(tert.am) Ֆրանսուա Օլանդը թե՛ իբրև թեկնածու, թե՛ իբրև նախագահ խոստացել էր, որ այս օրենքը կքննարկվի և տեր կանգնեց իր խոստումին. Tert.am-ի հետ զրույցում խոսելով նախորդ շաբաթ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծի քվեարկության մասին՝ ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը:
«Աշխատել ենք թե՛ նախագահական պալատի մասնագետների, թե՛ հենց իր, թե՛ Արդարադատության, թե՛ Արտաքին գործերի նախարարությունների հետ, որպեսզի հարմար տեքստ կազմվի և չբեկանվի Սահմանադրական դատարանի կողմից: 2012-ին այն բեկանվեց, հետո երկրորդ դժվարությունը եկավ՝ Փերինչեքի դատավարությունը»,- ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահը՝ նշելով, որ Փերինչեքի դատավարությունից հետո քրեականացնող նախագծի վրա աշխատեցին հայ և ֆրանսիացի իրավաբանները. վերջնական տեսքի բերված նախագծում մատնանշվում է Հայոց ցեղասպանությունը, սակայն այն ընդհանուր ցեղասպանություններին է վերաբերում:
Մուրադ Փափազյանը նշեց, որ ի վերջո Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին կառավարության ներկայացրած նախագծին: Նախագիծը սեպտեմբերին կքննարկվի Սենատում, որտեղ հաստատվելուց հետո կրկին կվերադառնա Ազգային ժողով վերահաստատվելու համար:
Հարցին՝ արդյո՞ք Ֆրանսիայում թուրքական համայնքը ժխտողական վերաբերմունք ունի Հայոց ցեղասպանության վերաբերյալ, Մուրադ Փափազյանը պատասխանեց. «Կան փորձեր, կազմակերպություններ, անձնավորություններ, որոնք աշխատում են Թուրքիայի համար: Իրենք հայտարարում են, որ ցեղասպանություն տեղի չի ունեցել, որ դա հայկական լոբբինգի ազդեցությունն է: Վերջնականապես հստակեցնելու համար կարևոր է այդ օրենքը, որ մերժվի այդ, ցեղասպանության փաստի ընդունումը շատ կարևոր է, և այս օրենքը նաև նպատակ ունի Ֆրանսիայի կողմից օգնելու Թուրքիային, որպեսզի Թուրքիան ճանաչի իր պատմությունը»:
Ըստ Մուրադ Փափազյանի՝ եթե Թուրքիան ճանաչի իրականությունը, բոլոր պետությունները կճանաչեն. «Եթե այսօր պետություններ կան՝ Ամերիկա, կամ Իսրայել, կամ Ավստրալիա, որոնք չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, միայն ու միայն դիվանագիտական հարաբերությունները չփչացնելու համար չեն անում, բայց դա հաղթանակ չէ Թուրքիայի համար: Դա նշանակում է, որ շանտաժով են հաղթում, բայց իրականում չեն հաղթում»:
Ըստ Մուրադ Փափազյանի՝ մինչ սեպտեմբեր հայ համայնքը պետք է լուրջ աշխատանք տանի, որպեսզի նախագիծը հաստատվի նաև Սենատում. «Թուրքիան իր ձեռքերը ծալած չի նստի, ինքն էլ պիտի աշխատի իր միջոցներով, որպեսզի Սենատում քվեարկությունը չանցնի: Մենք էլ մեր լծակներով, միջոցներով պետք է շարունակենք մեր աշխատանքը, որպեսզի քվեարկությունն անցնի: Այսինքն՝ ուղղակի քաղաքական պատերազմի մեջ ենք Թուրքիայի հետ»:
Նշենք, որ «Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը քրեականացնող օրենքի նախագծի» տեքստը Ֆրանսիայի կառավարությունը հրապարկել է հունիսի 29-ին: Փոփոխությամբ նախատեսվում է մեկ տարի ազատազրկում կամ 45.000 եվրոյի չափով տուգանք սահմանել Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար:
Ֆրանսիայի Հայ Դատի Հանձնախումբը ՖՀԿՀԽի անդամ է: