(yerkir.am) Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն անդրադարձավ ԵԽԽՎ-ում հակահայ զեկույցների քվեարկությանը և դրանց ազդեցությանը: Հիշեցնենք, որ երեկ ԵԽԽՎ-ն քննարկեց երկու հակահայ զեկույցներ, որից մեկը՝ բրիտանացի Ռոբերտ Ուոլթերի հեղինակած` «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» զեկույցը մերժվեց, մյուսը՝ բոսնիացի Մելիցա Մարկովիչի հեղինակած` «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» զեկույցն ընդունվեց:
Լրագրողների հարցին` արդյո՞ք երկրորդ հակահայ զեկույցի ընդունումը չի ազդի ԵԱՀԿ ՄԽ աշխատանքների արդյունքի վրա, Կիրո Մանոյանը պատասխանեց, որ եթե Ադրբեջանն է նման բանաձևեր առաջ քաշում, և Ադրբեջանի նախագահն է հայտարարում, որ Հայաստան-Ադրբեջան նախագահների հանդիպումն անիմաստ է, ուրեմն բանակցություններից հաջողություն ակնկալելու հիմքեր չկան:
«Զեկույցի ընդունումը կխոչընդոտի այնքանով, որ երբ Ադրբեջանը տեսնի, որ հաջողության է հասնում ԼՂ հարցն այլ ատյաններ տեղափոխելու ջանքերի մեջ, միշտ էլ դա կշարունակի անել: Իհարկե, Ադրբեջանը ապտակ ստացավ Ուոլթերի զեկույցի մերժումով: Մենք իսկապես պետք է վերանայենք մեր աշխատաոճը: Ավելորդ չի լինի ասել, որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է. մենք էլ պետք է այնպիսի բանաձևեր առաջարկենք, որ ԵԽԽՎ-ի համար դժվար լինի դրանք մերժելը: ԼՂ հիմնահարցի կարգավորման վրա այս զեկույցի ընդունումը չի կարող ազդել, ԵԽԽՎ-ն չի կարող որևէ մեկին ինչ-որ բան պարտադրել, բայց նաև ճիշտ չէ ասել, թե զեկույցի ընդունումը օրենքի ուժ չունի և այլն: Եթե նման հակահայ զեկույցներ ընդունվեն, ապա, գումարվելով իրար, կարող են ստեղծել որոշակի մտայնություն, տրամադրություն փոխել»,- ասաց Կիրո Մանոյանը:
Հարցին` արդյո՞ք այդքան ընչաքաղց են ԵԽԽՎ պատգամավորները, որ հնարավոր է, նրանց կաշառելով, հասնել որոշ զեկույցների ընդունման, նա պատասխանեց, որ պատգամավորներից ոմանք կարող են ընչաքաղց լինել, որովհետև այդ պատգամավորների մի մասը վճարվում է այն գումարի չափով, ինչպես վճարվում են իրենց երկրների խորհրդարաններում:
Անդրադառնալով քվեարկության պատկերին` նա նշեց, որ հիմնականում հայկական տեսակետներին կողմ քվեարկեցին ԵԽԽՎ-ում ներկայացված սոցիալիստական ուժերը, մինչդեռ` Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, որի անդամ են ՀՀ ԱԺ-ում ներկայացված երեք ուժեր՝ Հանրապետական, ՕԵԿ և «Ժառանգություն» կուսակցությունները, և Քրիստոնեա-դեմոկրատական խումբը դեմ քվեարկեցին հայկական տեսակետներին:
«Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ են ԱԺ-ում ներկայացված երեք քաղաքական ուժեր, ինչը նշանակում է, որ բավական մեծ աշխատանք պետք է տարվի, դա պարզ է: Պետք է նկատել, որ երկրորդ զեկույցի քվեարկման ժամանակ պատգամավորների թիվը հանկարծ ավելացավ 20-30 պատգամավորով, որոնք կողմ քվեարկեցին այդ զեկույցին: Նրանք նույնպես Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ էին: Մեծ Բրիտանիան ներկայացնող պատգամավորները մեծ մասամբ անսացին ՄԽ համանախագահների կոչին և երկու պարագայում էլ դեմ էին հակահայ զեկույցներին: Ֆրանսիայի պատվիրակների մեծ մասը ևս հօգուտ հայկական կողմի քվեարկեց երկու բանաձևերի դեպքում էլ: Վրաստանն ու Ուկրաինան Հայաստանին դեմ քվեարկեցին երկու դեպքում էլ»,- տեղեկացրեց Կիրո Մանոյանը և հավելեց, որ լայն աշխատանքներ են տարել Հայ դատի հանձնախմբերը՝ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գլխավորությամբ:
Նրա կարծիքով՝ հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում ակտիվ աշխատանք է տարել: «Ասել, որ բավարար է եղել հայկական պատվիրակության աշխատանք, չեմ կարող, որովհետև երկրորդ զեկույցի դեպքում չհասանք արդյունքի, բայց հայկական պատվիրակությունն աշխատել է ակտիվ, քան երբևէ: Նաև Հայաստանի արտաքին դիվանագիտությունն էր ակտիվ աշխատել: ԵԽԽՎ ընդհանուր մոտեցումն այն էր, որ հավասարակշռություն ապահովեն, բայց անհեթեթ երևույթ ստացվեց»,- ասաց Կիրո Մանոյանը: