«ԱԼԻՔ», Կ. Դ. – Հայկական Հարցերի Ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ, իւրաքանչիւր ամիս նոյն կենտրոնի յարկի տակ կազմակերպւում է դասախօսական երեկոյ: Հերթական նմանօրինակ ելոյթների շարանում երէկ՝ մայիսի 9-ի երեկոյեան, կազմակերպւել էր դասախօսական երեկոյ «Իրանի հետ յարաբերութիւններում, մշակութային մօտեցման անհրաժեշտութիւնը. Հայաստանի մշակութային օրացոյցը» թեմայով: Օրւայ դասախօսն էր՝ Թեհրանի պետական համալսարանի դասախօս, քաղաքական աշխարհագրութեան մասնագէտ դոկտ. Բահրամ Ամիր Ահմադին:
Սկզբում «ՀՈՒՍԿ» հաստատութեան անունից դասախօսի կենսագրական տւեալները ներկայացրեց Իսիկ Իւնանէսեանը, նշելով որ դասախօսը այն հազւագիւտներից է, որն անմիջական, բազմաթիւ շփումների արդիւնքում, մօտկից ծանօթ է Կենտրոնական Ասիայի ու Կովկասի երկրներին եւ հրաւիրեց նրան արտայայտւելու:
Դասախօսն իր ելոյթի ընթացքում պատմական տւեալների ընդմիջից կարեւորութեամբ անդրադարձաւ մշակութային երկխօսութեանը՝ որպէս ազգերի փոխհասկացութեան ազդեցիկ երեւոյթի: Նա, Իրանը համարեց, որպէս արդի շրջանում քաղաքակրթութիւնների երկխօսութեան գէներացնող կարեւորագոյն երկրներից մէկը՝ յաւելելով, որ աշխարհի ներկայ անկայուն եւ տագնապահար կարգավիճակը բարելաււելու համար անհրաժեշտ է ժողովուրդների երկխօսութիւնը, յատկապէս մշակութային երկխօսութիւնը:
Դոկտ. Ամիր Ահմադին իր ելոյթի այլ բաժնում ընդգծեց, որ թէեւ մեր օրերում ազգութիւններին միմեանցից հեռացնում է քաղաքականութիւնը, սակայն տնտեսական յարաբերութիւնները եւ մշակութային կապերը այն կարեւոր գործօններն են, որոնց արդիւնքում կարելի է սերտացնել տարբեր, ի մասնաւորի աշխարհագրական նոյն տարածքում բնակւող ազգութիւններին: Այդ հարցով նա կարեւորեց տարբեր երկրների դեսպանատներում մշակութային կցորդների դերը՝ ընդգծելով, որ նրանց վերապահւած է շատ կարեւոր առաքելութիւն: