(168.am) «ԵԽ ԽՎ լիագումար նիստի օրակարգ ներառված հակահայկական բանաձևերի ընդունումը խափանելու դեմ լուրջ աշխատանքներ են ծավալվում և ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամների, և Հայ Դատի գրասենյակների, և տարբեր երկրներում հայ համայնքների, և անհատների կողմից»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը: Հիշեցնենք, որ հունվարի 25-ին կմեկնարկի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) ձմեռային նստաշրջանը, որի օրակարգում ներառված է երկու հակահայկական զեկույց` «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերնագրերով:
Առաջին բանաձևը` ԼՂՀ-ի, մյուսը` Սարսանգի ջրամբարի մասին է՝ կոշտ հակահայկական ձևակերպումներով: Պետո Դեմիրճյանն ասաց, որ այս պահին գոհ են, որ ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակությունը, ինչպեսև՝ Բրյուսելի Հայ Դատի գրասենյակն աշխատում են այս բանաձևերի հաստատումը բեկանելու ուղղությամբ: Ըստ նրա` այդ աշխատանքը կշարունակվի մինչև քվեարկության րոպեն, քանի որ բեկանման հնարավորությունները կախված են կատարվող աշխատանքից:
«Հուսով ենք և մաղթում, որ գոնե հնարավոր լինի խափանել այս բանաձևերի ընդունումը, որի համար նաև մենք՝ իբրև Հայ Դատի գրասենյակ, աշխատում ենք: Կարող եմ ասել, թե ինչ ենք մենք արել այդ ուղղությամբ: Հայ Դատի գրասենյակը ստորագրահավաք է կազմակերպել ԵԽ ԽՎ այս երկու բանաձևերի դեմ, որոնց միացել է առայժմ շուրջ 5 հազար անհատ, որոնք պահանջում են ԵԽ ԽՎ-ից՝ չքվեարկել այս բանաձևերի օգտին, մեր ներկայացուցչությունները տարբեր երկրներում տեղում այդ երկրների ԵԽ ԽՎ պատգամավորների հետ հանդիպումներ են ունենում և բացատրում, թե ինչ են իրենցից ներկայացնում այս երկու բանաձևերը, և ինչու է պետք «դեմ» քվեարկել:
Տեղյակ եմ նաև, որ եվրոպական երկրների մի շարք հայ համայնքներում ևս կազմակերպություններ և անհատներ քայլեր են ձեռնարկում և ԵԽ ԽՎ պատվիրակներին տեղեկացնում են, բացատրում, թե որտեղից են բանաձևերը, և ինչու պետք չէ «կողմ» քվեարկել»,- տեղեկացրեց Պետո Դեմիրճյանը: Այնուամենայնիվ, նրա կարծիքով՝ բանաձևերի ընդունումը բեկանելու լծակների մասին դժվար է խոսել: Նրա որակմամբ, դժվար իրավիճակում ենք, քանի որ քիչ է պատահում, որ հանձնաժողովներում ընդունված բանաձևերը չեն ընդունվում լիագումար նիստերի ընթացքում: «Հանձնաժողովներում բանաձևի ընդունումն արդեն նշանակում է, որ կան պատգամավորներ, որոնք կողմ կքվեարկեն: Մենք նաև նամակ ենք ուղղել բոլոր պատվիրակներին և նշել ենք հատկապես, թե ով է Ռոբերտ Ուոլթերը, ինչ կապեր ու ադրբեջանամետ կեցվածք ունի, որքան թրքամետ կեցվածք ունի նրա կինը, ինչպես է Ուոլթերը Չավուշօղլուից Թուրքիայի քաղաքացիություն ստացել, և ինչու և ինչ պայմաններում են հեղինակվել բանաձևերը:
Շատ փաստեր այսօր կան դրված ԵԽ ԽՎ պատվիրակների սեղաններին: Հուսանք, որ պատվիրակներն այլևս ճիշտ կերպով կկողմնորոշվեն ու կքվեարկեն: Մեր պատվիրակությունը ևս պետք է օգտագործի իր ունեցած լծակները՝ իբրև խորհրդարան և պատվիրակություն, իր խողովակներով հանդիպի, խոսի, բացատրի, ներկայացնի իրավիճակի էությունը: Վստահ եմ, որ բոլոր միջոցների մասին նրանք տեղյակ են և կանեն»,- ասաց Պետո Դեմիրճյանը՝ տեղեկացնելով, որ Հայ Դատի Բրյուսելի գրասենյակը ևս երկու ներկայացուցիչ է ունենալու ԵԽ ԽՎ-ում քվեարկության օրը: «Հուսով ենք, որ նրանք մեզ համար դրական լուրերով են վերադառնալու ԵԽ ԽՎ-ից»,- նման հույս հայտնեց Դեմիրճյանը:
ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցների դեմ ստորագրահավաքին միացել է ավելի քան 4 հազար մարդ
(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգում երկու հակահայկական զեկույցների դեմ նախաձեռնած ինտերնետային ստորագրահավաքին արդեն միացել է 4454 մարդ, և այս թիվն աճում է ամեն րոպե:
Ստորագրահավաքը նախաձեռնել է Հայ դատի Եվրոպայի գրասենյակը: Ստորագրահավաքն անցկացվում է Change.org կայքում:
Ստորագրահավաքը կշարունակվի մինչև 2016թ. հունվարի 26-ը, երբ ԵԽԽՎ լիագումար նիստում կմեկնարկի երկու հակահայկական զեկույցների քննարկումը:
Զեկույցներից մեկի հեղինակը բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերն է: Զեկույցը կրում է «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում»:
Մյուս զեկույցը վերաբերում է Սարսանգի ջրամբարին, որի հեղինակը բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչն է: Այն կրում է «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները միտումնավոր զրկված են ջրից»: