(ԱՊԱՌԱԺ) Քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած իրադարձությունների, ինչպես նաեւ Արցախի հարցի ուղղությամբ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքների մասին «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի հետ:
– Ի՞նչ ազդեցություն ունեցավ Հայ Դատի աշխատանքների վրա Արցախյան քառօրյա պատերազմը, եւ արդյո՞ք այն որեւէ կերպ փոխել է ձեր աշխատանքների ուղղությունը:
– Հաշվի առնելով Ալիեւի վարած քաղաքականությունը եւ նրա կատարած հայտարարությունները՝ բոլորս էլ սպասում էինք, որ մի օր պիտի կատարվեր այն, ինչ եղավ: Անշուշտ, առաջին պահին մենք էլ հանկարծակիի եկանք եւ անմիջապես փորձեցինք հասկանալ մանրամասնությունները: Կապվեցինք այստեղի պատասխանատուների հետ, որպեսզի կողմնորոշվենք եւ համապատասխան որոշումներ կայացնենք: Անմիջապես գրություններով դիմեցինք պատկան եվրոպական կազմակերպություններին, նաեւ Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստանի հետ բարեկամական խմբին, տարբեր պատվիրակությունների, մեր շրջանային Հայ Դատի հանձնախմբերին: Ստանալով Երեւանի կենտրոնական գրասենյակի կողմից ուղղություններ՝ անհրաժեշտ էր համադրված կերպով աշխատանքներ կազմակերպել, թե՛ անձնական հանդիպումների , թե՛ գրությունների միջոցով փաստել, որ Ադրբեջանն է նախահարձակը:
Աշխատանքներ տարվեցին, որպեսզի այդ մասին խոսակցություն լինի Եվրոպական Միության լիագումար նիստում, եվ մենք Ստրասբուրգ այցելեցինք՝ համադրելով Հայաստանի դեսպանի հետ մեր աշխատանքները :
Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի ջանքերով կատարվեցին բազմաթիվ հանդիպումներ, որոնց ընթացքում, եթե ոչ բոլորը, ապա մեծ մասը քննադատեցին Ադրբեջանին՝ որպես նախահարձակ կողմի: Որոշ պատգամավորներ խոսեցին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, Ադրբեջանի կողմից իրականացված անմարդկային արարքների մասին, եւ ընդհանրապես Ադրբեջանը քննադատող ելույթներ եղան:
Մեր հիմնական ջանքերն այն ուղղությամբ էին, որ շարունակենք պնդել, որ Ադրբեջանը չի կարող պատերազմի ճանապարհով լուծել Արցախի հարցը եւ նաեւ փաստենք, որ Ադրբեջանը ձախողվեց: Այո՛, Ադրբեջանը գրավեց մի քանի ռազմավարական նշանակության դիրքեր, բայց նրա հիմնական նպատակը ձախողվեց, քանի որ ԼՂՀ ՊԲ-ն կարողացավ արժանի հակահարված տալ:
Մենք փորձեցինք հասկացնել, որ պատերազմի վերսկսումը դոմինոյի էֆեկտ կունենա բոլորի համար: Պատերազմի շահող կողմ չկա: Մեզ համար մեկ զինվորի կորուստն էլ արդեն մեծ պարտություն է /մենք միշտ շեշտում ենք այդ մարդկային գործոնը/: Լուրջ վնասներ կկրեն երկու երկրներն էլ, սակայն ավելի մեծ վնասներ կկրի Ադրբեջանը , հնարավոր է՝ դադարի գոյություն ունենալ, եւ դա կարող է ազդել ոչ միայն ամբողջ տարածաշրջանի վրա, այլեւ՝ ընդհանուր իրավիճակ կարող է փոխել աշխարհում:
Նկատի ունենալով Թուրքիայի արկածախնդիր քաղաքականությունը՝ պետք է նշել, որ այն միակ երկիրն է, որ քաջալերեց Ալեւին՝ մինչեւ վերջ շարունակել պատերազմը: Եթե պատերազմը շարունակվեր, Թուրքիայի նպատակը, անշուշտ, ոչ միայն Ղարաբաղն էր, այլեւ՝ Հայաստանը: Այդ պարագայում էլ խաղադաշտ պետք է իջներ Ռուսաստանը՝ հաշվի առնելով ռազմական գործընկերոջ ստանձնած պարտականությունները: Եթե իրավիճակը հասնի դրան, այդ դեպքում արդեն Եվրոպան չի կարող անմասն մնալ: Այս ամենը մենք փորձեցինք բացատրել եվրոպացի պաշտոնյաներին, քաղաքական եւ հասարակական գործիչներին, եւ կարծես թե նրանք ընկալեցին պահի լրջությունը:
Ինչ վերաբերում է մեր աշխատանքների ուղղությանը, ապա հարկ եմ համարում նշել, քառօրյա պատերազմի չի կարող փոխել մեր ընդհանուր սկզբունքը: Մեզ համար կարեւորագույն թիրախ է այն հանգամանքը, որ Ադրբեջանը պետք է ընդունի Արցախի մասնակցությունը բանակցություններին: Մեծագույն սխալ էր Արցախին բանակցությունների սեղանից դուրս մղելը՝ անկախ նրանից, թե ինչ ճնշումներ են եղել այն ժամանակ:
Եթե իսկապես ցանկանում են, որ հարցը լուծվի, ապա Արցախը ներկա պիտի լինի այդ համաձայնությունների ընդունմանը:
Մեզ համար հստակ է, որ նախապայմանը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումը: Հետո միայն թող որոշվի, թե ինչ զիջումների կարող է գնալ Արցախը, եթե այդպիսինները կան:
Դրանից հետո թող շարունակվեն բանակցությունները, որովհետեւ իրատեսական եւ ընդունելի չէ ասել՝ հանձնեցեք հողերը եւ տեսնենք, թե հետո ինչ կլինի:
Կան հարցեր, որոնք պետք է խորությամբ քննվեն, եւ այդ կարգի համաձայնությունները չեն կարող ընդունվել տասնամյակը մեկ: Օրինակ՝ Մադրիդյան սկզբունքները ստորագրվել են 15 տարի առաջ, որից հետո շատ բան է փոխվել, պայմանները տարբեր են այժմ եւ, ըստ այդմ, դրանք չեն կարող իրագործելի լինեն: Ամեն անգամ, տվյալ իրավիճակից ելնելով, պետք է բանակցել եւ համաձայնություններ առաջ քաշել:
– Արցախյան քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրագործվել են մի շարք պատերազմական ոճրագործություններ: Այդ ձեռագիրը ոչնչող չի տարբերվում ԻՊ-ի ձեռագրից: Ի՞նչ է արվում ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի կողմից եվրոպական բարձր ատյաններում այս հարցը բարձրացնելու ուղղությամբ:
– Այդ ամենը տարածվեց իրենց՝ ադրբեջանցիների կողմից, որովհետեւ հենց իրենք սկսեցին ամեն տեղ հրապարակել իրենց «քաջագործությունները»: Մայիսին, երբ այստեղ էինք գործակիցներիս՝ Պետո Դեմիրճյանի եվ Աշխեն Ֆիքսովայի հետ, հանդիպեցինք ԼՂՀ ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ եւ հրավիրեցինք Բրյուսել, որպեսզի նա անձամբ ներկայացնի հարցը:Մենք, անշուշտ, ներկայացրել էինք, սակայն, հաշվի առնելով, որ մենք մասնագետ չենք, անհրաժեշտ համարեցինք մասնագիտորեն ներկայացնել հարցը: Ռուբեն Մելիքյանի՝ Բրյուսել կատարած այցի ընթացքում կազմակերպեցինք մի շարք քաղաքական հանդիպումներ: Նրան միացավ, քաղաքական հանդիպումներին, մեր գրասենյակի Եվրոպական հարցերի պատասխանատու Հեղինե Եվինյանը եւ միջանկյալ զեկույց ներկայացվեց, ուր գրքույկի էր վերածված հրապարակված լուսանկարները: Այն ամբողջությամբ ներկայացնում էր, թե ինչ վայրագություններ են իրականում տեղի ունեցել:
Հանդիպումներ եղան մարդու իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ՝ ներկայացնելով ամբողջ իրականությունը: Չեմ կարող ասել, որ բոլոր հարթակներում կարողացանք ներկայացնել հարցը, սակայն մի շարք կարևոր աշխատանքներ տարվեցին:
Այսօր բավական տեղեկություններ կան Ադրբեջանի գործած ոճրագործությունների, մարդկային իրավունքների խախտման մասին: Հայկական կողմն այդ հարցով դիմել է Եվրոպայի մարդու իրավունքների դատարան: Ադբեջանն էլ փորձում է հայկական կողմին մեղադրել ինչ-ինչ ոճրագործությունների մեջ՝ թե իբր ռմբակոծվել են իրենց խաղաղ բնակավայրերը: Սակայն Ադրբեջանն ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ, եթե իր զորանոցները տեղակայել է իր իսկ գյուղաբնակ վայրերում եւ այնտեղից է մեզ ռմբակոծում: Դա անհերքելի փաստ է, եւ ըստ այդմ էլ նա լուրջ փաստարկներ չունի հայկական կողմին մեղադրելու վերաբերյալ:
– Ադրբեջանը հրաժարվում է սահմանային միջադեպերի հետաքննման մեխանիզմներ կիրառելուց: Որոշ քաղաքագետների կարծիքով մոտակա տարիներին դա գրեթե անհնար է իրականացնել: Արդյո՞ք հնարավոր է որեւէ կերպ ազդել Ադրբեջանի վրա՝ ստիպելով նրան գնալ այդ քայլին:
– Հարցն ավելի խորքային է, եւ նման մեխանիզմների կիրառումն ինքնին հարցի լուծում չէ: Պարզապես պիտի ստեղծվեն հարմար պայմաններ, որպեսզի հնարավոր լինի երկխոսություն ծավալել կողմերի միջեւ: Քառօրյա պատերազմի ընթացքում երկու կողմից այսքան զոհեր ունենալուց հետո հարցի լուծումն ավելի խորքային է դարձել (չնայած՝ չեմ կարծում, որ Ալիեւը մտահոգված է իր կողմի զոհերով, նա ավելի շատ մտահոգված է, թե որքան գումար կարող է մտնել իր կնոջ գրպանը): Մեզ համար մարդկային կորուստներն աղետալի նշանակություն ունեն: Այս պայմաններից ելնելով՝ չգիտեմ, թե սահմանային միջադեպերը հետաքննող մեխանիզմների կիրառումը որքանով կարող է նպաստել հարցի լուծմանը: Ադրբեջանը չի հարգում իր իսկ համաձայնությունները: Ինչի՞ մասին կարող է խոսք լինել, երբ բանակցելուց մի քանի րոպե հետո նորից զոհ ենք ունենում Արցախի սահմանին:
Սխալ հասկացողություն կա Արցախի հարցի էության վերաբերյալ: Շատերի կարծիքով դա միայն հողային հարց է , եւ Ադրբեջանը իր քարոզչությունն այդպես է կառուցել տարիներ շարունակ: Մենք բոլորս, իբրեւ հայ ժողովուրդ, տարիներով թերացել ենք մեր գործում: Մտածել ենք, որ պատերազմում հաղթելով հարցը վերջացրինք, սակայն դա այդպես չէր: Տարիներով մենք չենք զբաղվել մեր հարցերով, եւ երբ Ադրբեջանը փող ունեցավ եւ անցավ հարձակման՝ մենք արթնացանք, հետքայլ արեցինք՝ մնալով պաշտպանողական դիրքում: Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը շատ կարծր աշխատանք է տարել վերջին 6-7 տարիների ընթացքում, որպեսզի այս պատկերը փոխվի: Ինչ վերաբերում է Եվրոպական Խորհրդարանին, ապա դա մեզ հաջողվեց: Նույնը չէ պատկերը ԵԽԽՎ-ում, ուր պայմաններն ամբողջությամբ տարբեր են: Ունենք լուրջ հարցեր, սակայն այդ ուղղությամբ եւս աշխատում ենք Ստրասբուրգում Հայաստանի պատվիրակության հետ, քանզի այսօր այնտեղ հավասարակշռությունը մեր դեմ է:
Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը առանձին անձերի հետ հանդիպումների ժամանակ փորձել է համոզել, որ Արցախի հարցը հողային հարց չէ, այլ Արցախի ժողովրդի կյանքի եւ գոյության հարց. այստեղ հարցը մարդկային է: Արցախում 150000 կյանք կա, ովքեր հազարավոր տարիներ այստեղ են ապրել, նրանց տունն այստեղ է, ընտանիքն այստեղ է, ապագան՝ այստեղ: Ինչպե՞ս եք կարծում՝ սա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հողա՞յին հարց է, թե՞ 150000 մարդու կյանքի հարց է: Եւ նրանց հարց է տրվում, եթե ձեր երկրում լիներ նման հարց, դուք ինչպե՞ս կանեիք նման պարագայում: Սակայն այս ուղղությամբ տակավին շատ աշխատանք պետք է կատարենք:
Արմինե ՆԱՐԻՆՅԱՆ