոցով քաղաքական-հարաբերական աշխատանքներ են տանում իրենց ընդունող պետությունների պետական իշխանության թևերի, տարածքային և տեղական իշխանությունների ու հասարակական կազմակերպությունների հետ՝ ի շահ Հայաստանի և հայության։
Աշխատանքերն իրականացվում են բացառապես ընդունող պետության օրենսդրաիրավական պահանջների, ընդունված կարգավորումների շրջանակներում և համահունչ են տվյալ պետության քաղաքական մշակույթի առանձնահատկություններին։
Հայ դատի հանձնախմբերը օգտագործում են ամբողջ աշխարհում հայտնի “lobbying the grassroots” տեխնոլոգիան՝ հանդես գալով, որպես ընդունող պետության օրինավոր քաղաքացիներ, ովքեր իրենց ընտրված պաշտոնյաների առջև բարձրացնում են քաղաքական բնույթի հարցեր, որոնք առնչվում են իրենց հայրենի պետությանը։
Հայ դատի աշխատանքներին էապես նպաստում է Հայ Յեղափոխական Դաշնակցության միջազգային հարաբերությունները հիմնականում սոցիալիստական ուղղվածության միջազգային խոշոր կուսակցությունների՝ Սոցիալիստական Ինտերնացիոնալի (Socintern) և Եվրոպայի Սոցիալիստների կուսակցության (PES) հետ։ Կայուն հարաբերություններ են հաստատված նաև ՀՅԴ Բյուրոյի արտաքին քարտուղարության և Եվրոպական Խորհրդարանի սոցիալիստների խմբակցության (Progressive Alliance of Socialists and Democrats /S&D/) միջև։
Ի թիվս այլնի, Հայ դատի աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով, Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակներն իրականացնում են հասարակական կարծիքի համախմբում, ակտիվորեն մասնակցում են ընտրարշավերին և այլն։
Ներկայումս Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, կիրառելով էթնիկ շահերի պաշտպանության համալիր գործիքակազմեր,
-
Հանրային դիվանագիտության շրջանակում օժանդակում են ՀՀ արտաքին հարաբերություններին ինչպես միջպետական և միջազգային կազմակերպությունների հետ, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության հարթակներում՝ մասնավորապես Եվրոպական Խորհրդարանում, ԵՄ Արևելյան գործընկության Խորհրդարանական վեհաժողովում (Եվրանեսթ), Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում և այլուր,
-
Աշխատում են Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի ճանաչման և տարածքային ամբողջականության վերականգման ուղղությամբ,
-
Քաջալերում են ԵԱՀԿ Մինսկի խմբի, որպես Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի միջնորդական աշխատանքը վարող միջազգայնորեն ճանաչված միակ կառույցի, ձևաչափում բանակցությունների շուտափույթ վերականգնումը,
-
Պարբերաբար իրականացնում են միջազգային պատվիրակությունների այցելություններ դեպի Հայաստան և Արցախ։ Պատվիրակությունների կազմում որպես կանոն ընդգրկվում են տարբեր պետությունների և միջազգային կառույցների պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ, լրագրողներ և հանրային կարծիք ձևավորող այլ անձինք,
-
Խթանում են Արցախի Հանրապետության միջազգային հարաբերությունները,
-
Աշխատում են Արցախում և Հայաստանում հումանիտար ճգնաժամը մեղմելուն ուղղված միջազգային օժանդակություններ ապահովելու ուղղությամբ,
-
Ընդլայնում և ամրապնդում են Արցախի միջազգային բարեկամների շրջանակը,
-
Հակազդում են ադրբեջանաթուրքական լոբբիստական կազմակերպությունների հակահայկական գործունեությանը,
-
Շարունակում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և արդար փոխհատուցման շուրջ աշխատանքները։