(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Իսրայելի հասարակական շրջանակներում մեծացել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը, սակայն այդ երկրի իշխանություններն այդ քայլին գնալ առայժմ չեն ցանկանում: Հուլիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՅԴ հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Իսրայելի խորհրդարանից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևը կրկին հանձնաժողով ուղարկելու հանգամանքին: «Նրանք այդ քայլին չեն գնում նախ Թուրքիայի մոտ դժգոհություններ չառաջացնելու նկատառումով, բայց միշտ հարցը կպահեն Թուրքիայի դեմ քաղաքական նպատակներով օգտագործելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մանոյանը:
Մանոյանի խոսքով՝ եթե Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը թողնվի ազատ քվեարկության, այն կարող է ընդունվել, քանի որ Կնեսետի 5-6 կուսակցություններ կողմ են դրան: Բանախոսի խոսքով՝ Իսրայելի իշխանությունները Հայոց ցեղասպանության հարցը որպես լծակ են օգտագործում Թուրքիայի դեմ: «Անցած վեց տարիներին, երբ թուրք-իսրայելական հարաբերությունները լարված էին, Իսրայելի իշխանությունները նույնպես կողմ չեն եղել բանաձևի քվեարկությանը, բայց դեմ էլ չեն եղել հարցի արծարծմանը: Հայ համայնքին սատարող հրեա մտավորականներն այս ամենում քաշքշուկ են տեսնում` համարելով, որ Իսրայելի իշխանությունները Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայի գլխին մահակ օգտագործելու միջոց են տեսնում: Իսրայելի հայ համայնքին էլ, իհարկե, չի գոհացնում այն հանգամանքը, որ բանաձևը կրկին հետ է ուղարկվել հանձնաժողով, քանի որ նրանք ցանկանում են քվեարկություն տեսնել և հասկանալ Իսրայելի իշխանությունների հստակ դիրքորոշումը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում»,- ընդգծեց նա:
Դիտարկմանը, թե Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևը հանձնաժողով ուղարկելու որոշմանը կողմ են քվեարկել նաև նրանք, ովքեր կողմ են եղել դրա ընդունմանը, Մանոյանն ընդգծեց, որ նրանք, հավանաբար, այդ քայլին գնացել են՝ մտավախություն ունենալով, որ քվեարկության դրվելու դեպքում այն կարող է բացասական եզրակացություն ստանալ:
Հուլիսի 5-ին Իսրայելի խորհրդարանում արդեն 3-րդ անգամ քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցը «Մերեց» կուսակցության նախագահ Զեհավա Գալոնի նախաձեռնությամբ: Իսրայելի Կնեսետը Հայոց ցեղասպանության բանաձևն ուղարկել է կրթության և մշակույթի հանձնաժողով. 120 պատգամավորից որոշմանը կողմ է քվեարկել 24-ը, դեմ քվեարկողներ չեն եղել: