(ԱԲԱՌԱԺ) Նոյեմբերի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով իր վճիռը՝ նշելով, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը՝ խոսքի արտահայտման ազատությունը, և այդ նկատառումով Փերինչեքն արդարացվել է:
Այս թեմայի շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Գասպար Կարապետյանի հետ:
Այն հարցին, թե դատարանի արդյունքը մեզ՝ հայերիս համար հաղթանա՞կ էր, թե՞ պարտություն, Գ.Կարապետյանը պատասխանել է. «Չի կարելի դատավճռին բացարձակ հաղթանակի կամ պարտության եզր տալ: Այո, Փերինչեքն արդարացվեց, դատարանը որոշեց, որ նրա խոսքի ազատությունը սահմանափակված է: Մյուս կողմից՝ Փերինչեքի պահանջներից ո՛չ մեկը չարդարացվեց, ինչպես օրինակ՝ իր դատական ծախսերը, վնասի հատուցումը եւ այլն։ Ջեֆրի Ռոբերթսոնը շատ ճիշտ է ասել, որ դատարանը Փերինչեքին ոչ մի բան չի տվել, քան, նվազագույնը, օրենքի սահմաններում։ Պարտված կողմ դուրս եկավ Շվեյցարիան, քանի որ ժխտողականության օրենքը ճիշտ ձեւով չի կիրառել: Դա էլ հանդիսացավ Փերինչեքի արդարացման պատճառ:
Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա նշեմ, որ այն պահից, ինչ Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը կասկածի տակ դրվեց, Հայաստանն ու հայությունը ներկայացված էին որպես երրորդ կողմ: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Վերին պալատն իր որոշման մեջ հստակ նշել է, որ այս դատարանի իրավասությունների մեջ չի մտնում ցեղասպանությանը գնահատական տալը ու չեղյալ է համարել նախորդ վճիռը, որով կասկածի տակ կդներ Հայոց ցեղասպանության փաստը։ Այս առումով՝ մենք գոհ ենք։
Մենք գոհ ենք նաև այլ կետի համար, որ 17 դատավորներից յոթը դեմ էին վճռին` տալով շա՛տ հստակ ձեւով իրենց գնահատականը՝ թե հայոց ջարդերը այլ բան չեն, քան՝ Ցեղասպանություն։ Այս յոթի մեջ էր նաև դատարանի նախագահը»:
Այն հարցին, թե արդյո՞ք Փերինչեքի դատապարտման դեպքում կարող էինք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ակնկալել ինչ-որ նոր զարգացումներ, Գ.Կարապետյանը պատասխանել է. «Հավանաբար` այո, բայց չենք կարող առաջնորդվել «եթե» -ներով: Շատ կարեւոր է նշել, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ընթացքում ցեղասպանության ճանաչումը նոր, մեծ թափ է ստացել, ինչը չկար անցյալում, հատկապես մոտ անցյալում՝ ծանոթ արձանագրություններից առաջ: Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում ամենակարևորը Եվրոպական միության խորհրդարանի ճանաչումն է և Ֆրանցիսկո պապի հայտարարությունը։ Մեր ուղեցույցն է` ճանաչման եւ դատապարտման բանաձեւերը, որոնք ճամփա կբացեն ցեղասպանության հատուցման գործընթացի համար»:
Հոլոքոստի ժխտման դեպքում դա համարժեք է հանցանքի, հակաժողովրդավարական գաղափարախոսության, մինչդեռ Փերինչեքի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման հարցով պատժի կիրառում չեղավ. արդյո՞ք դա ցեղասպանություն ապրած ժողովուրդների միջեւ խտրականություն չէ: Այս վերաբերյալ Գ.Կարապետյանը նշել է. «Հոլոքոստը տեղի ունեցավ Եվրոպայի սրտում, իսկ Հայոց ցեղասպանությունը՝ Օսմանյան կայսրության մեջ։ Նույնիսկ աշխարհագրական այս տարբերակումը տեղ գտավ դատավճռի մեջ, որը սխալ է։ Փերինչեքը 2005 թվականին Հայոց ցեղասպանությունն ուրացող կոչեր հղեց Շվեյցարիայում, 2007 թվականի հունվարին Հրանտ Դինքը սպանվեց Պոլսում:
Դատարանի տրամաբանությամբ` քանի որ Շվեյցարիայում հայ եւ թուրք համայնքների միջեւ բախումներ և վայրագություններ տեղի չունեցան, ուրեմն Փերինչեքի հայտարարությունները ժողովուրդների միջեւ բախումներ չեն առաջացրել, ուրեմն Շվեյցարիան օրենքը խիստ ձեւով է կիրառել։ Ծիծաղելին այն է, որ ճիշտ այս կետի վրա էր կենտրոնացած Թուրքիայի մարդու իրավունքների հաստատությունը, թուրքական «Իրականություն – հիշողություն – արդարարություն» կազմակերպության նոթը՝ ուղարկված դատարանին՝ բացահայտելով Փերինչեքի իսկական դեմքը, իր ղեկավարած «Թալեաթ Փաշա կոմիտե»-ի իրական նպատակը, որն է՝ ժխտել Հայոց ցեղասպանությունը։
Դժբախտաբար, դատարանը նկատի չառավ այս կետերը, որովհետեւ Շվեյցարիան նախնական դատավարության ընթացքում անդրադարձ չի կատարել։ Իսկ մենք` հայերս, մի՛շտ կոչ ենք արել, որ ցեղասպանության զոհ դարձած ազգությունների միջեւ խտրություն դնելը ճիշտ չէ՝ հավատալով «երբե՛ք նորից» կարգախոսին։ Մենք մի՛շտ պաշտպանել ենք Օսմանյան կայսրության տարածքում ցեղասպանության զոհ դարձած ժողովուրդներին, ինչպես նաեւ տուտսիներին եւ հրեաներին, որոնց հետ հաճախ համագործակցում ենք Եվրոպայում եւ այլուր»:
Այն վերաբերյալ, թե այս դատավարությունը կարո՞ղ է խոչընդոտ հանդիսանալ այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունելուն՝ Գ.Կարապետյանն ասել է. «Չեմ հավատում, որ դա կարող է խոչընդոտ լինել: Դատավարությանը Շվեյցարիան ներգրաված էր, թե «ասե՛ք, մեր սխալն ո՞ւր կիրարկված է» հասկացողությամբ։ Ամեն պարագայում, այս դատավճիռը կարող է ճամփա բացել ավելի ճիշտ եւ ավելի հստակ օրենքների, որոնք պիտի քրեականացնեն Հայոց ցեղասպանությունը, եւ ընդհանրապես՝ ցեղասպանությունների ժխտումը։ Ինչ էլ լինի, սակայն, Հայոց ցեղասպանության ճանաչումը անշրջելի իրականություն է, որ ճամփա կբացի դեպի Թուրքիայի կողմից հատուցումներ ստանալը։ Ո՛չ մի դատարանի որոշում մեզնից չի կարող այդ իրավունքը խլել»:
Զրուցեց Լուսինե Թեւոսյանը