«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը:
– Պարոն Նավոյան, հունվարի 1-ից սկսած՝ ՌԴ առանց այցագրի մուտքի իրավունք ունեցող պետությունների քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր՝ յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում. կարգը խախտողների համար սահմանվել է ՌԴ մուտք գործելու արգելք 3 տարի ժամկետով: Օրենքի այս փոփոխությունը ի՞նչ դժվարություններ է ստեղծել Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցների համար: Հայտնի է, որ նրանց թիվը բավական մեծ է, որոնց մեծ մասը օրինական փաստաթուղթ չունեն:
– Ինչպես այս, այնպես էլ նախորդ տարվա ընթացքում ՌԴ միգրացիոն օրենսդրությունում կատարված մի շարք այլ փոփոխություններ ուղղակիորեն առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին ու Հայաստանի շահերին: Հաշվի առնելով Ռուսաստանի հետ հարաբերությունների բնույթը և ինտեգրացիոն գործընթացներում ներգրավվածությունը՝ Հայաստանը ժամ առաջ պետք է նախաձեռնի միջպետական պայմանագրեր կամ գործողներին կից լրացուցիչ արձանագրություններ՝ առաջարկելով ինչպես ՀՀ քաղաքացիների հաշվառման ժամկետների արտոնյալ պայմանների, այնպես էլ ՌԴ մուտքի իրավունքից զրկված ՀՀ քաղաքացիների համաներման համար լուծումներ:
Առաջացած իրավիճակից ելքեր գտնելու համար նախ փորձենք անդրադառնալ ՌԴ միգրացիոն ընդհանուր պատկերին:
Հայտնի է, որ Ռուսաստանը միգրանտների թվով աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը, և միգրացիոն հոսքերը կարգավորելը դեռ երկար ժամանակ լինելու է հիմնական հարցերից մեկը: Այն ուղղակիորեն առնչվում է երկրի անվտանգության, տնտեսական, սոցիալական, ազգամիջյան հարաբերությունների ոլորտներին, իսկ վերջերս՝ նաև եվրասիական ինտեգրացիոն քաղաքականությանը:
Վլադիմիր Պուտինը երրորդ անգամ նախագահ դառնալուց հետո՝ 2012թ. հունիսի 13-ին, ընդունվեց ՌԴ պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգը մինչև 2025թ.: Այն սահմանում է միգրացիոն քաղաքականության երեք փուլ: Առաջին փուլը, որն ընդգրկում է մինչև 2015 թ., նախատեսում է սահմանել խնդրի օրենսդրական կարգավորման շրջանակը: Հարկ է նշել, որ թեև տարբեր կուսակցությունների և անգամ կառավարության անդամների առաջարկներին՝ ՌԴ-ն հրաժարվել է ԱՊՀ երկրների հետ անցագրային ռեժիմ սահմանելուց և գնում է հաշվառման կարգի խստացման ճանապարհով:
2012թ. դեկտեմբերի 12-ին Դաշնային ժողովին նորընտիր նախագահի հղված տարեկան ուղերձը մի ամբողջ բաժին էր պարունակում միգրացիոն քաղաքականության կանոնակարգման վերաբերյալ: Եվ ահա, ի կատարումն միգրացիոն հայեցակարգի և նախագահի ուղերձի դրույթների՝ ողջ 2013թ. ընթացքում մի քանի փուլով ընդունվեցին մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են միգրացիոն քաղաքականության կատարելագործմանը և դրա խախտման համար պատասխանատվության խստացմանը: Դրանցից կարելի է առանձնացնել 2013թ. հուլիսի 23-ին և դեկտեմբերի 28-ին ընդունված փոփոխությունները: Հուլիսին ընդունված փոփոխություններն արդեն իսկ միգրացիոն կարգի խախտումների համար սահմանում են ՌԴ մուտքի իրավունքի սահմանափակում և խստացնում են տուգանքները: Իսկ դեկտեմբերյան փոփոխությունները յուրաքանչյուր 180 օրվա համար արտոնում են 90 օրվա կեցության իրավունք, իսկ ՌԴ մուտքի սահմանափակումը, տարբեր խախտումներին համարժեք, սահմանվում է երեքից մինչ տասը տարի ժամկետներով:
Դեռ այս տարվա ընթացքում էլ կշարունակվի այս փոփոխությունների շարքը. մասնավորաբար, օրակարգում են մինչև 2015թ. հունվարի 1-ը ՌԴ մուտքը արտասահմանյան անձնագրերով իրականացնելու, ռուսաց լեզվի և Ռուսաստանի պատմության քննություններ հանձնելու, միգրանտների դրամական փոխանցումներից հարկումներ կիրառելու և այլ հարցեր:
Սրան զուգահեռ՝ զարգանում է եվրասիական ինտեգրացիոն գործընթացը, ստեղծվել է Մաքսային միություն, որի անդամ երկրների քաղաքացիների համար գործում են միգրացիոն այլ պայմաններ՝ գրեթե հավասարեցված ներքին ազգային ռեժիմներին:
Կարծում եմ, որ Ռուսաստանը այս փուլում միգրացիայի օրենսդրական կարգավորմամբ ցանկանում է մի կողմից՝ լուծել անվտանգության և տնտեսական բնույթի հարցեր ու ստանալ որակով աշխատուժ, մյուս կողմից էլ՝ ի ցույց դնել իր նախաձեռնած ինտեգրացիոն ծրագրերի առավելությունները:
Իհարկե, նախորդ տարվա ընթացքում միգրացիայի ոլորտում ՌԴ օրենսդրական փոփոխությունները տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացի միգրանտների համար բավական բարդություններ են ստեղծել: Եվ այստեղ խնդիրը միայն այն չէ, որ 180 օրվա ընթացքում պետք է 90 օր մնալ Ռուսաստանում: Ի վերջո, կարելի է այդ 90 օրվա ընթացքում աշխատանքային պայմանագիր կնքել կամ կեցության իրավունք ձևակերպել: Հիմնական հարցերից մեկն այն է, որ հսկայական թիվ են կազմում ՀՀ այն քաղաքացիները, ովքեր նախկինում չեն երկարացրել իրենց հաշվառումը, չեն վճարել տուգանքները և այլն ու հայտնվել են ՌԴ մուտքի սահմանափակման ցանկերում: Եթե նախորդ տարվա հուլիսին ընդունվող փոփոխությունների ժամանակ այդ ցանկերում գտնվող ՀՀ քաղաքացիների թիվը, համաձայն Միգրացիոն դաշնային ծառայության բազայի, 146 հազար էր, ապա այսօր այն արդեն 175 հազար է:
Ընդհանրապես՝ հաշվառման գոտուց դուրս գտնվող ավելի քան երեք միլիոն օտարերկրացիներից 550 հազարի նկատմամբ նախորդ տարի արդեն կիրառվել է Ռուսաստան մուտքի իրավունքի սահմանափակում՝ տարբեր ժամկետներով: Դրանցից 24 հազարը ՀՀ քաղաքացիներ են: Իսկ այս տարի ՀՀ այդպիսի քաղաքացիների թիվն անցնում է 7 հազարը:
– Այս օրենքի փոփոխության կիրառման հետ մեկտեղ՝ Հայաստանից արդեն իսկ դիմել են՝ սահմանելու համար հայերի համար արտոնություններ: Ըստ Ձեզ՝ գոնե որպես Մաքսային միությանն անդամակցելու ցանկություն հայտնած երկիր և ռազմավարական դաշնակից, ինչ-որ արտոնություններ չպե՞տք է տրվեին:
– Լավ է, որ ՀՀ Անվտանգության խորհրդի կողմից այս հարցով դիմում կա: Դա ԱԽ ինստիտուցիոնալ կայացման և ՌԴ-ի հետ հարաբերություններում հայկական օրակարգը զարգացնելու նշան է: ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետն էլ մի շարք ելույթներով հանդես եկավ: Բայց թե՛ ԱԽ դիմումը, ինչը հիմնականում վերաբերում էր 90 օրվա սահմանափակումը հանելուն, և թե՛ միգրացիոն ծառայության բացատրական աշխատանքը, ինչը հորդոր է ՌԴ մեկնելուց առաջ բազայում մուտքի արտոնությունը ստուգելու և 90 օրվա ընթացքում աշխատանքային պայմանագիր կամ կեցության իրավունք ստանալու համար, չեն լուծում տասնյակ հազարավոր քաղաքացիների մուտքի սահմանափակումը վերացնելու խնդիրը:
Հաշվի առնելով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու հանգամանքը՝ ՀՀ քաղաքացիների համար արտոնյալ ռեժիմի հետ մեկտեղ պետք է բարձրացնել նաև մուտքի սահմանափակման ցանկում հայտնվածների համաներման հարցը: Ի դեպ, այս մասին մենք փետրվարի 13-ին բարձրաձայնել ենք Մոսկվայի տնտեսական ֆորումում:
Իր քաղաքացիների համար արտոնությունների հարցը Հայաստանը կարող է իրացնել թե՛ երկկողմ և թե՛ ինտեգրացիոն ձևաչափերի ընձեռած հնարավորություններով: Մասնավորապես, մարտին տեղի է ունենալու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին Հայաստանը մասնակցում է խորհրդակցական ձայնով:
Ի դեպ, այս նիստում արդեն ներկայացվելու է Եվրասիական տնտեսական միութան պայմանագրի նախագիծը: Ինչպես գիտենք, ներկայումս Հայաստանը գտնվում է Մաքսային միությանը անդամակցելու փուլում՝ հետագայում Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամ լինելու ցանկությամբ:
Այլ ինտեգրացիոն ձևաչափեր նույնպես թույլ են տալիս, որ Հայաստանը բարձրացնի իր քաղաքացիներին առնչվող հարցեր: Մասնավորաբար, միգրացիոն կոմիտեներ են գործում ԱՊՀ-ի, ԵվրԱզԷս-ի և ՀԱՊԿ խորհուրդներին կից: Իսկ երկկողմ ձևաչափով ՀՀ քաղաքացի միգրանտների համար արտոնյալ ռեժիմ և համաներում ապահովելու ուղիղ տարբերակներից մեկը կարող է լինել միգրացիոն հարցերը կարգավորող միջպետական նոր համաձայնագրի կնքումը կամ էլ գործողներին հատուկ արձանագրությունների հավելումը, ինչը շատ ժամանակ չի պահանջի:
Տեղին է նշել, որ Ռուսաստանի հետ միգրանտների որոշակի արտոնյալ պայմաններ ապահովող պայմանագրի նախադեպ ունի Տաջիկստանը: Նախորդ տարվա հոկտեմբերին իր տարածքում ռուսական ռազմաբազայի ժամկետի երկարացման դիմաց Տաջիկստանը համաձայնագիր կնքեց իր քաղաքացի միգրանտերի արտոնությունների վերաբերյալ:
Հայ-ռուսական երկկողմ համապատասխան փաստաթղթերն արդեն ոչ ամբողջությամբ են արտացոլում միգրացիոն առկա իրողությունները: Օրինակ՝ աշխատանքային միգրացիայի և սոցիալական երաշխիքների մասին հայ-ռուսական միջպետական համաձայնագիրը կնքվել է 1994թ. հուլիսի 19-ին, միմյանց տարածքում քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին համաձայնագիրը՝ 1997թ. օգոստոսի 29-ին, առանց այցագրի քաղաքացիների երկկողմ տեղաշարժի մասին համաձայնագիրը՝ 2000թ. սեպտեմբերի 25-ին:
– Պարոն Նավոյան, այս օրենքը շատերի մոտ թյուրըմբռնում է առաջացրել, ի վերջո՝ մինչ այս օրենքի կիրառումը շատերն արդեն իսկ ՌԴ-ում էին և հիմա կարծես վախենում են վերադառնալ. կա՞ նման խուճապ:
– Խուճապ, որպես այդպիսին, չկա, լարվածություն կա՝ կապված արդեն Հայաստանում գտնվող ու մուտքի իրավունք չունեցողների հետ: Մարդիկ իրենց ընթացիկ հարցերով տեղաշարժի մեջ են, Նոր տարվա տոներին ժամանել են Հայաստան, ու հանկարծ պարզվում է, որ մի քանի տարի Ռուսաստան վերադառնալու իրավունք չունեն: Ռուսաստանում այս հարցում հետապնդում կամ արտաքսում չի կիրառվում, երկրից դուրս գալիս կամ մուտք գործելիս, ինչպես նաև որոշ այլ դեպքերում՝ անձնագիրը ներկացացնելիս է ի հայտ գալիս մուտքի իրավունքի սահմանափակում ունենալու խնդիրը: Մարդկանց մոտ որոշակի շփոթ կա, մենք նույնպես բազմաթիվ դիմումներ ենք ստանում, փորձում ենք բացատրել իրավիճակը, իսկ առանձին դեպքերում էլ իրավական աջակցություն ցույց տալիս: Բայց այստեղ առանձին լուծումները չեն կարող փոխել իրավիճակը. հարցի լուծումը միջպետական նոր համաձայնագիրն է:
Պետք է հաշվի առնել այն, որ Հայաստանից միգրանտների մոտ 70 տոկոսը Ռուսաստանում է հաստատվում կամ աշխատանք գտնում: Դրսում աշխատողների դրամական փոխանցումները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 15 տոկոսը, որի 85 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանում աշխատողներին: Այնպես որ՝ ՀՀ քաղաքացի միգրանտների հարցի միջպետական կարգավորումը ոչ միայն իրավական, այլ նաև որոշակի տնտեսական ու սոցիալական կայունության նշանակություն ունի: