(ԱՊԱՌԱԺ) ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը «Ապառաժ»-ի թղթակցի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Բունդեսթագի՝ Գերմանիայի դաշնային խորհրդարանի կողմից «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանության հիշատակին» վերնագրով բանաձեւի ընդունումը ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի եւ Գերմանիայում գործող հայկական կազմակերպությունների եւ հաստատությունների երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք է։
Պ․ Դեմիրճյանի խոսքերով՝ մեծ ազդեցություն առաջացրեց նաեւ Հայոց ցեղասապանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի ելույթը եւ Կանաչների խմբակցության համանախագահ, ծագումով թուրք Ջեմ Էոզտեմիրի ներդրումը։
« Սա պատմական պահ է։ Բանաձեւի ընդունումը, նախ եւ առաջ, բարոյական մեծ հաղթանակ է․ արդարությունը եւ ճշմարտությունը հաղթեցին քաղաքականությանը եւ ամեն տեսակի ճնշումներին։ Եթե Օսմանյան կայսրության դաշնակիցներ Ավստրիան եւ Գերմանիան նման բանձեւներ են ընդունում, ապա Եվրոպայի մյուս երկրները, որոնք դեռ չեն ընդունել Հայոց Ցեղասպանության իրողությունը, հետ մնալու իրավունք չունեն»,- շեշտել է Պետո Դեմիրճյանը եւ հավելել, որ պետք է Եվրախորհրդարանի՝ անցած տարվա ընդունած բանաձեւը դարձնել մղիչ ուժ։
« Թեկուզ արտաքին ճնշումների արդյունքում, բայց Գերմանիան խզեց իր նացիստական անցյալը: Եթե Թուրքիան իսկապես ուզում է Գերմանիային նմանվել, ապա պետք է հետեւի նրա օրինակին»,- ասել է Պ․ Դեմիրճյանը եւ հավելել, որ Գերմանիայի նման երկրի համար սպառնալիքները տեղ չունեն, ինչին էլ անդրադարձել են Բունդեսթագի պատգամավորները։
Խոսելով հայկական երկու հանրապետությունների եւ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի հաջորդ քայլերի եւ աշխատանքների մասին՝ Պ․ Դեմիրճյանը նշել է․
« Նախ եւ առաջ, պետք է ամրապնդել մեր երկու հանրապետութունները՝ բոլոր առումներով, ամուր հիմքերի վրա դնել հայկական սփյուռքը: Միաժամանակ` իրավական տեսանկյունից հետապնդել Հայկական ցեղասպանության հատուցումների հարցը, որի մեկնարկն արդեն իսկ տվել են ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբերը…>>: