Նոր մանրամասներ Ստրասբուրգից. «ԱՅՍ ՎԵՐՋԻՆ ԵԽԽՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԼԱՎ ԴԱՍ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ՄԵԶ ՀԱՄԱՐ»

(iravunk.com) Ինչպես արդեն նշել էինք, երեկ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի լիագումար նիստում տեղի ունեցավ հակահայկական բանաձեւերի քվեարկությունը: Խորհրդարանական Վեհաժողովի անդամները, ըմբռնելով պահի պատասխանատվությունը, քվեարկության արդյունքում մերժեցին բրիտանացի պատգամավոր Ուոլթերի տխրահռչակ բանաձեւը: Իսկ ինչ վերաբերվում է բոսնիացի պատգամավոր Մարկովիչի հեղինակած Սարսանգի վերաբերյալ բանաձեւին. ԵԽԽՎ մի շարք պատգամավորներ, անտեսելով միջազգային հանրության կարծիքը, դրսեւորելով միակողմանի մոտեցում, քվեարկեցին դրա ընդունման օգտին` այդպիսով հումանիտար-տեխնիկական բնույթի զեկույցին տալով քաղաքական բովանդակություն: Ստրասբուրգում տեղի ունեցող իրադարձությունների մասին, «Իրավունքին» հաջողվեց մանրամասներ պարզել ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի մամուլի եւ հաղորդակցության պատասխանատու ՊԵՏՈ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՑ:

– Պարոն Դեմիրճյան, կարելի՞ է ասել, որ ԵԽԽՎ-ում կարողացանք մեր խոհեմ դիվանագիտությամբ հաղթել ադրբեջանական «խավիարային» դիվանագիտությանը:

– Նաեւ դիվանագիտությամբ, այո: Երեկվա երկու զեկույցների դեմ բոլորս աշխատեցինք, ինչը միայն գնահատելի է: Սկսած ստորարագրահավաքի մասնակիցներից մինչեւ ՀՀ պատվիրակության անդամները, հասարակական կազմաերպություններն ու դեսպանատները իրենց լուման ունեն այս գործում: Անշուշտ, չի կարելի ասել, որ ամբողջովին հաղթեցինք խավիարային դիվանագիտությանը, քանի երկու հակահայկական զեկույցներից մեկն ընդունվեց, թեկուզ ավելի «մեղմ»ը, որը նույնպես, մեզ համար անընդունելի է:

– Ի՞նչ տրամադրություններ են տիրում ԵԽԽՎ-ում, հատկապես ադրբեջանական պատվիրակության կողմից ու զեկուցողների, երբ հակահայկական բանաձեւերից մեկը չանցավ:

– Թող իրենք մտահոգվեն իրենց տրամադրությամբ: Սակայն, ենթադրում եմ, որ Բաքվում շատ ուրախ չեն այս արդյունքով:

– Ինչո՞ւ չհաջողվեց Սարսանգի ջրամբարի հարցում էլ հաջողության հասնել:

– Ընդունելով Սարսանգի մասին զեկույցը` ԵԽԽՎ-ն ուզեց ինչ-որ հավասարակշռություն պահել: Սակայն, ամեն պարագայում, անարդար է հայության համար, որովհետեւ եթե Վեհաժողովը եւ Մարկովիչը իսկապես մտահոգ են մարդկային աղետով, կամ ջրի անհասանելիությամբ, պետք է վաղուց Հայաստանի եւ Ղարաբաղի շրջափակման դեմ զեկոյցներ որդեգրեին:

– Ի՞նչ դերակատարություն ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը:

– Կարեւոր դերակատարություն ունեցավ, որովհետեւ մեր պատգամավորները նույնիսկ իրենց ելույթների ժամանակ շեշտում էին դա: Մենք էլ մեր հանդիպումների ընթացքում էինք շեշտում այդ կարեւոր կետը, որ հայկական կողմը չէ, որ միայն մտահոգ է, այլ խաղաղության հաստատման համար աշխատանք տանող միջազգայնորեն միակ լիազորված մարմինը եւս:

– Հերմինե Նաղդալյանի ԵԽԽՎ փոխնախագահ ընտրվելով` ի՞նչ է շահում Հայաստանի Հանրապետությունն այդ կառույցում:

– Բնականաբար, տիկին Նաղդալյանի ներկայությունն այնտեղ շատ կարեւոր է: Պետք է առավելագույնս օգտվենք այդ փոխնախագահությունից` միեւնույն ժամանակ, լինելով զգոն ու ուշադիր: Կարծում եմ` այս վերջին ԵԽԽՎ աշխատանքները լավ դաս պետք է լինեն մեզ համար:

– Ի՞նչ տրամադրվածություն ունի ԵԽԽՎ նոր նախագահը Պեդրո Ագրամունդը, որը հայտնի է իր պրոադրբեջանական դիրքորոշումներով:

– Գատնիք չէ, որ նա Ադրբեջանի բարեկամն է: Երեկ, երբ նա ընտրվեց, ադրբեջանական մամուլը ցնծության մեջ էր, թե «մեր մեծ բարեկամը ԵԽԽՎ նախագահ դարձավ»: Պետք է շատ զգույշ լինենք, ճիշտ քայլեր անենք ու նախաձեռնող լինենք: Երեկվա նիստը միայն սկիզբն է այս ամենի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ