«ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՉԴԱԴԱՐԻ ԵՎ ՉՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԻ` ՄԻՆՉԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՎԱՅՐԿՅԱՆԸ»

(iravunk.com) Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում կանցկացվեն լսումներ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգ ներառված երկու հակահայկական զեկույցների շուրջ: Հիշեցնենք, որ դեռեւս 2015-ի նոյեմբերին ԵԽԽՎ քաղաքական եւ ժողովրդավարության հարցերով հանձնաժողովը հավանություն էր տվել «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում», իսկ ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովը` «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումներով բանաձեւերի նախագծերին: Ընդ որում` երկու փաստաթղթերն էլ աչքի են ընկնում աննախադեպ միակողմանի եզրաբանությամբ եւ ակնհայտորեն հակասում են թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, թե՛ ԵՄ գործադիր մարմնի քաղաքականությանը: Վերոգրյալ զեկույցների դեմ արդեն մի քանի շաբաթ է, ինչ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ` լայնածավալ էլեկտրոնային ստորագրահավաք է սկսել, ինչի մասին «Իրավունքը» կապ հաստատեց եւ զրուցեց հանձնախմբի մամլո եւ հաղորդակցության պատասխանատու ՊԵՏՈ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ հետ:

–Պարոն Դեմիրճյան, ըստ Ձեզ, կհաջողվի՞ ստորագրահավաքի միջոցով հակազդել ԵԽԽՎ-ի վրա, որպեսզի հակահայկական նախագծերը կյանքի չկոչվեն:

– Ստորագրահավաքը մեկն է այն նախաձեռնություններից, որ արել ենք: Առաջին անգամ է, որ նման հարցի հետ կապված այսպիսի քայլ ենք կատարել, եւ դրա նպատակներից մեկն է նաեւ այն, որ իրազեկ դարձնենք լայն հասարակությանը, որպեսզի ավելի խորամուխ լինեն ԵԽԽՎ-ի աշխատանքներին: Այսօր մեզ միանալով նաեւ Հայաստանն ու Արցախը` գրեթե արդեն 7 հազար ստորագրություն ենք հավաքել: Նշենք նաեւ, որ ԵԽԽՎ-ում ՀՀ խորհրդարանական պատվիրակության անդամ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը իր հարցազրույցներից մեկում նաեւ ակնարկել է, որ հայաստանյան պատվիրակությունը ստորագրահավաքի փաստը պետք է ներկայացնի ԵԽԽՎ նիստին` հավելյալ ճնշում բանեցնելով:

– Արդյո՞ք հաջողվել է ե՛ւ սփյուռքյան կառույցները, ե՛ւ հայաստանյան դիվանագիտական կորպուսի աշխատանքը համախմբված դարձնել ու հնարավոր բոլոր միջոցներն օգտագործել, որպեսզի այդ հակահայկական բանաձեւերը չընդունվեն:

– Հնարավոր բոլոր միջոցները` լինի սփյուռքյան, թե դիվանագիտական, օգտագործել ենք, թե` ոչ, հայտնի կլինի քվեարկությունից անմիջապես հետո: Կարեւոր է, որ աշխատանքը չդադրի, եւ չպետք է դադարի` մինչեւ քվեարկության վերջին վայրկյանը: Բնականաբար, մեր հակառակորդներն էլ են աշխատանքի լծված` իրենց ուզած արդյունքն ապահովելու համար: Եվ այս նպատակով է, որ մեր գրասենյակը երկու հոգով ներկա կլինի Ստրասբուրգում` լիագումար նիստին` աջակցելով նաեւ հայրենի պատվիրակությանը: Հանդիպումներ, նամակագրություններ եւ հեռախոսազանգեր են տեղի ունեցել եւ էլի կշարունակեն տեղի ունենալ ԵԽԽՎ անդամ պատգամավորների հետ, փորձել ենք նրանց բացատրել երկու բանաձեւերում ինչը եւ որն է անընդունելի: Հուսով եմ, որ մեր ուզած արդյունքին կհասնենք:

-Որոշ վերլուծաբաններ տեսակետ են շրջանառում, թե ԵԽԽՎ-ում վերոնշյալ բանաձեւերը չեն ընդունվի` միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջամտության շնորհիվ: Որքանո՞վ է տեսանելի նրանց ջանքերն այս ուղղությամբ:

– «Միայն» ասելը տեղին չէ, բայց, անշուշտ նրանց հայտարարություններն իրենց կշիռն ունեն: Մինսկի խմբի համանախագահները անջատաբար եւ հավաքականորեն քննադատեցին նշյալ երկու բանաձեւերի քվեարկությունը ԵԽԽՎ հանձնաժողովներում, որովհետեւ այն կվնասի Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման գործընթացին: Եվ սա մենք էլ ենք նշել, հայրենի պատվիրակությունն էլ է նշել: Բայց չենք կարող ձեռքներս ծալած նստել եւ հուսալ, որ քանի որ համանախագահները կոչ են արել, ուրեմն` վերջ, այդպես էլ կլինի:

– Տեսնո՞ւմ եք այլ ելքեր, որոնք կարող ենք միասնաբար օգտագործել Եվրոպայի խորհրդում ադրբեջանական լոբբինգը նվազեցնելու ուղղությամբ:

– Խավիարային դիվանագիտությունը պետք է դադարեցնել` բացահայտելով Ադրբեջանի իսկությունը. Ալիեւի իշխանության իսկական դիմագիծը, այնտեղ տիրող մարդկային իրավական խախտումներն ու բռնությունները, բանտարկությունները: Ադրբեջանի իշխանություններն իրենց իսկ քաղաքացիներն չեն հարգում, եւ մենք պետք է այդ շրջանակներում նախաձեռնող լինենք: Ինչու ոչ, նաեւ բացահայտենք «խավիարակերներին» եւ բարձրաձայնենք, որոնց մասին շատ է խոսվում եվրոպական շրջանակներում ու հատկապես այն կազմակերպություններում, որոնք մարդու իրավունքների պաշտպանության աշխատանքին են լծված կամ քաղաքական, դիվանագիտական թափանցիկության հարցերով են զբաղվում: Պետք է օգտագործել մեր ձեռքում եղած բոլոր լծակները, եւ լինել նախաձեռնող: Վստահ եմ, որ Ազգային ժողովի մեր պատվիրակությունն էլ նման մոտեցում ունի:

– Իսկ միգուցե ադրբեջանական խավիարային դիվանագիտությունը ԵԽԽՎ-ում հաշվի առնելով` ընդհանրապես բոյկոտենք այս կառույցի աշխատանքները:

– ԵԽԽՎ աշխատանքները բոյկոտի ենթարկելն ամենադյուրին ելքն է: Մենք կողմնակից չենք նման կառույցները բոյկոտի ենթարկելուն: Վերջիվերջո, այս կառույցները միջազգային, համաեվրոպական կառույցներ են եւ իրենց կարեւորությունն ունեն` թեկուզ մեզ համար ոչ 100% բաղձալի արդյունքներով: Մինչդեռ Ադրբեջանը «սիրում է» բոյկոտի ենթարկել այն, ինչն իր դեմ է այսպիսի կառույցներում: Ինչպես, օրինակ, եղավ Եվրանեսթի դեպքում, երբ Ադրբեջանը քանիցս այն բոյկոտի է ենթարկել ու հայտնվել ծիծաղելի իրավիճակում:

– Եթե, Աստված մի արասցե, այս երկու հակահայկական բանաձեւերն ընդունվեն, ի՞նչ վնաս կարող է հասցնել Արցախյան հիմնախնդրի հարցում:

– Այս երկու բանաձեւերը խորհրդանշական են Հայաստանի եւ Արցախի համար, բայց իրավական կամ պարտադիր բնույթ չունեն: Անմիջականորեն վնասի մասին խոսք չկա, սակայն այս բանաձեւերը կարող են նախադեպ լինել, որպեսզի Ադրբեջանը փորձի միջազգային այլ կառույցներում էլ նման բանաձեւեր անցկացնել: Ու այդ առումով, Ադրբեջանի պատգամավորների համար եվրոպական շրջանակներում իբրեւ «ճակամարտ» են տեսնում այս զույգ բանաձեւերը: Ըստ էության, Ադրբեջանը փորձում է իր համար շահավետ նոր հարթակ ստեղծել Ղարաբաղյան հակամարտության լուծման համար: Ուստի` պետք չէ թույլ տալ, որ այս ամենն իրականություն դառնա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ