«ԱԼԻՔ», Կ. Դ. – «Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի արձագանգը՝ Թուրքիայում»՝ յիշեալ խորագրի տակ ամփոփւած, երէկ՝ մայիսի 18-ի երեկոյեան, Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն՝ «ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ, հաստատութեան կենտրոնատեղիում կազմակերպւել էր դասախօսական երեկոյ: Դասախօս էր հրաւիրւած Թուրքիայի հարցերի փորձագէտ՝ Գրիգոր Ղազարեանը:
Սկզբում «ՀՈՒՍԿ»-ի անունից թեմայի եւ դասախօսի մասին արտայայտւելով Հայ Դատի յանձնախմբի փոխնախագահ Արամ Շահնազարեանը նշեց, որ ակնկալւում էր, որ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած միջոցառումները թէ՛ հայ իրականութեան մօտ, եւ թէ՛ միջազգային հարթակում եւ դրանց անդրադարձը տարբեր բնոյթի լինէր անցեալի համեմատութեամբ, եւ հէնց այդպէս էլ եղաւ: Նա նշեց, որ Հայոց Ցեղասպանութեան մասին անդրադարձը Թուրքիայում երկու կտրւածքով ուշադրութեան արժանի էր, նախ՝ պաշտօնական Անկարայի եւ պետայրերի, երկրորդը՝ թուրք հասարակութեան եւ մտաւորականութեան դիտանկիւնից: Ապա նա հրաւիրեց օրւայ դասախօս Գրիգոր Ղազարեանին, որը Թուրքիայում իրականացւող միջոցառումներին մասնակցելու նպատակով այդ օրերին հրաւիրւել էր Թուրքիա: Դասախօսը մէկժամեայ ելոյթի ընթացքում հետաքրքիր եւ համապարփակ զեկոյց ներկայացրեց ապրիլի 20-ից մայիսի 1-ի ժամանակաշրջանում անցկացւած աննախընթաց եւ լայնամասշտաբ ծրագրերի մասին, որոնք իրականացւում էին Թուրքիայի հասարակական կազմակերպութիւնների եւ հայ համայնքի միջոցով:
Դասախօսը նշեց, որ սրանից 10 տարի առաջ Թուրքիայում օրէնքի ամբողջ խստութեամբ արգելւած էր Ցեղասպանութեան մասին արտայայտւելը, բայց այսօր Թուրքիայում, յատկապէս մտաւորական խաւը եւ հասարակական կազմակերպութիւնները, այլ դիտանկիւնով են մօտենում Հայոց Ցեղասպանութեանը, որն ունի իր պատճառները, ինչպէս Թուրքիայի փայփայած ցանկութիւնը՝ Եւրոմիութեանը միանալու, կամ քրդական ու այլ փոքրամասնութիւնների շարժումները:
Դասախօսը անդրադարձաւ ապրիլի 22-ին Ստամբուլի ամենամեծ դահլիճում «Անատոլու քուլտուր» կազմակերպութեան նախաձեռնած մեծ համերգ- երեկոյին, որը նւիրւած էր 1915-ի ապրիլի 23-ին ձերբակալւած եւ նահատակւած հայ մտաւորականներին, մէկ այլ միջոցառմամբ համահաւաք էր կազմակերպւել Կոմիտաս վարդապետի բնակարանի մօտ, երթ դէպի Հրանտ Դինքի դամբարան կամ նստացոյց՝ Թաքսիմ հրապարակում. սրանք յաջորդ օրերին անցկացւած այլ միջոցառումներն էին:
Նա աւելացրեց, որ միջոցառումները իրականանում էին ոչ միայն Ստամբուլում, այլ, նաեւ Դիարբեքրում եւ մասնակցութեամբ թուրք կամ այլ փոքրամասնութիւնների ներկայացուցիչների, որոնց նպատակն էր, ընդհանրապէս հայի եւ մասնաւորապէս Հայոց Ցեղասպանութեան մասին իրազեկել թուրք ժողովրդին, որի պատմութեան դասագրքերից զեղչւած է այդ թեման:
Դասախօսը նաեւ կարեւորութեամբ անդրադարձաւ Թուրքիայում բնակւող հայ համայնքի հետ կապերի ընդլայնմանը Սփիւռքի կողմից:
Վերջում թեմայի կապակցութեամբ ներկաների կողմից հնչեցին հարցեր, որոնց պատասխանեց դասախօսը: