(panorama.am) «Երկրի հարցը» հաղորդման ընթացքում Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանի հետ քննարկվել է ՀՀ-ԵՄ ներկա հարաբերություններն ու հեռանկարները:
Խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա փուլի մասին՝ հյուրը նշել է, որ նկատվում է որոշակի ջերմացում. «Վերջին շրջանում՝ նախորդող երկու-երեք տարիներին, սեպտեմբերի երեքի հայտարարություններից հետո բավական ժամանակ անցավ, և երկու կողմերը, թե՛ ԵՄ, թե՛ Հայաստանը կամաց-կամաց հարաբերությունները ջերմացրեցին: Այսօր մենք հասել ենք մի կետի, երբ Ասոցացման պայմանագրի նմանությամբ մի պայմանագրի նախաշեմին ենք: Մի կողմ դնելով տնտեսական բաղադրիչը, քանի որ Հայաստանն այլ տնտեսական միության անդամ է: Ներկայիս խոսակցություններն ընթանում են քաղաքական բարեփոխումների շուրջ, ինչը բավական առաջընթաց է գրանցել: Հայկական կողմը հույս ունի, որ այս տարերեվերջին հնարավոր կլինի ամբողջացնել պայմանագիրն ու ստորագրել: Հուսանք, որ այս մեկը տեղի կունենա և Հայաստանը հնարավորություն կունենա ներքին բարեփոխումներ իրականացնելու: Վերջերս Բրյուսելում էր ՀՀ ԿԳՆ Լևոն Մկրտչյանը և մասնակցության հայտ ներկայացրել «Հորիզոն 2020» ծրագրին: Այն շատ լավ ծրագիր է, ենթադրում է տնտեսական օժանդակություն կրթական համակարգում բարեփոխումների իրականացման համար»:
Հարցին, անցե՞լ է արդյոք Հայաստանի կողմից Ասոցացման համաձայանգրի ստորագրումից հրաժարվելու հետևանքով առաջացած «եվրոպական շոկը», Դեմիրճյանը կարծիք է հայտնել, շոկն անցնել է ոչ միայն Հայաստանի, այլև՝ ՌԴ նկատմամբ:
Հյուրն անդրադարձել է նաև Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կարևորությանը:
«Բունդեսթագի բանաձևը մինչ այսօր արտաքին աշխարհի մեջ հայկակականության ամենակարևոր կետն էր: Գերմանիան պատահական երկիր չէ մի քանի առումներով: Նախ նա այն ժամանակ Օսմանյան Թուրքիայի դաշնակից էր, ներկայիս ԵՄ խոշորագույն տնտեսությունն է, և երրորդ՝ Գերմանիայի տարածքում չորս միլիոն թուրք է բնակվում: Պետք է նշել, որ այդ թվի մեջ ոչ բոլորն են էթնիկ թուրքեր, նրանց մեջ կան թուրք ազգանունով հայեր, քրդեր: Այս ընթացքում շատ հնչեցին Էրդողանի կողմից սպառնալիքներ, սակայն այդ սպառնալիքները Գերմանիայի նման պետության մեջ տեղ չունեն»:
Պետո Դեմիրճյանը Հայաստանում է «Հայաստանը ստեղծենք միասին» ծրագրի շրջանակում: