Շոկից հետո Հայաստանը դեպի ԵՄ շարժվելու նշաններ է ցույց տալիս. Պետո Դեմիրճյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը:

– Պարոն Դեմիրճյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկա փուլը։ Այսօր Սերժ Սարգսյանն իր ելույթում նշեց, որ որքան էլ ՀՀ-ն ԵՏՄ անդամ է, շարունակում է ակտիվորեն միջազգային ինտեգրացիոն գործընթացներին մասնակցել և հնարավորինս օգուտ քաղել։ Այս պահի դրությամբ դուք զարգացման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում։

– Այո, այդպես է։ Առաջին շոկից հետո Հայաստանը նշաններ է ցույց տալիս, որ ուզում է իր հարաբերությունները շարունակել ԵՄ-ի հետ։ Վերջին նման նշանն այն էր, որ նոյեմբերին Հայաստանից մեծ պատվիրակություն էր մեկնել Բրյուսել Կարեն Ճշմարիտյանի գլխավորությամբ, որը նոր համաձայնագրերեր ստորագրեց ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով նոր հանձնակատար Յոհաննես Հանի հետ։ Նա վաղը կլինի այստեղ, իսկ այս օրերին Երևանում «Եվրանեսթի» ԽՎ լիագումար նիստի կայացումը ինչ-որ առումով նշան է, որ Հայաստանը փորձում է իր ԵՏՄ անդամակցությամբ հանդերձ շարունակել գոնե քաղաքական մասով ԵՄ-ի մաս կազմել։

– Այս առումով հնարավո՞ր է «Արևելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովում Հայաստան-ԵՄ համագործակցությունն ամրագրող ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի։

– Այո, նման բան հնարավոր է, և մենք հույս ունենք, որ նման բան տեղի կունենա, որովհետև ժամանակն է, որ Հայաստանն ու ԵՄ-ն այլևս վերանայված որոշեն, թե ինչպես պիտի առաջ գնան, ինչպես պիտի Հայաստանը համադրի ԵՄ-ի հետ ասոցացման քաղաքական մասը և ԵՏՄ-ի հետ տնտեսական մասը։ Հույս ունենք, որ Ռիգայում նման փաստաթուղթ կստորագրվի։

– Անվտանգության երաշխիքներ ԵՄ-ն երբեք Հայաստանին չի տվել։ Արդյոք ԵՄ-ն երբևէ հանձն կառնի՞ նաև անվտանգության երաշխավոր դառնալ Հայաստանի համար։

– Այդ մասով այս պահին նոր բան հնարավոր չէ ասել, որովհետև հիմա ԵՄ-ն ինքը անվտանգության համակարգի խնդիրների առումով քննարկումների մեջ է, Եվրոպական բանակ ստեղծելու խոսակցություններ են ընթանում։ Դրա համար այս առումով դեռ շատ վաղ է որևէ հստակ բան ասել։ Մյուս կողմից՝ Եվրամիությունն անվտանգության խնդրին մոտենում է զենքի ու զինամթերքի էմբարգոյով, որը կիրառում է Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ։ Եվրոպայի, այսպես ասած, փափուկ ուժն այն է, որ Արևելյան հարևանության երկրներին առաջարկվող փոփոխություններով, ասոցացման համաձայնագրերով ու ծրագրերով ավելի կայուն, ժողովրդավարական երկրներ դառնան, որոնք ինքնին այս հակամարտությունները կչեզոքացնեն։

– Ձեր կարծիքով՝ Ռուսաստանը թույլ կտա՞, որ ԵՏՄ անդամ Հայաստանն ինքնուրույն որոշումներ կայացնի, բանաձևեր, պայմանագրեր կնքի ԵՄ-ի հետ, թե՞ նորից խանդով կվերաբերվի ու կարգելի Հայաստանին պայմանագիր ստորագրել ԵՄ-ի հետ։

– Այս պահին դեռ հնարավոր չէ կանխատեսել։ Մենք դրա առաջին օրինակը տեսանք 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, երբ զանազան ճնշումների ենթարկվելով՝ Հայաստանին պարտադրվեց ԵՏՄ-ի մաս կազմել։ Թե ինչ կանի Ռուսաստանը, մենք չգիտենք, բայց նաև տեսնում ենք ու գիտենք, որ Ռուսաստանի հարցը ոչ միայն Հայաստանն է, այլ ընդհանրապես տարածաշրջանը։ Մենք տեսնում ենք, որ Մոլդովան, որ «Արևելյան գործընկերության» անդամ է, Մերձդնեստրի հարցն ունի, Ուկրաինան Ղրիմի հարցն ունի, Վրաստանն արդեն երկու տարածք է կորցրել, մնում են Հայաստանն ու Ադրբեջանը, որ ԼՂ խնդիրն ունեն։ Այսինքն՝ «Արևելյան գործընկերության» երկրները մնացել են ԵՄ-ի և Ռուսաստանի քաղաքական ու տնտեսական պայքարի մեջ, որոնց մասին այս պահին հստակ բան ասել հնարավոր չէ։ Կարծում եմ, որ եթե ԵՄ-ն ու Ռուսաստանը լեզու գտնեն, համաձայնության գան, այդ դեպքում շատ ավելի հանգիստ Արևելյան հարևանության երկրները կարող են ընթանալ դեպի ժողովրդավարություն։

Ավելին՝ տեսանյութում:

Պետո Դեմիրճյան. ՀՀ-ԵՄ հարաբերությունները հստակեցվում են, Ռիգայում առաջընթաց կգրանցվի

(168.am) «Եվրանեսթի նիստը Հայաստանում կարևոր միջոցառում է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների տեսանկյունից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Եվրոպայի Հայ դատի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը` անդրադառնալով Հայաստանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստ գումարելու կարևորությանը: Նա հիշեցրեց, որ արդեն երկու անգամ է, ինչ Հայաստանը «Եվրանեսթի» աշխատանքներ է հյուրընկալում: Բայց, նրա փոխանցմամբ, առաջին անգամն է, որ Հայաստանում «Եվրանեսթի» լիագումար նիստ է տեղի ունենում:

«Հայաստանում «Եվրասնեսթի» մեկ հանձնաժողովի աշխատանք էր անցկացվել 2013թ. փետրվար ամսին, իսկ լիագումար նիստը բավականին նշանակալի ու բացառիկ իրադարձություն է, որը ցույց է տալիս, որ կողմերը հանձնառու են շարունակել համագործակցությունը: ՀՀ-ն ցույց է տալիս, որ Հայաստանը միացավ ԵՏՄ-ին, բայց երբեք չթողեց դեպի Եվրոպական միություն իր հայացքն ու քաղաքականությունը: Կարծում եմ, որ այս միջոցառումը նշան է, որ նախնական շոկը եվրոպացիների կողմից անցել է, Հայաստանի կողմից վերահաստատում կա, որ ՀՀ-ն պետք է շարունակի Եվրոպական միության հետ իր կապերը, որքան, որ համատեղելի լինի Եվրասիական տնտեսական միության հետ»,- նշեց Պետո Դեմիրճյանը:

Ըստ նրա, ՀՀ-ԵՄ համագործակցության սահմաններն առայժմ հստակեցված չեն, բայց հստակեցման ճանապարհին են: Դեմիրճյանը լիահույս է, որ Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում նոր առաջընթացի և նոր քայլերի ամրագրում տեղի կունենա: «Կարծում եմ, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների քաղաքական բաժինը կպահպանվի, պարզապես պետք է հասկանալ` ինչպես համատեղել քաղաքականը` ԵՄ-ի, իսկ տնտեսականը ԵՏՄ-ի հետ»,- ասաց Պետո Դեմիրճյանը:

ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ