(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագիրը հնարավորություն կտա ընդլայնել երկկողմ առևտրա-տնտեսական համագործակցությունը և հզորացնել Հայաստանի տնտեսությունը` որպես ամենաազատը տարածաշրջանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի մամուլի պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանը:
«Փոխշահավետ առևտրային կապերը կնպաստեն նաև ԱՄՆ-ի և Հայաստանի կառավարությունների միջև երկկողմ հարաբերությունների և երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը: Ամենակարևորն այն է, որ դա կնպաստի Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև օժանդակությունից դեպի առևտրի վրա հիմնված հարաբերությունների հաստատմանը»,- ասաց նա` հավելելով, որ հոկտեմբերին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղարության համաշխարհային համագործակցության գրասենյակի (Secretary’s Office of Global Partnerships) պատվիրակությունը: Այն կհետազոտի ներդրումային հնարավորությունները վերականգնվող էներգիայի ոլորտում:
2005 թվականից ԱՄՆ հայ դատի հանձնախումբը կոչ է ուղղել հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների առաջխաղացման համար: «ԱՄՆ պետքարտուղարությունը և էներգետիկայի դեպարտամենտը կոչ են արել ամերիկյան ներդրողներին, ովքեր հետաքրքրված են վերականգնովող էներգիայիով, հոկտեմբերին գալ Հայաստան և ներդրումներ կատարել այդտեղ»- ասաց Չուլջյանը:
Նրա խոսքով` ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շարունակելու է աշխատանքները ԱՄՆ և Հայաստանի միջև հարկային նոր համաձայնագրի ստորագրման ուղղությամբ. «Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ ամերիկյան ներդրողները, գործունեություն ծավալելով Հայաստանում, ստիպված չեն լինի կրկնակի հարկ մուծել: Դրա համար պետք է կնքել նոր համաձայնագիր: Այսօր գործող փաստաթուղթը բավարար չէ»:
Հայ դատի հանձնախումբը կապ է հաստատել ԱՄՆ առևտրի նախարարի հետ` հաջորդական քայլերը կատարելու և նման համաձայանագիր կնքելու նպատակով:
2015 թվականին մայիսի 7-ին Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրով, կողմերը հավաստում են իրենց մտադրությունը՝ ստեղծելու բարենպաստ պայմաններ ներդրումների և երկու երկրների միջև ապրանքաշրջանառության, առևտրի խրախուսման համար։
Նախատեսվում է ձևավորել Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդ, որի հանդիպումներն անց են կացվելու առնվազն տարին մեկ անգամ։ Խորհուրդը կոչված է՝ բացահայտելու երկկողմ ներդրումների և առևտրի նոր ոլորտներ և աշխատանքներ տանելու դրանց զարգացման ու այդ ճանապարհին հնարավոր խոչընդոտների վերացման ուղղությամբ։
Հայաստանի և ԱՄՆ միջև արտահանումը 2014 թվականին կազմել է 87 մլն 546 հազար ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը` 133 մլն 370.5 հազար ԱՄՆ դոլար: ԱՄՆ արտահանվող հիմնական ապրանքատեսակներն են սպիրտ և սպիրտային ապրանքներ, գորգեր և հատակի տեքստիլ, ծածկոցներ, ադամանդներ և այլ թանկարժեք ու կիսաթանկարժեք քարեր, մետաղներ ինչպես նաև` ալյումին: Իսկ Միացյալ Նահնագներից Հայաստան հիմնականում ներմուծվոում են ավտոմեքենաներ (մարդատար եւ բեռնատար), բջջային հեռախոսներ և կապի այլ սարքավորումներ, համակարգիչներ, հագուստ, միս և մսամթերք: