(1in.am) ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսել է Արցախի ղեկավարության՝ եվրոպական երկրներ կատարած վերջին այցելությունների, Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դրա նշանակության մասին:
– Պարոն Դեմիրճյան, ի՞նչ կարևոր հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահը Բրյուսելում, ինչո՞վ էր կարևոր Բակո Սահակյանի այցը Բրյուսել:
– Հունիսի 7-11-ը Բակո Սահակյանը Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հրավերով գտնվում էր Բելգիայում: Պարոն նախագահը Բելգիայում հանդիպումներ ունեցավ քաղաքական շրջանակների հետ, այցելեց Բելգիայի դաշնային խորհրդարան, այնտեղ հանդիպեց 7 պատգամավորների հետ, որոնք զանազան կուսակցությունների անդամներ են: Բելգիայի պատվիրակությունը ղեկավարում էր Հայաստանի բարեկամության խմբի նախագահը: Պարոն Սահակյանը հանդիպում ունեցավ նաև Բրյուսելի խորհրդարանի 8 պատգամավորների հետ, որոնք ներկայացնում էին զանազան կուսակցություններ, ինչպես նաև հանդիպեց Ֆլանդրիայի խորհրդարանի պատգամավորների հետ:
– Ո՞րն էր այդ հանդիպումների նպատակը:
– Հանդիպումների նպատակը հետևյալն էր՝ նախ և առաջ ցույց տալ, որ Արցախը անկախ հանրապետություն է՝ իր իշխանությամբ, կառավարությամբ և նախագահով, որ այդ երկրի նախագահը ռազմական գործողություններից քիչ ժամանակ անց վստահություն ունի իր երկրի, իշխանության և կառավարության մոտ ու կարող է ութ հոգանոց պատվիրակությամբ այցելել Եվրոպայի կենտրոն: Սա պատգամ է, որը փոխանցվել է այն անձանց, որոնց հետ նա հանդիպել է:
Հանդիպումը առավել ևս կարևոր էր այն առումով, որ Բակո Սահակյանը այստեղ ներկա լինելով՝ Բելգիայի քաղաքական շրջանակներին պիտի ճիշտ ձևով բացատրեր Արցախի հարցի և Արցախի Հանրապետության ընդհանուր էությունը, թե ինչ տնտեսական ծրագրեր ունեն, ինչպես են դիմագրավում մարտահրավերներին՝ ներառյալ ապրիլի սկզբին Ադրբեջանի նախաձեռնած պատերազմը: Առավել ևս պետք է կենտրոնանալ այն հիմնական կետի վրա, որ չճանաչված պետություն չի նշանակում, որ այդ պետությունը չի կարող այլ երկրների հետ կապ հաստատել: Յուրաքանչյուր ապրող, շնչող էակի իրավունքն է հարաբերություններ ստեղծել ցանկացած պետության հետ բոլոր ոլորտներում: Անշուշտ, պետք է ավելի խորացնել Արցախի հարաբերությունները Բելգիայի հետ թե՛ դաշնային և թե՛ շրջանային մակարդակներով: Եթե հետևում եք լուրերին, վերջին մեկուկես տարվա ընթացքում մեծ թվով բելգիացի պատգամավորներ այցելել են Արցախ, և արդեն համաձայնություններ կան որոշ հարցերի շուրջ, մշակվել են ծրագրեր:
– Իսկ այս այցելությունը որքանո՞վ էր կապված Եվրոպական խորհրդարանի որոշ պատգամավորների հնչեցրած հայտարարությունների հետ, որ պետք է ճանաչել Արցախի անկախությունը:
– Նշեմ, որ Բակո Սահակյանի այցը Բելգիա այս անգամ Եվրամիության խորհրդարանի և եվրոպական շրջանակների հետ ծրագրված չէր, սրանք պարզապես հարաբերություններ էին Բելգիայի մակարդակով, այդ իսկ պատճառով կապված չէ Եվրոպական խորհրդարանի որևէ պատգամավորի հետ:
– Ձեր կարծիքով՝ այս այցելությունը կնպաստի՞ Արցախի միջազգային ճանաչմանը:
– Որքան շատ լինեն նման հանդիպումներ, որքան շատ Արցախից պատվիրակություններ գան Եվրոպա՝ նախագահի, նախարարների կամ պատվիրակների մակարդակով, ներկայացնեն Ղարաբաղյան հարցի էությունը, ստորագրեն համաձայնագրեր, խոսեն ծրագրերի մասին, այնքան լավ: Սրանք անուղղակիորեն ճանաչման ձևեր են: Սա ուղի է բացում ճանաչման համար:
Ուզում եմ նաև նշել, որ Բակո Սահակյանը իր այցի վերջին օրը եղավ Ֆլանդրիայի շրջանի Մեխելեն քաղաքի պաշտոնական հյուրը, ընդունվեց քաղաքապետի և փոխքաղաքապետի կողմից: Պարոն նախագահը ստորագրեց Մեխելեն քաղաքի պաշտոնական մատյանի մեջ. ինչպես հասկանում եք, այդ մատյանի մեջ իրենց մակագրություններն են թողնում զանազան պետությունների նախագահները, թագավորները, վարչապետները:
– Իսկ ի՞նչ կասեք ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի՝ Դանիա կատարած աշխատանքային այցի մասին:
– Դանիայի այցը մենք չենք կազմակերպել, մենք մյուսների պես հետևում ենք լրատվությանը: Այս հանդիպումը պետք է դիտարկենք նույն հողի վրա, ինչ Բակո Սահակյանի այցը Բելգիա. որքան շատ պաշտոնական անձինք Ղարաբաղից այցելեն օտար երկրներ, այնքան ավելի լավ կընկալվի Արցախի հարցը և ավելի ճիշտ ձևով կներկայացվի հիմնախնդրի էությունը: Այս ամենը ծառայում է մեկ նպատակի՝ միջազգային լայն հասարակությանը հնարավորինս ներկայացնել Ղարաբաղի հարցը, որը աստիճանաբար կարող է ընթացք տալ Արցախի միջազգային ճանաչմանը:
– Գերմանիայի Բունդեսթագի բանաձևը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ի՞նչ ազդեցություն կունենա խնդրի միջազգային ճանաչման համար:
– Բունդեսթագի բանաձևը մինչ օրս քննարկվում է: Եվրոպական մամուլը շարունակում է գրել սրա մասին, գրում են, որ սա ամենաուժեղ բանաձևն էր՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Գերմանիայի կայսրությունն այն ժամանակ Օսմանյան կայսրության դաշնակիցն է եղել, առավել ևս՝ Գերմանիան այսօր Եվրոպայի ամենամեծ և ամենաազդեցիկ երկիրն է, ունի շատ մեծ թուրքական սփյուռք, իսկ բանաձևի նախաձեռնողներից մեկն էլ ծագումով թուրք, Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրն էր: Այս ամենը, բնականաբար, հավելյալ ուժգնություն են տալիս այս բանաձևին: Եթե սրան միացնենք նաև Ավստրիայի խորհրդարանի նախորդ տարվա բանաձևը, որը նույնպես այն օրերին Օսմանյան կայսրության դաշնակիցն էր, նշանակում է, որ նման քայլեր այլևս պիտի ձեռնարկի նաև Թուրքիան, ինչպես նաև բոլոր այն երկրները, որոնք դեռևս չեն ճանաչել Ցեղասպանության փաստը: Սա կարող է լինել ինչ-որ ակնարկի կետ այս երկրների համար:
Այս համատեքստում ուզում եմ հիշեցնել նաև Եվրոպայի խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ընդունված բանաձևի մասին, որում կոչ էր ուղղվում Եվրոպական միության այն երկրներին, որոնք առայժմ չեն ընդունել Ցեղասպանության իրողությունը: Ուրեմն միացնելով այս երեք բանաձևերը՝ Ավստրիա, Գերմանիա և Եվրախորհրդարան, մենք պիտի աշխատենք այն պետությունների հետ, որոնք դեռևս չեն ընդունել, այն հրամայականով, որ ճանաչեն Ցեղասպանությունը և կոչ ուղղեն Թուրքիային, որպեսզի վերջինս առերեսվի իր անցյալի հետ:
– Հատկապես ո՞ր երկրներն են, որտեղ Հայ դատի հանձնախումբը կարող է աշխատել ճանաչման ուղղությամբ:
– Խոսքը, բնականաբար, Եվրոպայի ողջ տարածքի մասին է:
– Գերմանիայի՝ առաջատար պետություն լինելու հանգամանքը կազդի՞ այլ եվրոպական երկրների դիրքորոշման վրա:
– Գերմանիայի ընդունելը, այո, շատ մեծ կարևորություն ունի ոչ միայն այն պատճառով, որ Գերմանիան առաջատար երկիր է, այլև այն պատճառով, որ Գերմանիայի կայսրությունը եղել է Օսմանյան պետության դաշնակիցը: Բացի այդ, Գերմանիան «հյուրընկալում է» թուրքական հսկայական թվով սփյուռք: Բայց այստեղ ուզում եմ մի ճշտում անել. երբ խոսում ենք Գերմանիայում թուրքական սփյուռքի մասին, պետք է նաև նկատի ունենալ, որ թուրքական սփյուռք նշանակում է Թուրքիայի քաղաքացիներ: Այդ քաղաքացիների մեջ կան հայեր, քրդեր, ասորիներ, հույներ: Այս հանգամանքը պետք է հաշվի առնել, երբ ասում ենք, թե Գերմանիայում 3 միլիոն թուրք է ապրում: Չմոռանանք, որ Բունդեսթագի՝ ծագումով թուրք 11 պատգամավորներ կողմ են քվեարկել բանաձևին: