ՀՈՒՍԿ-ի նախաձեռնութեամբ Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով միջոցառում՝ ոչ-հայ լսարանի եւ զանգւածային լրատւամիջոցների ներկայացուցիչների համար

Երէկ երեկոյեան Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն «ՀՈՒՍԿ» հաստատութեան կենտրոնատեղիում, նախաձեռնութեամբ ՀՈՒՍԿ-ի, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով կազմակերպւել էր միջոցառում՝ Իրանի զանգւածային լրատւամիջոցների ներկայացուցիչների, լրագրողների եւ մտաւորական խաւի պատւին:

Միջոցառման սկզբում Կազմակերպիչ յանձնախմբի անունից ներկաներին ողջունեց Իսիկ Իւնանէսեանը՝ հակիրճ բացատրութիւններ տալով հայերի եւ իրանցիների վաղեմի ու սերտ պատմա-մշակութային յարաբերութեան եւ նման յարաբերութիւնների ամրագրման նպատակով ՀՈՒՍԿ-ի ծաւալած աշխատանքների մասին: Որպէս միջոցառման առաջին բանախօս՝ նա հրաւիրեց Թ. Հ. Կրթական խորհրդի ատենապետ Նորայր Մեհրաբեանին: Նա բացատրութիւններ փոխանցեց այն մասին, թէ ինչ հիմունքներից ելնելով ենք Յիսուս Քրիստոսի Ծնունդը նշում յունւարի 6-ին եւ ոչ թէ՝ դեկտեմբերի 25-ին:
Ապա հրաւիրւեց արտայայտւելու Սուրիկ Աբնուսեանը: Նա իր արտայայտութիւնների ընդմիջից բացատրութիւններ փոխանցեց հայ ժողովրդի պատմութեան, Իրան-Հայաստան բարիդրացիական դարաւոր յարաբերութեան մասին եւ աւելացրեց, որ, դժբախտաբար, միւս հարեւան Թուրքիայի պարագայում նա միշտ էլ եղել է թշնամական՝ Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ, որի փաստը 1915 թւականի Հայոց Ցեղասպանութիւնն էր եւ Ցեղասպանութեան հետեւանքով ստեղծւած Սփիւռքը: Նա ապա անդրադարձաւ Իրանում հայ ժողովրդի դարաւոր ներկայութեանը եւ ծաւալած աշխատանքներին: Միջոցառմանը ցուցադրւեց տեսաֆիլմ, ուր ներկայացւում էին ՀՈՒՍԿ-ը եւ ՀՈՒՍԿ-ի կազմակերպած տարբեր միջոցառումները եւ այդ միջոցառումների ընթացքում հայութեան մասին պարսիկ մտաւորականների գնահատականները:
Ծրագրի ընթացքում հրաւիրւեց արտայայտւելու համալսարանի դասախօս եւ երաժշտագէտ դոկտ. Ամիր Աշրաֆ Արիանփուրը, որը դրւատանքով խօսեց Իրանում արւեստի եւ ի մասնաւորի երաժշտութեան տարածման գործում իրանահայութեան դերակատարութեան մասին:
Հանդիսութեանը ներկայ զանգւածային լրատւամիջոցների կողմից որպէս ներկայացուցիչ՝ հրաւիրւեց արտայայտւելու «Աֆքար» օրաթերթի փոխխմբագիր Մոհսէն Ֆարաջը, որը շնորհաւորեց Ամանորը եւ Յիսուս Քրիստոսի Ծնունդն ու Մկրտութիւնը:
Հրաւիրւեց արտայայտւելու նաեւ պատմա-մշակութային հարցերի գիտահետազօտող Արիասբէ Դադբեհը: Նա նաեւ հակիրճ ներկայացրեց հայերի եւ իրանցիների պատմական ընդհանրութիւնները:
Միջոցառման աւարտին կազմակերպւել էր ընթրիք:

ԱԼԻՔ