(1in.am) «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է« Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը:
– Պարոն Նավոյան, Ձեր կարծիքով Ռուսաստանում «Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը ինչո՞ւ հանկարծ որոշեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծ ներկայացնել Պետդումա: Արդյոք Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի ոչնչացո՞ւմը դարձավ ՌԴ կողմից նման նախաձեռնության պատճառը:
– Ուզում եմ նախ անդրադառնալ ինքնաթիռի միջադեպին և Ռուսաստանի արձագանքին ու ընդհանրապես այն հարցին, թե Ռուսաստանի քաղաքական, քաղաքագիտական և հասարակական ընկալման մեջ ի՞նչ փոխվեց: Մենք գիտենք, որ վերջին երկու տասնամյակում Ռուսաստան-Թուրքիա տնտեսական հարաբերությունների որոշակի զարգացման պայմաններում ՌԴ-ն ուներ մեկ մոտեցում՝ տնտեսական հարաբերություններ զարգացնելով՝ հնարավոր է Թուրքիային մոտ պահել կամ ինչպես ընդունված է ասել՝ ունենալ Թուրքիային դեմ քաղաքականութուն՝ նկատի ունենալով իրավիճակը Կովկասում, Միջին Ասիայում և Մերձավոր Արևելքում: «Իսլամական Պետության» և ահաբեկչության դեմ Ռուսաստանի պայքարի ու դրա նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքը, որը դրսևորվեց նաև ՌԴ-ի ինքնաթիռը խոցելով, ըստ էության, Ռուսաստանում հասկացնալ տվեց, որ այնուամենայնիվ տնտեսական հարաբերությունները զարգացնելով՝ հնարավոր չէ քաղաքական ու ռազմավարական դաշտում Թուրքիայի հետ մերձենալ: Թուրքիան, այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ի անդամ է, և այստեղ ՌԴ-ի ու Մերձավոր Արևելք շահերի հակասություն կա: Դրան հավելենք նաև Թուրքիայի կողմից ազգայնական այն քաղաքականությունը, ըստ որի՝ պաշտոնապես հռչակված է Թուրքիայի ազդեցության վերականգնումը նախկին Օսմանյան կայսրության սահմաններում: Եվ այժմ ՌԴ-ն բախվեց Մերձավոր Արևելքում Թուրքիայի ազգայնական քաղաքականության դրսևորմանը՝ ստանալով հարված:
Իսկ ինչ վերաբերում է Ս.Միրոնովի և նույն կուսակցության անդամ Նիկոլայ Լևիչևի նախաձեռնությանը, ասեմ, որ դեռևս 2008թ. դեկտեմբերի 18-ին մենք՝ «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը և Միրոնովի կողմից հիմնադրված «Արդար Ռուսաստան» ինստիտուտը անցկացրել ենք համատեղ գիտաժողով՝ նվիրված Ցեղասպանության հարցով ՄԱԿ-ի կոնվենցիային: Այն ժամանակ Միրոնովը Սենատի նախագահն էր, և սա այդ ինստիտուտի հետ առաջին նման քննարկումն էր: Արդեն նկատի ունենալով մեր համագործակցության փորձը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում 2014թ. նոյեմբերին մենք դարձյալ անցկացրինք գիտաժողով այդ ինստիտուտի հետ համատեղ «Ցեղասպանությունը ժողովուրդների պատմական հիշողությունում և ժամանակակից տեղեկատվական պատերազմներում» թեմայով: Եվ «Արդար Ռուսաստան» կուսակցությունն ու խմբակցությունը նպատակադրված էին այդ գիտաժողովի արդյունքում մշակել իրավական այն քայլերը, որոնք 2015թ. ընթացքում Հայոց ցեղասպանության տարելիցի շրջանակներում պետք է դրսևորվեին: Ակնհայտ էր, որ Հայոց ցեղասպանության տարելիցի շրջանակներում ՌԴ Պետդումայում, քաղաքական, քաղաքագիտական շրջանակներում կլինեն համապատասխան նախաձեռնություններ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով հատուկ հայտարարության ընդունում, որը կհիմնվեր 1995թ. ՌԴ Պետդումայի ընդունած հայտարաության վրա:
Մենք գիտենք, որ ապրիլի 24-ին նման հայտարարություն ընդունվեց, և ՌԴ-ն կրկնակի ճանաչեց Ցեղասպանությունը, և Դումայի նիստում այդ հայտարարության նախագծի ներկայացնողը «Արդար Ռուսաստան» խմբակցության ներկայացուցիչն էր: Բնականաբար, այս ընթացքում ՌԴ-ում քննարկվում էր հարցը, թե Ցեղասպանության 100-րդ տարելիցը առիթ է, որպեսզի այդ երկիրը մեկ քայլ ավելին անի, այսինքն՝ քրեականացնի ժխտումը: Եվ այստեղ ահա բախվում էինք այն մոտեցմանը, թե Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները, աշխարհաքաղաքական իրավիճակը հավանաբար թույլ չեն տա, որ Պետդումայում մեծամասնությունն ընդունի նման օրինագիծը: Բայց նման մշակում կար, և հիմա, երբ Ռուսաստանի քաղաքական շրջանակների համար ակնհայտ դարձավ, որ Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունն ու սանձարձակությունը հետևանք է նաև ժամանակին Հայոց ցեղասպանության ոչ ամբողջական դատապարտման, Ն.Լևիչևը և Ս.Միրոնովը մեջտեղ բերեցին հատուկ մշակված այս նախագիծը, որն առաջարկում է ՌԴ Քրեական օրենսգրքում ավելացնել Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության տարածքում Հայոց ցեղասպանության փաստը ժխտելը քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հոդված:
– Պարոն Նավոյան, եթե Թուրքիան չխոցեր ռուսական ինքնաթիռը, ապա Պետդումայում նման օրինագիծ կներկայացնեի՞ն:
– Ինքնաթիռը առիթ էր: Ես արդեն ներկայացրի, որ դեռևս 2014թ. նոյեմբերին գիտաժողովում երկու մշակում կար 100-րդ տարելիցի առիթով Պետդումայում բանաձևի ընդունում և Հայոց ցեղասպանության քրեականացման նախագիծ: Քրեականացման նախագիծը ապրիլին մեջտեղ չբերվեց, որովհետև ՌԴ քաղաքական շրջանակներում դոմինանտ էր տեսակետը, թե հավանաբար դրա համար չկան համապատասխան նախադրյալներ, և նման նախաձեռնությամբ հանդես գալը արդյունք չի ունենա: Դրա համար Պետդումայի խմբակցությունները գնացին Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով հատուկ հայտարարություն ընդունելուն: Ըստ էության՝ ինքնաթիռը առիթ էր այդ օրինագիծը ներկայացնելու համար: Երբ ՌԴ-ն սեպտեմբերին սկսեց ահաբեկչության դեմ օդուժով պայքարը, ակնհայտ էր, որ Թուրքիան դա բավական հակասական ընդունեց, և այդ երկրի վերաբերմունքը տարբեր դրսևորումներ ունեցավ, միայն ինքնաթիռի խոցումը չէր: Ուղղակի ինքնաթիռի խոցումը շատերի համար ակնհայտ դարձրեց հայկական այն մոտեցումը, որ ժամանակին և՛ Թուրքիայի գործած հանցագործությունը միջազգայնորեն ամբողջապես դատապարտելը կզսպեր Թուրքիային, և՛ Թուրքիան այսօր տարածաշրջանում չէր վարի ապակառուցողական քաղաքականություն:
– Ձեր կարծիքով՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծը ՌԴ Պետդումայում ի՞նչ ճակատագիր կունենա: Այն կնդունվի և օրե՞նք կդառնա, թե, այնուամենայնիվ, ՌԴ-ն ու Թուրքիան նորից կլավացնեն իրենց հարաբերությունները, իսկ արդյունքում հայկական հարցը պարզապես ևս մեկ անգամ շահարկվեց:
– Այն, որ արդեն նման նախաձեռնություն է եղել, իհարկե, Պետդումայում կամ ընդհանրապես ՌԴ քաղաքական շրջանակներում քննարկման առարկա կդառնա, ինչը նաև կարող է դառնալ ռուս-թուրքական քննարկման առարկա: Ներկայումս այնպիսի իրավիճակ է, որ շատ դժվար է ասել, թե իրադարձություններն ինչ ուղղությամբ կզարգանան: Մենք տեսնում ենք, որ հետաձգվեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Անկարա, Էրդողանի այցը Մոսկվա: Եվ դժվար է ասել, թե ռուս-թուրքական երկխոսությունը երբ կվերականգնվի, և այդ երկխոսության մեջ այս թեման ինչ տեղ կգրավի: Իսկ այն, որ ՌԴ Պետդումայում կամ քաղաքական շրջանակներում այդ թեման զարգացում կունենա, միանշանակ է: