(armenpress.am) ՀՅԴ Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը անհրաժեշտ է համարում, որ հայությունը սահմանի պահանջները, որոնք դրվելու են Թուրքիայի առջև պատասխանատվության կանչելիս: Այս մասին քաղաքական գործիչը հայտնեց ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից «Աշխարհն առանց ցեղասպանությունների» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:
«Ցեղասպանության դեմ ՄԱԿ-ի 1948 թվականի կոնվենցիան կարևոր քայլ է ցեղասպանությունների կանխարգելման ու մեղավորներին պատասխանատվության կանչելու համար: Դրանում կա ակնարկ պետական պատասխանատվության մասին: Կարծում եմ, սակայն, որ այդ պատասխանատվությունը ճշտելը թողնված լինելով արդարադատության միջազգային դատարանին, և շատ քիչ դեպքերում փաստացի կիրառված լինելով, պատճառ է դարձել, որ ցեղասպանություն գործողները համարձակ շարժվեն: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ անհրաժեշտ է, որ մենք` հայերս, սահմանենք, թե ինչ ենք պահանջում թուրքերից պատասխանատվության կանչելու համար»,-ասաց Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով` այդ նպատակով 2007 թվականից աշխատանք է կատարում Հայոց ցեղասպանության հատուցումների ուսումնասիրության խումբը, որը վերջերս զեկույց է ներկայացրել ու հանդես եկել առաջարկություններով:
«Զեկույցում ներկայացված է 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության հատուցումների հարցի իրավական, պատմական, քաղաքական, բարոյական կողմերին առնչվող համապարփակ մոտեցում: Զեկույցն առաջարկում է անցումային արդարության տեսության հիման վրա հատուցումների փաթեթ, որը պարունակում է հինգ բաղադրիչ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մանոյանը:
Ըստ նրա` քանի որ Հայոց ցեղասպանության դեպքում անմիջական հանցագործներն արդեն ողջ չեն, որպեսզի դատապարտվեն, այդ բաղադրիչը հնարավոր չէ կիրառել: «Երկրորդը` ճանաչում, ներողություն, կրթում և հիշատակում: Այն է` Թուրքիայի կառավարությունն ու մեղսակից ոչ կառավարական միավորումները պետք է պաշտոնապես ճանաչեն ցեղասպանությունը ու ներողություն խնդրեն: Ճանաչման մեջ պետք է հստակ նշեն ցեղասպանության կոնկրետ մանրամասները, թե ով և ինչ է արել ու ովքեր են զոհվել, նշվի ցեղասպանության հետ ժամանակակից Թուրքիայի կապի բնույթը և բացատրվի հայերի նկատմամբ Թուրքիայի պատասխատվությունը»,-ներկայացրեց Կիրո Մանոյանը:
Ըստ հատուցման փաթեթի` Թուրքիան պետք է իր երկրում ու երկրից դուրս իրականացնի լայնածավալ կրթական նախաձեռնություններ, այդ թվում` ցեղասպանության պատմությունը դարձնի Թուրքիայի հանրային կրթական ծրագրերի կարևոր բաղադրիչը: Թուրքիան պետք է հիմնի բազմաթիվ թանգարաններ ու ֆինսավորի ցեղասպանության հիշատակման միջոցառումները ոչ միայն Թուրքիայում, այլև ամբողջ աշխարհում: «Այն տարածքներում, որոնք չեն վերադարձվելու հայերին, վերականգնվեն պատմական հայկական տեղանունները: Երրորդ բաղադրիչը աջակցությունն է հայերին ու Հայաստանին: Թուրքական պետությունը պետք է քաղաքական ու այլ աջակցություն ցուցաբերի հայկական պետությանը և համայն հայությանը նրանց երակաժամկետ կենսունակության ապահովման նպատակով: Բացի նյութական հատուցումների ու վնասաբեր գործողությունների դադարեցումից, ինչպիսին հայ-թուրական սահմանը երկու տասնամյակ փակ պահելն է, Թուրքիան պետք է դրական քայլեր կատարի»,-հնչեցրեց Կիրո Մանոյանը:
Չորրորդ բաղադրիչի համաձայն` Թուրքիան պետք է «առողջանա»: «Բացի ժխտողական գործունեության ամբողջական դադարեցումից ու թուրքաբնակ հայերի ու այլ ազգիների նկատմամբ հարգանքի հաստատումից, թուրքական պետությունն ու հասարակությունը բոլոր ինստիտուներից պետք է արմատախիլ անեն հակահայականության ու ցեղասպանության գաղափարախոսության և պրակտիկայի հետքերը»,-ընդգծեց քաղաքական գործիչը:
Հատուցման փաթեթի հինգերորդ կետով Թուրքիան պետք է իրականացնի գույքի վերադարձ` մահվան ու տառապանքի դիմաց փոխհատուցում տա: «Ցեղասպանության ժամանակ բռնազավթված հողը, շինությունները և այլ անշարժ ու շարժական գույքը պետք է վերադարձվի: Ոչնչացված ու անհասանելի գույքի դիմաց պետք է տրվի փոխհատուցում: Վերադարձված կամ փոխհատուցված գույքի դեպքում պետք է փոխհատուցում տրվի չստացած շահույթի դիմաց: Բացառությամբ այն դեպքերի, երբ անհատ հայերն ունեն կոնկրետ գույքի վերաբերյալ լիակատար փաստաթղթեր, գույքի վերադարձը և բոլոր տեսակի փոխահատուցումը պետք է տրվեն հայերին` որպես խմբի: Այս ռեսուրսների տրամադրումը Հայաստանի պետությանը, աշխարհի ու տեղական ինստիտուտներին պետք է կատարվի արդար գործընթացի միջոցով»-շեշտեց Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով` հատկացվելիք տարածքի որոշման հարցում կարելի է կիրառել զանազան մոտեցումներ` չնայած, որ հատուցման խումբը ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը լավագույն տարբերակն է համարում: «Հայոց ցեղասպանության հատուցման թղթածրարի շուրջ պետք լինի համահայկական համախոհություն, ինչպես Թուրքիայի կողմից կա համախոհություն Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրում: Թուրքիային պատասխանատվության կանչելը կնպաստի նոր ցեղասպանությունների կանխարգելմանը»,-եզրափակեց Կիրո Մանոյանը: