Սա ողջունելի քայլ է, բայց բավարար չէ. Կիրո Մանոյանը` հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ-ից հետ կանչելու մասին

(yerkir.am) Սա առաջին քայլն է արձանագրությունները վերջնականապես վնասազերծելու ուղղությամբ: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ եւ Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` անդրադառնալով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը:

«Սա ողջունելի քայլ է, բայց բավարար չէ: Անհրաժեշտ է ամբողջությամբ վնասազերծել և ստորագրությունները հետ կանչել»,- ասաց նա և հավելեց, որ արձանագրությունները հետ կանչելու հավանականությունը միշտ էլ եղել է:

Մանոյանի խոսքով` այս մասին ՀՀ նախագահն արդեն խոսել էր դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին` Հայաստան-Սփյուռք համահայկական 5-րդ համաժողովի և և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի իր ելույթներում:

«Թուրքիայի ղեկավարությունն այսօրվա ճշմարտությունները գլխիվայր է ներկայացնում, իբր իրենք բարեկամության ձեռք են մեկնել Հայաստանին, և Հայաստանն իբր օդում է թողել իրենց մեկնած ձեռքը»,- ասաց նա և հույս հայտնեց, որ մինչև ապրիլի 24-ը հայ-թուրքական արձանագրություները վերջանականապես հետ կկանչվեն:

Նշենք, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը բազմիցս պահանջել է, որ Հայաստանն իր ստորագրությունը հետ կանչի այդ արձանագրություններից:

ՀՅԴ-ն «ողջունելի, բայց ոչ բավարար է» համարում արձանագրությունները ԱԺ-ից հետ կանչելը

(azatutyun.am) ՀՅԴ բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակ պատասխանատուի խոսքով, ողջունելի և բավարար կլինի՝ եթե արձանագրություններից պաշտոնապես հետ կանչվի Հայաստանի ստորագրությունը:

Հաջորդ քայլը պետք է լինի արձանագրություններից Հայաստանի ստորագրության ետ վերցնելը

(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ճիշտ քայլ է համարում ՀՀ ԱԺ օրակարգից հայ-թուրքական արձանագրությունների հետկանչի մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը:
Միաժամանակ, Դաշնակցությունում կարծում են, որ այս հարցում Հայաստանը պետք է գնա մինչեւ վերջ եւ հետ վերցնի ստորագրությունը նաեւ արձանագրություններից:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՅԴ Հայ Դատի քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը նշեց. «Առաջին իսկ օրվանից Դաշնակցությունը դեմ էր հայ-թուրքական արձանագրություններին եւ դրանց նախաստորագրումից հետո, երբ պարզ դարձավ, որ Թուրքիան չի ցանկանում առանց նախապայմանի Հայաստանի հետ հարաբերություն հաստատել, մենք կոչ ենք արել Նախագահին ստորագրությունը հետ վերցնել արձանագրություններից: ԱԺ օրակարգից հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու նախաձեռնությունը ողջունելի քայլ է, բայց ոչ բավարար, քանի որ Նախագահի նամակի մեջ ներկայացված հիմնավորումները բավական էին, որ Հայաստանը ստորագրությունները հետ վերցնի արձանագրություններից, այլ ոչ միայն հետ կանչի խորհրդարանից: Ճիշտ ուղղությամբ քայլ լինելով հանդերձ, անհրաժեշտ է գնալ մինչեւ վերջ»,- ընդգծեց Կիրո Մանոյանը:

Կիրո Մանոյան. Նախագահի որոշումը ճիշտ քայլ է ճիշտ ուղղությամբ, բայց ոչ բավարար

(panorama.am) «Նախագահի որոշումն արձանագրություններն ամբողջությամբ վնասազերծելու ուղղությամբ ճիշտ քայլ է, ողջունելի է, բայց ոչ բավարար, որովհետև, տակավին, այդ արձանագրություններն իրավականորեն կենդանի են, Հայաստանի շահերի տեսանկյունից իրենց մեջ պարունակում են վտանգներ: Այսինքն ճիշտ քայլ է ճիշտ ուղղությամբ, բայց անհրաժեշտ է արձանագրությունների տակից հետ վերցնել ստորագրությունները»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին:

Նա նշեց, որ ՀՅԴ-ն հենց սկզբից, երբ արդեն պարզ էր, որ Թուրքիան առանց նախապայմանների Հայաստանի հետ հարաբերությունները հաստատելու պատրաստ չէ, պահանջում էր հետ վերցնել ստորագրություններն՝ այդ քայլով ամբողջությամբ վնասազերծելով այդ արձանագրությունները:

Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին, ըստ Կ. Մանոյանի, գրեթե բոլորի համար էլ արդեն պարզ էր, որ Թուրքիան ի սկզբանե պատրաստ չէր Հայաստանի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել:

«Արևմուտքը սկսել է բաներ ասել, որոնք հակասում են այն ժամանակ իր ասածներին: Արձանագրությունները ստորագրելուց անմիջապես հետո ասում էին, որ ակնկալում են ողջամիտ ժամկետներում արձանագրություններն առանց նախապայմանների կվավերցվեն: Այսօր արդեն և ԱՄՆ-ը, և Եվրամիությունը, սկսել են այլ բան ասել. պարզ է, մինչև ղարաբաղյան հիմնախնդիրը չկարգավորվի, հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի: Արևմուտքը, կարծում եմ, հասկանում է, որ այս պայմաններում անիմաստ է արձանագրություններն այս տեսքով պահել, ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրի կարգավորումից հետո նոր կբանակցեն»,- ասաց Կ. Մանոյանը:

Միաժամանակ նա ընդգծեց. «Ինչ էլ ասի Արևմուտքը, մեղքի բաժին ունի, քանի որ չի կարողացել Թուրքիային պարտադրել առանց նախապայմանների Հայաստանի հետ հարաբերություններ սկսել և շրջափակումը հանել»:

*** *** ***

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՑ ՀԵՏ Է ԿԱՆՉՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին: Հանրապետության Նախագահի նամակում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պարոն Սահակյան,

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացը սկսելիս մենք լիովին պատկերացրել ենք հետագա զարգացումների բոլոր հնարավոր տարբերակները: Մենք պատրաստ էինք ինչպես արձանագրությունների վավերացման միջոցով հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այնպես էլ դրանց ձախողվելու տարբերակներին, քանզի թաքցնելու ոչինչ չունեինք, և միջազգային հանրության համար պարզ էր դառնալու, թե իրականում որ կողմի մեղքով այդպես էլ չբացվեց Եվրոպայի վերջին փակ սահմանը և բաց թողնվեց հնարավորությունը:

Արդեն մոտ վեց տարի է անցել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում:

Սակայն պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները և նախապայմանների շարունակաբար արծարծումը: Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականության և պատմության խմբագրման քաղաքականությունը:

Ժամանակի անսպառ չլինելու մասին խոսել եմ բազմիցս, այդ թվում՝ 2014 թվականի սեպտեմբերին, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից: Ցավում եմ, որ Հայաստանի այդ հորդորը լսելի չեղավ Թուրքիայի ղեկավարության համար:

Ուստի, ես որոշում եմ կայացրել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերյալ»:

Manoyan: Withdrawal of Protocols a Welcome Step, but Not Enough

YEREVAN (ARMENIAN WEEKLY) — Armenian Revolutionary Federation-Dashnaktsutyun (ARF-D) Bureau member Giro Manoyan has called President Serge Sarkisian’s decision to withdraw the Turkey-Armenia accord from the National Assembly a first step to completely neutralize the protocols, however, he stressed that Armenia must take this further. “This is a welcome step, but is not enough. It is necessary to completely neutralize and recall the signatures,” Manoyan told Yerkir.am, adding that there has always been the possibility of withdrawing from the protocols.

According to Manoyan, Sarkisian mentioned the possibility of withdrawing from the accord as early as September 2014, during his speeches at the 5th Armenia-Diaspora Conference and UN General Assembly.

He also noted that the ARF-D demanded the withdrawal of Armenia’s signature from the very beginning, when it was clear that Turkey was not ready to establish relations with Armenia without preconditions.