ԽԱՄԱՃԻԿՆԵՐԻ ԹԱՏՐՈՆ ՉԷ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ

(armworld.am) «Շվեյցարիան ընդդեմ Փերինչեքի արդարացման» գործի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի «սողոմոնյան որոշումը», մեր հարցերին ի պատասխան, մեկնաբանում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԸ:

-ՄԻԵԴ Վերին պալատի վճիռն իրո՞ք «ամբողջությամբ բավարարում է» հայկական կողմի ակնկալիքները, ինչպես նշված է գլխավոր դատախազության հայտարարության մեջ։

-Հայաստանի գլխավոր դատախազությունն այս վճռին անդրադարձել է զուտ Հայաստանի պահանջների տեսանկյունից։ Իսկ Հայաստանի պահանջը վերաբերում էր բացառապես Հայոց ցեղասպանության հետ կապված նախորդ՝ Ստորին պալատի վճռի մեջ տեղ գտած թերությունները վերացնելուն։ Դրանով դատարանը, ըստ էության, հարցականի տակ էր դրել Հայոց ցեղասպանության փաստը։

Հիմա Մեծ պալատն ասում է՝ նախ, մեզ ոչ ոք չի դիմել այդ հարցով, երկրորդ՝ մենք նման գնահատականներ տալու լիազորություն չունենք. միջազգային քրեական դատարանները կարող են այդ հարցով զբաղվել՝ դա մեր գործը չէ։ Այս իմաստով, այո, Հայաստանի պահանջը 100 տոկոսով բավարարվել է։

Մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ դատարանը չի ասում՝ Հայոց ցեղասպանությունը քրեականացնող Շվեյցարիայի օրենքը սխալ է. արձանագրում է, որ օրենքն այս դեպքում ճիշտ չի կիրառվել։ Սա նշանակում է, որ այլ պայմաններում՝ եթե Փերինչեքն այլ նպատակ հետապնդեր (դատարանն արձանագրել էր, որ Փերինչեքը հայատյացություն քարոզելու, հայերի նկատմամբ ատելություն սերմանելու նպատակով չի արել այդ հայտարարությունը), նրան կարելի էր եւ պատասխանատվության ենթարկել։

Սա կարեւոր է, որովհետեւ չնայած Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարում է, թե սա մեկընդմիշտ փակում է «այսպես կոչված Հայոց ցեղասպանության» ժխտումը քրեականացնելու ճանապարհը, իրականում այդպես չէ։

-Այնուամենայնիվ չե՞ք կարծում, որ այդ վճիռը եվրոպական մյուս երկրներին կստիպի ավելի զգուշավոր լինել նման օրենքներ ընդունելիս։

-Ճիշտ է, այն երկրները, որոնք չեն ուզում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք որդեգրել, կարող են այս վճիռը որպես պատրվակ օգտագործել, բայց ընդամենը՝ որպես պատրվակ։ Մեծ պալատը չի ասում՝ նման օրենք չի կարելի ընդունել, թեեւ շարունակում է տարբերակում դնել Հոլոքոստի եւ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքների միջեւ։ Բայց ո՛չ այն հիմնավորմամբ, որ Ստորին պալատն էր բերել՝ ասելով, թե Հոլոքոստը, ի տարբերություն Հայոց ցեղասպանության, դատարանով հաստատված փաստ է։

Ասում է՝ դա չէ խնդիրը, այլ այն ազդեցությունը, որ ժխտողականությունը կարող է ունենալ հատկապես այն երկրներում, որտեղ մարդկության դեմ ոճիրներ են գործվել։

Մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ դատարանը խոսում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մեկ այլ կետի՝ ժողովրդի արժանապատիվ ապրելու իրավունքի մասին, ներառյալ հիշողությունը, եւ ասում է՝ մենք փորձել են հավասարակշիռ վճիռ արձակել, գտնել այդ երկու հոդվածների՝ արժանապատիվ ապրելու իրավունքը եւ խոսքի ազատությունն ամրագրող հոդվածների «ոսկե միջինը»։

Իհարկե, մեզ համար ընդունելի չէ այդ «հավասարակշիռ» մոտեցումը, որովհետեւ իրականում անտեսվում է այն փաստը, որ Փերինչեքի հայտարարությունն ինքնին արդեն հայատյացություն սերմանող դրսեւորում է՝ առնվազն Թուրքիայի պարագայում այդպես է։

Մենք համամիտ ենք ՄԻԵԴ 7 դատավորների կարծիքին, որ սա երկչոտ որոշում է, բայց այդքանով հանդերձ՝ այդ վճիռը չի փակում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքների ընդունման հարցը։ Հակառակը, նույնիսկ հուշում է, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, ինչ աշխատանքներ տանենք, ինչ մոտեցումներ ցուցաբերենք, որպեսզի հետագայում նման փաստի առաջ չկանգնենք։

Այսինքն՝ նման օրենքներ որդեգրելիս հաշվի առնենք նաեւ այս տեսակետները, եւ ոչ միայն այս՝ նույն Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշման հիմնավորումը։ Սա՝ մեկ։

Երկրորդ՝ նման օրենքների հիման վրա դատական գործեր հարուցելիս հաշվի առնենք նաեւ Շվեյցարիայի կողմից օրենքի կիրառման թերացումները, որ ի հայտ եկան այս դատավարության ժամանակ, եւ ըստ այդմ առաջ շարժվենք։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը, թե Մեծ պալատի որոշումը քարտ-բլանշ է՝ միջազգային բոլոր հարթակներում վիճարկելու Հայոց ցեղասպանության փաստը։

-Իրենք ուղղակի խեղաթյուրել են դատարանի վճիռը՝ ավելի շուտ հղում անելով նախորդ վճռին, որտեղ ասվում էր, որ հարցը պատմական ուսումնասիրությունների կարիք ունի։ Վերին դատարանի վճռում նման բան չի գրված. գրված է՝ մենք 2015թ. դեպքերը Ցեղասպանություն որակել-չորակելու լիազորություն չունենք, եւ վերջ։

-Մենք նշում ենք ինչ-որ նրբերանգներ, որոնք որոշ չափով բավարարում են նաեւ հայկական կողմին, բայց փաստն այն է, որ Փերինչեքը մեծ հաշվով, կարելի է ասել, շահել է դատը։ Վստա՞հ եք, որ այս նախադեպը վարակիչ չի՞ դառնա թուրքերի համար։

-Սա ֆուտբոլի խաղ չէ, որ 2-1, 1-0 հաշվով մեկը հաղթի, մյուսը կորցնի։ Ավելի քան 100 էջանոց փաստաթուղթ է, որը չի կարող նրբերանգներ չունենալ։ Մի բառով ասել՝ Փերինչեքը հաղթեց, մենք էլ մխիթարվում ենք նրբերանգներով, կարծում եմ՝ ճիշտ չէ։

Դատարանն արձանագրել է, որ Փերինչեքին այս դեպքում չպետք էր պատժել, բայց… Այդ բայցը մնացած 100 էջի մեջ է, եւ չի կարելի դա անտեսել։ Ավելին՝ այս վճիռը հիմք է տալիս այլ պետությունների եւս՝ նման օրենքներ որդեգրելու եւ Փերինչեքի ու իր նմանների դեմ շատ ավելի ճիշտ ձեւով գործ հարուցելու այլ պետություններում, որտեղ կան նման օրենքներ։ Այսինքն՝ այնպես չէ, թե կարող են մտքով անցածն ասել ու մնալ անպատիժ։

Ավելի լավ որոշում կարո՞ղ էր լինել։ Իհա՛րկե։ Բայց, կարծում եմ, սա մեզ հնարավորություն է տալիս ավելի լավ բանաձեւված օրենքներով առաջ տանել քրեականացման գործընթացը։

-Մենք Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք էլ չունենք։

-Առանձին օրենք չունենք, բայց Քրեական օրենսգրքում ունենք դրույթ ընդհանրապես ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ։ Այս վճիռը մեզ էլ է վերաբերում, որովհետեւ մենք Եվրախորհրդի անդամ երկիր ենք եւ ենթարկվում ենք Եվրոպական դատարանի վճիռներին։

Շվեյցարիան, օրինակ, երեկ հայտարարեց, որ իրեն 6 ամիս է պետք՝ ուսումնասիրելու այդ վճիռը եւ տեսնելու՝ արդյոք, իր օրենքի կամ օրենքի կիրառման հետ կապված պե՞տք է փոփոխություններ կատարվեն, որովհետեւ բավական ծավալուն փաստաթուղթ է, որի յուրաքանչյուր պարբերություն իրավական արժեք ունի։

-Ավանդական հարց. ՄԻԵԴ վճիռը քաղաքակա՞ն էր, թե՞ իրավական։

-Երեկ ծիծաղելի մեկնաբանություններ եղան՝ որ սա Հայաստանի «արեւելյան ընտրության» հետեւանքն է. եթե ԵԱՏՄ չմտնեինք, այլ որոշում կընդունվեր։ Սա ուղղակի անլուրջ է։

Իհարկե, եվրոպական դատարանը քաղաքականացված է՝ այստեղ երկու կարծիք չի կարող լինել։ Մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ որոշումներում փորձում են հավասարակշռություն պահպանել, նույն օրը հրապարակել եւ այլն, բայց դա խամաճիկների տեղ չէ, որ պատվերով որոշումներ ընդունվեն։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ