(armenianow.com) Թեպետ Գերմանիայի նախագահը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին իր ելույթում օգտագործեց «ցեղասպանություն» եզրը, սակայն դեռևս պարզ չէ, թե այդ երկրի խորհրդարանը ե՛րբ կընդունի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև:
Հայկական մի շարք լրատվամիջոցներ դեռևս ապրիլի 24-ին, երբ Գերմանիայի խորհրդարանում քննարկվում էր բանաձևը, հղում անելով Reuters գործակալությանը, գրեցին, թե այն ձայների մեծամասնությամբ ընդունվել է, մինչդեռ դեռևս օրվա սկզբին հաղորդվում էր, թե բանաձևի քվեարկությունը տեղի կունենա ապրիլի 30-ին:
Սակայն Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում աշխատող հայ լրագրող Տիգրան Պետրոսյանն «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ ապրիլի 24-ին Բունդեսթագում քվեարկություն չի եղել և չէր նախատեսվում։
«Ապրիլի 24-ին Բունդեսթագում տեղի են ունեցել ընդամենը լսումներ, քննարկումներ Հայոց ցեղասպանության թեմայով: Նիստը պաշտոնապես կոչվում էր «Քննարկումներ հայերի տեղահանության և բնաջնջման վերաբերյալ»: Այն տեղեկությունները, թե Գերմանիայի խորհրդարանը ապրիլի 24-ին ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել Հայոց ցեղասպանության մասին բանաձևին, թյուրիմացություն է: Այլ հարց է, որ պատգամավորներն իրենց ելույթներում 1915 թվականի դեպքերն անվանել են ցեղասպանություն»,- ասել է Պետրոսյանը՝ հավելելով, որ նախագծերը քննարկումից հետո դեռևս պետք է ուղարկվեն արտաքին հարաբերությունների հանձնաժողով, քննարկվեն նաև մարդու իրավունքների և Եվրոպայի հարցերով հանձնաժողովներում: Հստակ ժամկետ չի նշվել, թե ե՛րբ կարող է ընդունվել վերջնական բանաձևը:
Գերմանիայի համար, որը 1915-ին Թուրքիայի դաշնակիցն էր և այսօր էլ Թուրքիայի համար կարևոր առևտրային գործընկեր է Եվրամիությունում, որտեղ ապրում է թուրքական մեծ համայնք, նման դիրքորոշում հայտնելը թեև այդքան էլ հեշտ չէ` հաշվի առնելով թուրքական կողմի ճնշումները, սակայն ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը վստահ է, որ բանաձևն ընդունվելու է:
«Քննարկումների ժամանակ բոլոր կուսակցություններն էլ նշել են, որ պետք է ցեղասպանություն որակումը տալ: Գերմանիան դեռևս 2005-ին ընդունած բանաձևում ցեղասպանություն որակումը վերագրել էր մասնագետներին՝ այդպիսով խուսափելով հենց ցեղասպանության որակումն իրենց կողմից տալուց: Սակայն դեռևս այն ժամանակ ընդունվել էր, որ նաև իրենք ունեն պատասխանատվության բաժին, ու կարծում եմ, որ այս նոր բանաձևը կլինի ավելի հստակ ու ճիշտ»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Մանոյանը:
Ըստ Մանոյանի՝ թեև տեղի հայ համայնքի տասնամյակների աշխատանքն իր դրական ազդեցությունն է ունեցել, սակայն Գերմանիայի նման կեցվածքը հենց այնտեղ տիրող ընդհանուր մթնոլորտի դրսևորումն է, ինչը մեկ հոգու աշխատանքի արդյունք չէ:
«Գերմանիայի բողոքական եկեղեցու կեցվածքը, Գերմանիայի տեղի հայ համայնքի կեցվածքը` բոլորն էլ ի նպաստ էին, որ Գերմանիան ճիշտ որակումը տա և չխուսափի: Նույնիսկ երկու կուսակցություններից բաղկացած իշխող կոալիցիայի մեջ շատերն ասում էին, որ խայտառակություն կլինի, եթե մենք ինչ-որ պատճառով խուսափենք դեպքերն իրենց անուններով կոչելուց: Սա ընդհանուր երևույթ էր՝ վայել Գերմանիային, ի վերջո, Գերմանիան ընդունել է իր մեղքն ու վերցրել պատասխանատվությունը հրեաների ողջակիզման համար, և Գերմանիայից այլ կեցվածք ակնկալել ճիշտ չէր լինի»,- ասում է Մանոյանը:
Գոհար Աբրահամյան