Կիրո Մանոյան. Համանախագահներն ու Հայաստանը խոսում են մեկ լեզվով, Ադրբեջանը` մեկ այլ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա վիճակը ՀՅԴ Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանը բնութագրում է ծանր, քանի որ բանակցություններում կողմերից մեկը` Ադրբեջանը,չի ցանկանում համաձայնել միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկվող լուծման տարբերակին եւ փորձում է փոխել մոտեցումները:

Հետեւելով բանակցությունների ընթացքին` Կիրո Մանոյանը տպավորություն է ստացել, որ կողմերը երկու տարբեր լեզուներով են խոսում: Հայաստանն ու համանախագահող պետությունները մի լեզվով են խոսում, Ադրբեջանը` մեկ այլ: Ցանկացած հարց Ադրբեջանն իրեն նպաստավոր պայմաններով եւ որոշ վերապահումներով է պատկերացնում:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` վերջին այցելությունը տարածաշրջան Մանոյանը բնութագրում է անարդյունավետ, քանի որ կարծես թե խաթարվում է գործընթացի շարունակականությունը:

Մանոյանի ներկայացմամբ, համանախագահների ինստիտուտը պետք է իրեն արդարացնի` գտնի նոր լուծումներ, հնչեցնի նոր առաջարկներ: «Համանախագահների այսօրվա մոտեցումն այն է, որ իրենք կեղծ հավասարություն են դրել կողմերի միջեւ եւ չեն ուզում տեսնել ու ընդունել, որ գործընթացը խափանող մոտեցում կա Ադրբեջանի կողմից:

Գիտակցելով հանդերձ, որ հաղթելու շանս չունի, Ադրբեջանն այնպիսի քայլեր է ձեռնարկում, որոնք կարող են հանգեցնել նոր պատերազմի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մանոյանը:

Նրա խոսքով` համանախագահող պետությունները շարունակ հանդուրժում են Ադրբեջանի քաղաքականությունը: Նրանք ոչ քայլեր են ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման ուղղությամբ, ոչ էլ անհրաժեշտ միջոցառումներ իրականացնում` զսպելու Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու քայլերը: «Սա վտանգավոր է դարձնում իրավիճակը: Որքան հետաձգվի խաղաղության ամրագրումը, այնքան ապակայունացման վտանգը կշատանա: Կարգավորումը պետք է բանակցությունների միջոցով իրականացվի: Ադրբեջանը պետք է հասկանա, որ իր սանձազերծած պատերազմի հետեւանքները պետք է իր վրա զգա»,- ասաց Մանոյանը` նշելով նաև, որ համանախագահող պետությունները, Ադրբեջանի հետ որոշակի ընդհանուր շահեր ունենալով, չեն ցանկանում նեղացնել նրան, հանդուրժում են անհանդուրժելին եւ հայտարարված սկզբունքներին դեմ քայլեր են կատարում: «Այս կերպ նրանք նպաստում են ոչ միայն սահմանին լարվածության ուժեղացմանը, այլեւ վտանգում տարածաշրջանի կայունությանը: Նրանք դա հասկանում են, սակայն այլ կեցվածք դրսեւորում»,-նկատեց ՀՅԴ ներկայացուցիչը:

Միջազգային հանրությունը և, մասնավորապես, ԵԱՀԿ ՄԽ պետությունները այլ երկրներում հակամարտության կարգավորման վերաբերյալ այլ պահվածք են ունեցել: Կոսովոյի, Աբխազիայի կամ Հարավային Օսիայի պարագայում միջազգային հանրության դիրքորոշումն այլ էր:

«Կոսովոյի պարագայում երկու տարին բավական էր, որպեսզի Արեւմուտքը հասկանար` բանակցություններն առաջընթաց չեն ունենա, կողմերը դիրքորոշում չեն փոխի, եւ միջազգային համայնքը քայլեր ձեռնարկեց: Ռուսաստանը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցով նույն մոտեցումը դրսեւորեց: Մինչդեռ Ղարաբաղի դեպքում նրանք ակտիվորեն աշխատում են ճանաչման քաղաքականության դեմ:

Այս կապակցությամբ Մանոյանը կարծում է, որ, բանակցություններին զուգահեռ, հայկական կողմը պետք է երկու ճակատով աշխատի` բարեփոխի ժողովրդագրական վիճակն ու քայլեր ձեռնարկի Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ:

«Պարզ է , որ որեւէ պետություն չի համաձայնի ամբողջական ճանաչում տալ միանգամից` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ համանախագահող երկրները դեմ են, սակայն պետք է նպաստենք, որ Արցախին պարտադրվող մեկուսացման իրավիճակը փոխվի, եւ Արցախը որպես պետական միավոր հնարավորություն ունենա կապ հաստատելու արտասհամանի ամենատարբեր միավորների հետ»,-ասաց Հայ դատի քաղաքական հարցերի պատասխանատուն:

Այս առնչությամբ, 2013-ից սկսված ճանաչման գործընթացին զուգահեռ Մանոյանն առաջարկում է կենտրոնոնալ կոնկրետ գործակցությունների վրա, որոնք, բացի որոշումներից եւ հայտարարություններից, նոր որակ կբերեն ճանաչումներին եւ կնպաստեն Արցախի եւ տվյալ պետության հասարակության միջեւ հարաբերությունների հաստատմանը, տնտեսական եւ այլ ոլորտներում համագործակցությանը:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փետրվարի 2-ին այցելեցին տարածաշրջան, եղան Երեւանում եւ Բաքվում, հանդիպեցին երկու երկրների նախագահների, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հետ: Տարածաշրջանային այցելությունից հետո հայտարարության մեջ համանախագահները կողմերին զսպման կոչ արեցին` հայտարարելով, որ սահմանի լարվածությունը խոչընդոտում է բանակցությունների ընթացքին: Սա այն պարագայում, երբ հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտում է Ադրբեջանն ու նպաստում տարածաշրջանում անկայունությանը: Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտում է նաեւ այս օրերին` հաշվի չառնելով Միջազգային օլիմպիական կոմիտեի` օլիմպիական զինադադար պահպանելու կոչը:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

ՏԱՐԲԵՐ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա վիճակը Կիրո Մանոյանը բնութագրում է ծանր, քանի որ բանակցություններում կողմերից մեկը` Ադրբեջանը, չի ցանկանում համաձայնել միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկվող լուծման տարբերակին եւ փորձում է փոխել մոտեցումները:
Հետեւելով բանակցությունների ընթացքին` Կիրո Մանոյանը տպավորություն է ստացել, որ կողմերը երկու տարբեր լեզուներով են խոսում: Հայաստանն ու համանախագահող պետությունները մի լեզվով են խոսում, Ադրբեջանը` մեկ այլ: Ցանկացած հարց Ադրբեջանն իրեն նպաստավոր պայմաններով եւ որոշ վերապահումներով է պատկերացնում:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին այցելությունը տարածաշրջան Մանոյանը բնութագրում է անարդյունավետ, քանզի կարծես թե խաթարվում է գործընթացի շարունակականությունը: Մանոյանի ներկայացմամբ, համանախագահների ինստիտուտը պետք է իրեն արդարացնի` գտնի նոր լուծումներ, հնչեցնի նոր առաջարկներ:
«Համանախագահների այսօրվա մոտեցումն այն է, որ իրենք կեղծ հավասարություն են դրել կողմերի միջեւ եւ չեն ուզում տեսնել ու ընդունել, որ գործընթացը խափանող մոտեցում կա Ադրբեջանի կողմից: Գիտակցելով հանդերձ, որ հաղթելու շանս չունի, Ադրբեջանն այնպիսի քայլեր է ձեռնարկում, որոնք կարող են հանգեցնել նոր պատերազմի»,- նշել է Մանոյանը:
Ըստ նրա, համանախագահող պետությունները, Ադրբեջանի հետ որոշակի ընդհանուր շահեր ունենալով, չեն ցանկանում նեղացնել նրան, հանդուրժում են անհանդուրժելին եւ հայտարարված սկզբունքներին դեմ քայլեր են կատարում: «Այս կերպ նրանք նպաստում են ոչ միայն սահմանին լարվածության ուժեղացմանը, այլեւ վտանգում տարածաշրջանի կայունությունը: Նրանք դա հասկանում են, սակայն այլ կեցվածք դրսեւորում»,- նկատել է ՀՅԴ ներկայացուցիչը:
Կ.Մանոյանը կարծում է, որ, բանակցություններին զուգահեռ, հայկական կողմը պետք է երկու ճակատով աշխատի` բարեփոխի ժողովրդագրական վիճակն ու քայլեր ձեռնարկի Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ:

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ (armworld.am)