(ilur.am) Թուրքական «Հուրիեթ» թերթում ապրիլի 24-ին հրապարակված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ «Հայաստանը երբեք Թուրքիային կամ որևէ այլ երկրի տարածքային պահանջներ չի ներկայացրել: Մեր պետության արտաքին քաղաքական օրակարգում նման խնդիր չի եղել և չկա»: iLur.am-ի հետ զրույցում այս հայտարարությունը մեկնաբանում է ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը:
Պարոն Մանոյան, օրերս Սերժ Սարգսյանը թուրքական «Հուրիեթ»-ին տված հարցազրույցում մասնավորապես նշել է, որ Հայաստանը Թուրքիային երբեւէ տարածքային պահանջ չի ներկայացրել, եւ որ այդ հարցը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում չկա: Ինչպե՞ս եք ընդունում այս հայտարարությունը, մանավանդ Համահայկական հռչակագրի ընդունման ֆոնին, որտեղ պահանջատիրական տարրեր կան:
Նախագահի (նկատի ունի Սերժ Սարգսյանին-խմբ.) ասածը իրականության արձանագրումն է՝ Հայաստանը Թուրքիային տարածքային պահանջ չի ներկայացրել, եւ այդ հարցը ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում չկա: Բայց մինչեւ Համահայկական հռչակագրին գալը ես կուզեմ մեջբերել 2009-ի հոկտեմբերի 10-ին՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման առավոտը Սերժ Սարգսյանի արած ուղերձը, որում, նա, մասնավորապես, ասում է, որ «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա սահմանների հարցը ենթակա է լուծման միջազգային իրավունքի համաձայն: Արձանագրությունները դրանից ավելի ոչինչ չեն ասում»:
Բացի դրանից, 2010-ի նոյեմբերի 23-ին, ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի (որով Հայաստանին էին փոխանցվում Արեւմտյան Հայաստանի տարածքների զգալի մասը-խմբ.) 90-ամյակին նվիրված գիտաժողովի ժամանակ Սարգսյանն ասել է. «Այդուհանդերձ, դրա նշանակությունը չի կարելի թերագնահատել. այդ որոշմամբ հայ ժողովրդի կորուսյալ հայրենիքի իղձը ստացավ կենարար և իրավական ուժ»: Ինչ վերաբերում է Համահայկական հռչակագրին, այնտեղ եւս, ոչ թե ասվում է, որ Հայաստանը տարածքային պահանջ ունի Թուրքիայից, այլ կարեւորվում է Վիլսոնի իրավարար վճիռը եւ Սեւրի դաշնագիրը, եւ խոսվում է անհատական, համայնքային եւ համազգային մակարդակում փոխհատուցման անհրաժեշտության մասին:
Այսինքն, այդ հայտարարությունը նախկին դիրքորոշման փոփոխություն կամ նահա՞նջ է:
Ոչ: Ոմանք այստեղ դիրքորոշման փոփոխություն, նահանջ են տեսնում, բայց ես չեմ տեսնում: Փաստ է, որ Թուրքիան անընդհատ պահանջում է, որ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվի տարածքային պահանջներից, բայց ՀՀ-ն չի հրաժարվել՝ չհաշված 2009-ի Արձանագրությունները, որտեղ առկա մեկ պարբերությունը կարող է մեկնաբանվել որպես հրաժարում: Ռոբերտ Քոչարյանն էլ է ժամանակին ասել, որ այս պահին օրակարգում այդ հարցը չկա եւ որ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը ինքնաբերաբար տարածքային պահանջների հարց չի բարձրացնում, բայց չէր ասել, որ ապագայում պահանջներ չեն լինի, ինչպես եւ Սերժ Սարգսյանը չի ասել: Սերժ Սարգսյանը չի կարող վաղվա մասին խոսել:
Վերջին օրերի որոշ հայտարարություններում Սերժ Սարգսյանը նաեւ ուղերձներ է անում, որոնք կարելի է մեկնաբանել որպես հայ-թուրքական արձանագրությունները ապասառեցնելու հրավեր, այդպես չէ՞:
Դա նոր մեսիջ չի, ստորագրությունից առաջ էլ, հետո էլ, նույնիսկ ԱԺ-ից հետկանչելուց հետո [Սերժ Սարգսյանն] ասել է, որ արձանագրությունները դեռ կենդանի են, որ հետկանչը միայն քաղաքական քայլ եր: Դրա համար էլ Դաշնակցությունն ասում է, որ այդ արձանագրություններից պետք է իրավականորեն ազատվել:
Այսինքն, կարո՞ղ ենք արձանագրել, որ Դաշնակցության՝ իշխանությանը ներկայացրած «7 կետերի» այն մասը, որը վերաբերում էր հայ-թուրքական արձանագրություններին, դեռ լուծում չի ստացել:
Այո, այդպես է: